Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

ՀՀ Սփիւռքի Նախարարութիւն. «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում»

Փետրուարի 20-ին Մայրենիի օրուան նուիրուած միջոցառումների շրջանակում մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան, ՀՀ ԳԱԱ Հ.Աճառեանի անուան լեզուի ինստիտուտի նախաձեռնութեամբ և ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ համալսարանի աջակցութեամբ իրականացուող «Հայոց լեզուն դպրոցական դասագրքերում» կլոր–սեղան քննարկումը, որին մասնակցում էին անուանի գիտնականներ, լեզուաբաններ, մտաւորականներ:

Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ սփիւռքի նախարար  Հրանուշ Յակոբեանը, կարևորելով լեզուի խնդիրների համակողմանի ուսումնասիրումն ու պահպանումը:

ՀՀ կրթութեան նախարար  Լևոն Մկրտչեանը ողջունեց դասագրքերի լեզուին նուիրուած կլոր սեղան քննարկում կազմակերպելու նախաձեռնութիւնը և շեշտեց, որ լեզուի խնդիրները  կարիք ունեն լուրջ գիտական հետազօտութեան:

Տեսաուղերձով քննարկման մասնակիցներին դիմեցին սփիւռքահայ անուանի գործիչներ Անուշ Նագգաշեանը, Յակոբ Պալեանը, Հիլտա Գալֆայեանը, Երուանդ Զօրեանը, Արտա Պօյնէրեան-Ճեպեճեանը, ովքեր խօսեցին լեզուի նշանակութեան և նրա` որպէս ռազմավարական գործիքի վտանգուածութեան խնդիրների, լուծման ուղիների վերաբերեալ և իրենց մտահոգութիւնը յայտնեցին:

Կլոր սեղան քննարկման մասնակիցները հանդէս եկան ուշագրաւ զեկուցումներով և առաջարկութիւններ ներկայացրին արդի լեզուամշակութային խնդիրների և դպրոցում հայոց լեզուի ուսուցման եղանակների, դպրոցական դասագրքերի լեզուի՝ իբրև լեզուական համակողմանի ունակութիւնների ու կարողութիւնների, գրական լեզուի անկաշկանդ ու արտայայտիչ կիրառելու հմտութիւնների ձևաւորման միջոցի, նաև՝ առկայ խնդիրների լուծմանն ուղղված գործողութիւնների ծրագրի վերաբերեալ:

Քննարկման մասնակիցների համար մայրենիին նուիրուած ասմունքով ու երգով հանդէս եկան Երևանի բժշկական համալսարանի հնդիկ, արաբ, պարսիկ, ինչպես նաև՝ սփիւռքահայ երիտասարդները:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ