Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլային խճանկար

«ԲՄԱ Խաբարովսկի» գլխաւոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորեանը աշխատանքի անցել Մախաչկալայի «Անժիում» որպէս գլխաւոր մարզիչ։ Նշենք, որ այս ակումբում հանդէս է գալիս ՀՀ հաւաքականի կիսապաշտպան Կարլէն Մկրտչեանը։

• ՀՀ հաւաքականի յարձակուող Արթուր Սարկիսովը հեռացել է Սարանսկի «Մորդովայից»։

Ընթացիկ մրցաշրջանում ՌԴ-ի առաջին դիւիզիոնում Արթուրի մասնակցել է 20 հանդիպման, խփել է 5 գնդակ։

• Անգլիայի առաջնութեան 20-րդ մրցափուլում «Մանչեսթըր Եունայթըտը» («Մ Եու») հիւրընկալուելիս 2-0 հաշուով յաղթել է «Վեսթ Հեմին, իսկ Հենրիխ Մխիթարեանը դաշտում անցկացրել է 65 րոպէ։

Բրիտանական «The Telegraph»ը հանդիպման լաւագոյն ֆութպոլիստ է ճանաչել Հենրիխին։

«Մ Եու»ն յաղթելով 6-րդ անընդմէջ խաղում, վաստակում է 39 միաւոր եւ գտնւում է 6-րդ տեղում։ Նշենք, որ նախորդ խաղում «Մ Եու» 2-1 հաշուով յաղթել էր «Միդլսբորոյին»։ Անգլիայի առաջնութիւնում աղիւսակը այսպիսի տեսք ունի. «Չելսի»՝ 49, «Լիւերպուլ»՝ 44, «Մանչեսթըր Սիթի»՝ 42, «Տոտենհեմ»՝ 42, «Արսենալ»՝ 41, «Մանչեսթըր Եունայթըտ»՝ 39։

• Աբրահամ Խաշմանեանին է յանձնուել «Armenian media football awards» մրցանակը։

Լրագրողների վարկածով տարուայ լաւագոյն մարզչի մրցանակի կայացմանը նպաստել էն մի շարք լրատուամիջոցների ներկայացուցիչներ։

Նպատակ կայ մրցանակը դարձնել ամէնամեայ։ Նշենք, որ ՀՖԴ-ի քուէարկութիւնում Խաշմանեանին առաջին տեղում նշել են 18 ԶԼՄ-ների ներկայացուցիչներից՝ 17-ը։

• Իսթանպուլի «Պեշիքթաշի» եւ ՀՀ հաւաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայութիւններով հետաքրքրուած են թուրքական «Ադանասպորտը», «Կարապիւկսպորը» եւ «Սիվասպորը»։

Նշւում է, որ Օզբիլիսը ցանկանում է ունենալ խաղային փորձ եւ դէմ չէ այլ ակումբ տեղափոխուելուն։ Յիշենցնենք, որ Օզբիլիսը խաղադաշտ է վերադարձել Դեկտեմբերի 27-ին, երբ «Բոլուսպորի» դէմ գաւաթի խաղակութեան խաղում փոխարինման էր դուրս եկել 60-րդ րոպէին։ Օգոստոսի 20-ից յետոյ նա խաղադաշտ դուրս չէր եկել եւ այս առաջնութիւնում մասնակցել է ընդամէնը մէկ հանդիպման։

• Վանաձորում նախապատրաստական աշխատանքներ են գնում արհեստավարժ ակումբ ստեղծելու ուղղութեամբ, որը կը մասնակցի ՀՀ առաջնութեանը։

 

Եւրոպայի առաջնութեան ընտրական փուլի ՀՀ մինչեւ 19 եւ 17 տարեկանների հաւաքականների մրցակիցները

 

Շուէյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եւրոպայի մինչեւ 19 եւ 17 տարեկանների 2017-18 թթ. առաջնութեան որակաւորման փուլի վիճակահանութիւնը։ ՀՀ մինչեւ 19 տարեկանների հաւաքականն ընդգրկուել է երրորդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կը լինեն Լիւքսեմբուրքի, Շոտլադիայի եւ Չեխիայի ընտրանիները։ Մրցաշարը կ՚անցկացնի Լիւքսեմբուրքում։ Հանդիպումները կը կայանան Նոյեմբերի 8-ին, 11-ին եւ 14-ին։ Ընդհանուր առմամբ 52 երկրների հաւաքականները բաժանուել են 13 խմբերի։ Նրանցից յաջորդ փուլի ուղեգրեր կը նուաճեն խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաւած թիմերը, որոնց կը միանան Իսպանիայի եւ Փորթուգալիայի հաւաքականները։

Այս հանդիպումները կը կայանան գարնանը։ Այստեղ 7 խմբերի յաղթողներին կը միանայ Ֆինլանդիայի հաւաքականը, որտեղ էլ 2018 թ. Յուլիսին տեղի կ՚ունենայ եզրափակիչ մրցաշարը։

ՀՀ մինչեւ 17 տարեկանների հաւաքականն ընդգրկուեց երրորդ խմբում, որտեղ նրանց մրցակիցները կը լինեն Չեխիայի, Թուրքիայի եւ Իսրայէլի հաւաքականները։ Մրցաշարը կ՚անցկացուի Չեխիայում։ Հանդիպումները տեղի կ՚ունենան 2017 թ. Հոկտեմբերի 13-ին, 16-ին եւ 19-ին։

Այստեղ էլ 52 երկրների հաւաքականները բաժանուեցին 13 խմբերի։ Նրանցից յաջորդ փուլի ուղեգիր կը նուաճեն խմբերում առաջին եւ երկրորդ տեղ գրաւած թիմերը, ինչպէս նաեւ առաջին եւ երկրորդ թիմերի հետ խաղերում լաւագոյն արդիւնք ցոյց տուած 4 թիմ, որոնք խմբերում կը զբաղեցնեն երրորդ տեղը։ Այդ թիմերին կը միանան Գերմանիայի եւ Փորթուգալիայի ընտրանիները։ Այստեղ 8 խմբերի յաղթողները եւ 2-րդ տեղ զբաղեցրած 7 թիմերին կը միանայ Անգլիայի հաւաքականը, որտեղ էլ 2018 թ. Մայիսին տեղի կ՚ունենայ եզրափակիչ մրցաշարը։

 

Յայտնի են պասքեթպոլի ՀՀ կանանց մինչեւ 16 եւ 18 տարեկանների հաւաքականների մրցակիցները

 

• Եւրոպայի պասքեթպոլի դաշնութիւնը հրապարակել է 2017 թուականի Եւրոպայի կանանց մինչեւ 16 տարեկանների Գ. դիւիզիոնի առաջնութեան խաղացանկը։

2017 թուականի Յուլիսի 25-ը, 30-ը Ջիպրալթարում կայանալիք առաջնութեանը մասնակցելու են 7 երկրների հաւաքականներ։ ՀՀ հաւաքականը ընդգրկուած է Բ. ենթախմբում, որտեղ մրցելու է Մոնաքոյի, Ուէլսի եւ Ջիպրալթարի հաւաքականների հետ։ ՀՀ պասքեթպոլիստները Յուլիսի 25-ին կը մրցեն Մոնաքոյի ընտրանու հետ։

Մինչեւ 18 տարեկանները աղջիկների հաւաքականը 2017 թ. Եւրոպայի աղջիկների առաջնութիւնում ընդգրկուած է Գ. դիւիզիոնում։ ՀՀ աղջիկների հաւաքականը հանդէս կը գայ Ա. ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կը լինեն Մալթայի, Քոսովոյի, Կիպրոսի եւ Ջիպրալթարի ընտրանիները։ Առաջին հանդիպումը հայ պասքեթպոլիստուհիները կ՚անցկացնեն Յուլիսի 4-ին՝ մրցելով Կիպրոսի ընտրանու հետ։

 

292 միլիոն դրամ՝ լաւագոյն ցուցանիշների հասածներին

 

ՀՀ կառավարութեան նիստում հաւանութեան է արժանացել սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեանը 2016 թուականին 292 միլիոն դրամ յատկացնելու առաջարկը, այն տրամադրուելու է կառավարութեան պահուստային ֆոնտի հաշուից։

Այդ գումարն ուղղուելու է 2016 թուականի օլիմպիական խաղերում, աշխարհի եւ Եւրոպայի առաջնութիւններում, շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում եւ ծանրամարտի 2015 թուականի աշխարհի առաջնութիւնում առաւել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին եւ մարզական կազմակերպութիւններին դրամական մրցանակներ շնորհելուն։

 

ՖԻԴԵ-ի վերջին վարկանիշային աղիւսակը

 

ՖԻԴԵ-ն հրապարակել է Յունուար ամսուայ վարկանիշային աղիւսակը։ Տղամարդկանց աղիւսակի 10 լաւագոյններն են. 1. Մագնուս Կառլսեն՝ 2840, 2. Ֆաբիանօ Կարուանա՝ 2827, 3. Վլադիմիր Կրամնիկ՝ 2811, 4. Ուեսլի Սօ՝ 2808, 5. Մաքսիմ Վաշիէ-Լագրաւ՝ 2796, 6. Վիշի Անանդ՝ 2786, 7. Հիկարու Նակամուրա՝ 2785, 8. Սերգէյ՛Կարյակին՝ 2785, 9. Լեւոն Արոնեան՝ 2780, 10. Անիշ Գիրի՝ 2773։

Լաւագոյն հարիւրակում են նաեւ 64. Սերգէյ Մովսիսեանը՝ 2676, 67. Վլադիմիր Յակոբեանը՝ 2675, 81. Գաբրիէլ Սարգսեանը՝ 2667։ Կանանց աղիւսակը գլխաւորում է Հօու Յիֆանը՝ 2651, Էլինա Դանիէլեանը 35-րդն է (2444), Լիլիթ Մկրտչեանը՝ 40-րդը (2431), Ֆրանսիան ներկայացնող Ալմիրա Սկրիպբչենկոն՝ 48-րդը (2422)։

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ