Չորեքշաբթի, Ապրիլ 17, 2024

Շաբաթաթերթ

Նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրութիւններին

Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրութիւնների առաջին քայլը՝ պատրիարքական տեղապահի ընտրութիւնները կայացել են Մարտի 15-ին։ Տեղապահ է ընտրուել Գերաշնորհ Տ. Գարեգին Արքեպիսկոպոս Պէքճեանը։ Սակայն Իսթանպուլի նահանգապետարանը միջամտել է Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրութիւնների գործընթացին՝ տեղապահի ընտրութիւնները համարելով «իրաւականօրէն» անընդունելի։ Նահանգապետարանի միջամտութեան առնչութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել ընտրուած տեղապահ Պէքճեանը։

Պատրիարքական տեղապահի թեկնածուներն էին Պատրիարքի գլխաւոր փոխանորդ Արամ Արք. Աթէշեանը, Սահակ Եպս. Մաշալեանը և գերմանահայոց հոգևոր առաջնորդ Գարեգին Արք.  Պէքճեանը։ Սակայն ընտրութիւններից առաջ արած յայտարարութեան մէջ Մաշալեանը նշել էր, որ հրաժարւում է իր թեկնածութիւնից և ընտրութիւններում սատարում է Պէքճեանին։ Նախատեսւում էր, որ ընտրութիւններից յետոյ Աթէշեանը հրաժարուելու էր պատրիարքական գլխաւոր փոխանորդի պաշտօնից։ 

Նահանգապետարանը միջամտել է ընտրութիւններին

Իսթանպուլի նահանգապետարանը միջամտել է պատրիարքական ընտրութիւնների գործընթացին։ Նահանգապետի տեղակալը գրութիւն է ուղարկել Պոլսոյ հայոց պատրիարքարան, որում նշել է, որ պատրիարքական ընտրութիւնները «իրաւականօրէն» չեն կարող իրականացուել։

Պատրիարքական տեղապահի ընտրութիւններում ձայների մեծամասնութեամբ տեղապահ է ընտրուել Գարեգին Արք. Պէքճեանը։ Ընտրութիւնների արդիւնքները յայտարարելուց յետոյ Արամ Արք. Աթէշեանը լրատուամիջոցների ներկայացուցիչներին և ներկաներին բաժանել է Իսթանպուլի նահանգապետարանից ստացուած գրութիւնը, որում նշւում է, որ պատրիարքական ընտրութիւններ իրականացնելը իրաւականօրէն անհնար է։ 

Պէքճեան. «Այց է կատարուելու նահանգապետարան»

Իսթանպուլի նահանգապետարանից կատարուած միջամտութեան առնչութեամբ յայտարարութեամբ է հանդէս եկել ընտրուած տեղապահ Գարեգին Արք. Պէքճեանը։ Նա նշել է, որ պատրիարքարանից մի խումբ՝ այդ թւում Արամ Աթէշեանն ու Սահակ Մաշալեանը, այցելելու են Իսթանպուլի նահանգապետարան։ «Ես նահանգապետարան չեմ գնալու։ Այցի ընթացքում մերոնք պատրիարքական տեղապահի ընտրութիւնների տրամաբանութիւնն են բացատրելու։ Այնուհետև յայտարարութիւն է արուելու։ Սա մի քանի օր է տևելու, և ես այդ ընթացքում այստեղ եմ լինելու», նշել է Պէքճեան Սրբազանը։

Hetq.am 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ