Հայկական ֆութպոլային խճանկար
• Փետրուարի 9-ին «Ալաշկերտը» Անթալիայում ընկերական հանդիպում կ՚անցկացնի Ուզբեկստանի հաւաքականի հետ։
• ՀՀ հաւաքականի յարձակուող Արթուր Սարկիսովը տեղափոխուել է ռուսական «Ենիսէյ» ակումբ եւ ղազախական թիմի հետ ընկերական խաղում դարձել է մէկ կոլի եւ կոլային փոխանցման հեղինակ։ Նա կոլի հեղինակ է դարձել նաեւ յաջորդ խաղում։
• ՀՀ հաւաքականի եւ Մարսէլի «Օլիմփիկի» պաշտպան Գաէլ Անդոնեանը տեղափոխուել է յունական «Վերիան» ակումբ։
• Յունական «Քսանթիի» շարքերն է համալրել ՀՀ հաւաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին։ Նշենք, որ «Քսանթին» Յունաստանի առաջնութեան աղիւսակում կիսում է 2-3-րդ տեղերը։
• «Փիւնիկի» եւ ՀՀ ազգային հաւաքականի պաշտպան Կամօ Յովհաննիսեանը տեղափոխուել է պելառուսական «Տորպեդօ Բելազ»։
• ՀՀ հաւաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանեանը տեղափոխուել է ռուսական Տուլայի «Արսենալ» թիմ, որն այժմ Թուրքիայում ուսումնամարզական հաւաքի մէջ է։
• Լաթվիայի Ելգաւա քաղաքում աւարտուել է ֆուտզալի Եւրոպայի 2018 թ. առաջնութեան որակաւորման Գ. խմբի առաջնութիւնը, որին մասնակցում էր նաեւ ՀՀ ֆուտզալի հաւաքականը։ Հայ ֆութպոլիստները մեկնարկային խաղում 5-3 հաշուով յաղթել են Գերմանիայի, իսկ յաջորդում 5-1 հաշուով Էսթոնիայի հաւաքականներին։
Վերջին խաղում ՀՀ հաւաքականը 1-4 հաշուով զիջեց Լաթվիայի հաւաքականին եւ խմբում գրաւեց 2-րդ տեղը ու դուրս մնաց յետագայ պայքարից։
• Հենրիխ Մխիթարեանի «Մաչեսթըր Եունայթըտը» Անգլիայի լիկայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում հիւրընկալուելիս 1-2 հաշուով զիջեց «Հալ Սիթիին»։ Առաջին խաղն աւարտուել էր «Մաչեսթըր Եունայթըտի» յաղթանակով 2-0 հաշուով։ Եզրափակիչում «Մ.Յու»ը կը հանդիպի «Սաութհեմփթոնի» հետ, որը կիսաեզրափակիչում յաղթահարեց «Լիվերպուլի» արգելքը։
Նշենք, որ Հենրիխ Մխիթարեանը վերջին խաղին չմասնակցեց։
Անգլիայի գաւաթի 1/16-րդ եզրափակիչում «Մ. Եու»ը իր դաշտում 4-0 հաշուով յաղթեց «Ուիգան Աթլետիկին» եւ դուրս եկաւ յաջորդ փուլ։ Մխիթարեանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը եւ դարձաւ կոլի հեղինակ։
• Երեւանի «Բանանցը» Յունուարի 27-ից Փետրուարի 5-ը ՌԴ-ի Նովոռոսիյսկ քաղաքում կ՚անցկացնի երկու ընկերական հանդիպում։ Յունուարի 28-ին «Բանանցը» 1-3 հաշուով զիջեց տեղի «Չերնոմորեցին», իսկ Փետրուարի 4-ին կը հանդիպի Տամբովի «Տամբով» թիմի հետ։
• Հայկական թիմերը Հայաստանում միմեանց հետ ընկերական հանդիպումներ են անցկացնում։
• Երեւանի «Արարատը» ստուգողական խաղում 4-0 հաշուով յաղթել է «Ալաշկերտ-2»ին։ «Փիւնիկը» 2-1 հաշուով յաղթել է «Արարատին»։ Աւանի ֆութպոլի ակադեմիայում «Գանձասար Կապանն» ու «Ալաշկերտը» 1-1 խաղացին։ Նոյն տեղում «Գանձասար Կապանը» 2-2 հաշուով դարձեալ ոչ-ոքի է խաղացել Գիւմրիի «Շիրակի» հետ։
Հայկական մարզական խճանկար
• Փարիզում աւարտուած յունահռոմէական ոճի ըմբշամարտի մրցաշարում Կարէն Ասլանեանը (66 քկ.), Կարապետ Չալեանը (75 քկ.) եւ Մաքսիմ Մանուկեանը (85 քկ.) եզրափակիչում յաղթելով իրենց մրցակիցներին նուաճել են ոսկէ մետալներ, իսկ Ռաֆայէլ Ալեքսանեանը (71 քկ.) պրոնզէ մետալի համար պայքարում յաղթել է իր մրցակցին։ Արթուր Ալեքսանեանը (98 քկ.) մրսածութեան պատճառաւ չի մասնակցել։
• Չեխիայի Օստրավա քաղաքում աւարտուած գեղասահքի Եւրոպայի առաջնութիւնում հայաստանցի Անաստասիա Գալուստեանը 24 մասնակիցների պայքարում 155.14 միաւորով պայքարն աւարտեց 12-րդ տեղում։
Նշենք, որ դրանից առաջ Գալուստեանը 3-րդ տեղն էր գրաւել Լեհաստանում անցկացուած Mentor Cup-2017-ում։ Եւրոպայի առաջնութիւնում ախոյեան հռչակուեց ՌԴ-ն ներկայացնող Եւգենյա Մեդվեդեւա-Բաբասեանը ով 229.71 միաւորով նոր համաշխարհային մրցանիշ սահմանեց եւ 2-րդ անգամ հռչակուեց Եւրոպայի ախոյեան։ Այս առաջնութիւնում ՀՀ-ն ներկայացնող Սլավիկ Հայրապետեանը զբաղեցրել է 21-րդ տեղը, իսկ Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետեան-Սիմոն Սենեկալ պարային զոյգը՝ 19-րդ տեղը։
Շախմատային խճանկար
• ՀՀ արագ շախմատի 2017-ի ախոյեան դարձաւ Տիգրան Լ. Պետրոսեանը, ով 8 հնարաւորից վաստակեց 7 միաւոր, 2-րդը Ռոբերտ Յովհաննիսեանն էր, 3-րդը՝ Գէորգ Ալավերդեանը։
• Հոլանդիայի Վէյկ ան Զեէ քաղաքում աւարտուեց Tata Steel Chess գերմրցաշարը։ 11-րդ մրցափուլում Լեւոն Արոնեանը ոչ-ոքի խաղաց լեհ Ռադոսլաւ Վոյտաշեկի հետ, իսկ 12-րդում յաղթեց յետնապահ Լյուկ Վան Վելիին։ Վերջին մրցափուլում Լեւոնի մրցակիցն էր ՌԴ-ի ներկայացուցիչ Տմիթրի Անդրէյկինը։ Լեւոնը պարտուեց եւ 7.5-ական միաւորով բաժանեց 3-5-րդ տեղերը։ Մրցաշարի յաղթող դարձաւ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն՝ 9 միաւորով։
• Իրանի Ռաշտ քաղաքում աւարտուեց «Խազարի գաւաթ-2017» մրցաշարը, որտեղ Գաբրիէլ Սարգսեանը 9 հնարաւորից վաստակեց 7 միաւոր եւ բաժանեց 1-3-րդ տեղերը։ Յաղթող ճանաչուեց Ֆերենց Բերկեշը, Խազարի Գաբրիէլը 2-րդն էր։
Հայկական պասքեթպոլ
Armsport.am-ը հիւրընկալել էր ՀՀ պասքեթպոլի դաշնութեան փոխնախագահ «Ուրարտուի» նախագահ Արա Պօղոսեանին։
Հարցազրոյցը ներկայացնում ենք որոշ կրճատումներով։
– Պարոն Պօղոսեան.- Ինչպիսի՞ է յետհայեացքը 2016-ին։
– Ընդհանուր առմամբ, շատ լաւ։ Ոչ միայն արդիւնքների, այլ երկրում պասքեթպոլի շարժ սկսելու առումով 2016-ը լի էր իրադարձութիւններով։ 4 հաւաքականներ մասնակցեցին Եւրոպայի առաջնութիւններին, «Ուրարտու» ակումբը ստեղծուեց. ճիշդ է դա լաւ աւարտ չունեցաւ, սակայն փորձ էր։
– Մի շարք մարզաձեւերի դաշնութիւններ բախւում են ֆինանսական խնդիրների, ինչպէ՞ս էք այն լուծում։
– Պետամաւարկից ստացուող 18 միլիոն դրամն ուղղւում է տեղում պասքեթպոլի զարգացմանը՝ պատանեկան առաջնութիւններն են կազմակերպւում, գործուղումներ են արւում։ Իսկ ահա հաւաքականներին առնչուող ծախսերի համար գրեթէ ողջ գումարները ստանում ենք ՀԱՕԿ-ի կողմից։ Ունենք բազմաթիւ խոստումներ, սակայն այժմ չունենք հովանաւորողներ։ Պէտք է ամէն կերպ նոր հովանաւորներ, բարեգործներ գտնել, որ շարժը շարունակուի։
Ուրախ ենք, որ հանրային հեռուստաընկերութեամբ հեռարձակուել են ազգային հաւաքականի եւ «Ուրարտուի» հանդիպումները։ Դրանից յետոյ սփիւռքում մեծ շարժ է սկսուել, շատերն են հարցնում, թէ ինչով օգնեն։ Հարկ է նշել, որ օգնութիւնը միայն ֆինանսական չէ, կան կազմակերպչական մի շարք կարեւոր հարցեր։
– Ի՞նչ կ՚ասէք հաւաքականների մասին։
– Ազգային հաւաքականի մրցակիցները շատ հզօր են։ Պոսնիան 2-3 խաղացող ունի, ովքեր հանդէս են գալիս NBA-ում, Շուէդիան 1 մասնակից ունի։ Սլովակիան փորձառու կազմ ունի։ Մեզ համար բարդ է լինելու։ Պէտք է մեր առաւելագոյն ուժեղ կազմով ներկայանանք։
20 տարեկանների ընտրանին կարող է հաւասար պայքար մղել եւրոպական ցանկացած հաւաքականի հետ։ Լաւ մարտունակ թիմ ունենք։ Այս հաւաքականի խաղացողների ճնշող մեծամասնութիւնը խաղում է ԱՄՆ-ում։
– Խօսենք «Ուրարտուի» մասին։
– Մենք շատ սխալներ արեցինք, նաեւ անձամբ ես։ Մենք միշտ ռոմանտիկ ճանապարհ ենք ընտրում։ Գիտէք, եթէ ռոմանտիկ չլինէինք, այսքան բանի հասած չէինք լինի։
3 տարի առաջ, որ ասէին Հայաստանի հաւաքականը կը յաղթի Եւրոպայի փոքր երկրների առաջնութիւնում, աղջիկները՝ Գ. դիւիզիոնում, «Ուրարտու» թիմ կը լինի, մարդիկ հեռուստատեսութեամբ պասքեթպոլ կը նայեն, ես չէի հաւատում։ Ռոմանտիկ շարժ էր, համախոհներով հաւաքուեցինք, ՀԱՕԿ-ը մեզ օգնեց, արեցինք։ Մրցաշարը սխալ էինք ընտրել։ ՌԴ-ի դաշնութեան կողմից ոչ մի օգնութիւն, խորհուրդ, փոխզիջում չենք ստացել։ Խաղից 5 րոպէ առաջ, կանոնադրութեան կէտ են յիշում, զանգահարում եւ մի շարք արգելքներ էին ներկայացնում։ Մենք կողմ ենք օրէնքները պահպանելուն եւ դրանց հետեւելուն, սակայն եթէ «Ուրարտուն» որեւէ հարցում թերացել էր, ապա նրանք պարտաւոր էին գրաւոր տեղեկացնել, այլ ոչ թէ խաղից 5 րոպէ առաջ զանգահարել եւ ասել, որ այս կամ այն խաղացողը դեռ իրաւունք չունի հանդէս գայ Սուպերլիկայում…։
Պայմանաւորուածութիւն կար, որ ռուսական անձնագրով պասքեթպոլիստները լեգիոներներ չէին համարուի, քանի որ բնական է ՌԴ-ի առաջնութեան մասին է խօսքը։ Մրցաշարի մեկնարկից 1 շաբաթ առաջ ասացին, որ այլ բան են որոշել եւ լեգիոներների խնդիր է լինելու։ Այնուհետեւ փաստաթղթերի մի շարք խնդիրներ առաջացին։ Սուրէն Տէր Պօղոսեանը, Վիքթոր Յովսէփեանը եւ Կոնստանտին Միրզոյեանցն այդպէս էլ չկարողացան մասնակցել առաջնութեանը եւ մեր կենտրոնականը հանդէս եկաւ գրեթէ առանց փոխարինման։ Ամէն դէպքում այժմ էլ եմ ասում, որ մենք ուժեղ թիմ ենք ունեցել։ Այդպիսի իրավիճակ էր արդէն 3 ամիս։ Մեզ թոյլ չէին տալիս յաղթել։ Այս ամէնը կուտակուեց։ Ասում էին, որ տոմսերը դուք գնէք, որ թիմերը գան Երեւան։ Ես թիմերի նախագահների հետ խօսել եմ, այդպէս էլ չհասկացանք, թէ ով է ասել, որ մենք գնենք տոմսերը։ Առանձին թեմա էր դարձել մրցավարութիւնը, որովհետեւ եւս մեզ ճնշում էին…։
Պատրաստ չէինք այդ ամէնին, մեզ յաղթել թոյլ չէին տայ։ Սուպերլիկա-1-ից դուրս գալու դիմում եմ գրել իմ որոշմամբ։
– «Ուրարտուին» յետագան ի՞նչ է լինելու։
– Յոյս ունենք Ապրիլին Երեւանում մրցաշար անցկացնել, որին «Ուրարտուն» կը մասնակցի։ Ցանկանում ենք միւս տարի ինչ որ լիգայում մասնակցել յստակ դնելով մեր հարցերը։
Հնարաւոր է Պալթիկ լիկայում հանդէս գանք, դարձեալ դիտարկում ենք ՌԴ-ի տարբերակը։ Այս փորձը պէտք է պահպանենք, «Ուրարտուն» ողջ է։
– Ներկայացրէք 2017 թուականի սպասուելիք իրադարձութիւնները։
– 16 եւ 18 տարեկանների աղջիկների եւ տղաների հաւաքականները կը մասնակցեն Եւրոպայի Գ. դիւիզիոնի առաջնութիւններին։ 20 տարեկանների թիմը հանդէս կը գայ Բ. դիւիզիոնում։
Թոյլ թիմեր այդ առաջնութիւնում չկան։ Յոյս ունենք, որ բոլոր թիմերն էլ կը յաղթեն իրենց դիւիզիոններում։ Մենք դիմել ենք հայազգի մարզիչ՝ Ռեքս Կալամեանին, ով «Թորոնթօ Ռեփթորսի» գլխաւոր մարզչի օգնականն է. նա NBA-ում պաշտպանութեան լաւագոյն մասնագէտներից է։ Իրենից համաձայնութիւն ենք ստացել, որպէսզի մարզի մեր հաւաքականը, սակայն միայն իրենից կախուած չէ, պէտք է «Թորոնթոյի» հետ հարցերը յստակացնի։ Օրեր անց ամէն ինչ պարզ կը լինի։ Մինչեւ 20 տարեկանների հաւաքականի հետ մեծ յոյսեր ենք կապում։