Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 110-ամեակի եզրափակիչ հանդիսութիւնները, որոնք տեղի ունեցան Դեկտեմբերին Երևանում, խորհրդանշական աւարտ ունեցան: Չորեքշաբթի, Դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ-ի Հայաստանի կենտրոնատեղի այցելեցին Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն Հայկ Դեմոյեանն ու «Փիւնիկ» բարեգործական հիմնադրամի պատուոյ նախագահ, բարերար Գաբրիէլ Չեմպէրճեանը, որոնք ՀԲԸՄ-ի Հայաստանի նախագահ Վազգէն Եագուպեանին յանձնեցին երկու պատմական արժէքաւոր փաստաթղթեր:
Առաջին փաստաթուղթը, 22 Մայիս 1906 թուակիր, ՀԲԸՄ-ի Հիմնադիր նախագահ Պօղոս Նուպար Փաշայի ստորագրութիւնը կրող բնօրինակ նամակն է ուղղուած բոլոր ազգակիցներին, որում կոչ է անում Միութեան մասնաճիւղեր հիմնելու իրենց բնակած երկրներում: Երկրորդը, ՀԲԸ Միութեան յայտնի «Հրաւէր Առ Համօրէն Հայս» վերնագրով պատմական նշանակութեան փաստաթղթի տպագիր օրինակն է՝ դրոշմուած ՀԲԸՄ-ի Գահիրէի մասնաճիւղի կնիքով: Այս փաստաթուղթն առաջին անգամ հրապարակուել է 1906թ. Մայիսի 1-ին, որտեղ հրապարակաւ յայտարարւում էր նորաստեղծ Միութեան հիմնադրման, գործունէութեան ու նպատակների մասին:
Միութեան համար արժէքաւոր այս փաստաթղթերը յայտնաբերել է Հայկ Դեմոյեանը, ով Գաբրիէլ Չեմպէրճեանի աջակցութեամբ ձեռք է բերել դրանք և համատեղ որոշումով նուիրել ՀԲԸՄ-ին:
Մենք շնորհակալութիւն ենք յայտնում մեր երկու հայրենակիցներին՝ 110-ամեակի առթիւ այս անգնահատելի նուէրի համար: Փաստաթղթերը խնամքով կը պահուեն մեր հարուստ արխիւի պահոցներում:
ՀԲԸՄ Հայաստան