Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Հայաստան 40 թոննա մարդասիրական օգնութիւն է ուղարկել Սիրիա

PanARMENIAN.Net – ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ՝ Հայաստանից Փետրուարի 14-ին 40 թոննա մարդասիրական օգնութիւն է ուղարկուել Սիրիա: Սա երկրորդ անգամ է, որ ՀՀ նախագահի յանձնարարութեամբ՝ Հայաստանը, համագործակցելով Ռուսաստանի Դաշնութեան հետ, կազմակերպում է մարդասիրական օգնութեան առաքումը Սիրիա, Սիրիայի բարեկամ ժողովրդին: Այդ մասին յայտարարել է ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը լրագրողների հետ զրոյցում:

Նա նշել է, որ ՀԱՊԿ շրջանակներում եղել է ռուս գործընկերների առաջարկը՝ համատեղել ջանքերն ու միասին օգնութիւն տրամադրել՝ ՀԱՊԿ այլ երկրների մասնակցութեամբ։

«Հայաստանն, արձագանգելով այս առաջարկին, նախաձեռնեց այս մարդասիրական օգնութեան առաքումը», նշել է Սարգսեանը։

Պաշտպանութեան նախարարի խօսքով՝ մարդասիրական օգնութեան մէջ պարէնային իրեր են և սննդամթերք: «Մենք շնորհակալ ենք ռուսական կողմին, որ տրամադրելով բեռնատար օդանաւեր՝ հնարաւոր է դարձնում այս օգնութեան առաքումը։ Մենք կարևորում ենք սա, որովհետև Հայաստանը բազմիցս զգացել է միջազգային մարդասիրական օգնութեան, աջակցութեան կարևորութիւնը», ընդգծել է Վիգէն Սարգսեանը։

Նրա դիտարկմամբ՝ բարեկամ Սիրիայի ժողովդրի պարագայում սա առաւել կարևոր է՝ հաշուի առնելով, որ մէկ դար առաջ Սիրիայի ժողովուրդն է եղել, որ հայ ժողովրդին բաժին հասած ամենածանր արհաւիրքի պահին բացել է իր դռներն ու հիւրընկալել հայերին։

ՀՀ պաշտպանական գերատեսչութեան ղեկավարը յոյս է յայտնել, որ օր առաջ Սիրիայում խաղաղութիւն կը հաստատուի ու մարդիկ կը կարողանան վերադառնալ բնականոն կեանքին: «Բայց, մինչ այդ, մենք մեր ուժերի ներածին չափով շարունակելու ենք օգնել Սիրիայի ժողովրդին», ասաց նա։

Վիգէն Սարգսեանի խօսքով՝ օգնութիւնը հաւասարաչափ առաքուելու է բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: «Օգնութիւնը 40 թոննա է, որն իջնելու է անմիջապէս Սիրիա, Լաթաքիա։ Ես կարծում եմ, որ մարդասիրական օգնութիւնը ազգութիւն չի հարցնում ու այս բեռը հաւասարաչափ կը բաժանուի նրանց, ովքեր դրա կարիքն ունեն», յաւելել է նա։

2016-ի Հոկտեմբերի 4-ին ու 5-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարարութեամբ Հայաստանից մարդասիրական օգնութիւն էր ուղարկուել Սիրիա: 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ