Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւնները և դաշինքները տարբեր տեսակէտներ ունեն արտագաղթի պատճառների մասին և առաջարկում են իրենց լուծումները:
Օհանեան–Ռաֆֆի–Օսկանեան դաշինքի ծրագրում գրուած է, որ արտագաղթը ՀՀ ազգային անվտանգութեան առաջնային սպառնալիքներից մէկն է:
Մի կողմից մեր ազգը ծերանում է, իսկ միւս կողմից երկրի երիտասարդ, աշխատունակ զանգուածն արտագաղթում է: Արտագաղթը սպառնում է մեր պետութեան ազգային անվտանգութեանը:
Արտագաղթը կանգնեցնելու եւ այն ներգաղթով փոխարինելու համար դաշինքն առաջարկում է իրականացնել նոր տնտեսական քաղաքականութիւն, օտարերկրեայ եւ տեղական ներդրումներով ստեղծել նոր աշխատատեղեր, երիտասարդ ընտանիքների աջակցութեան համար իրականացնել համալիր ծրագրեր, խթանել ծնելիութիւնը, ձևաւորել մայրական կապիտալի հիմնադրամ և այլ միջոցառումներ:
ՀՅԴ-ում նշում են պետութիւնը և քաղաքացին փոխադարձ պատասխանատուութիւն չեն զգում միմեանց հանդէպ: «Չզգալով պետութեան պատասխանատուութիւնը քաղաքացու հանդէպ, քաղաքացին դադարում է պատասխանատուութիւն զգալ պետութեան ու երկրի հանդէպ: Արդիւնքը վիթխարի ծաւալների հասնող արտագաղթն է, երբ հայ մարդը, չզգալով սեփական հայրենիքի հոգածութիւնը, իր ապագան փորձում է կապել այլ երկրների հետ:
Արտագաղթը կանխելու նպատակով՝ ստեղծել հնարաւորութիւններ, որ հայոց բանակում ծառայած, իր կեանքը յանուն անկախութեան ու ժողովրդի բարօրութեանը վտանգած իւրաքանչիւր երիտասարդ կարողանայ հոգալ իր բնակարանային ապահովուածութեան ու աշխատանքի կարիքները», նշուած է Դաշնակցութեան ծրագրում:
Հայկական Վերածնունդ կուսակցութեան 30 կէտերում արտագաղթի մասին չի խօսւում, սակայն անդրադարձ կայ ծնելիութեան խթանմանը: Ծրագրում խօսւում է նաև Հայաստան-Սփիւռք-Արցախ եռամիասնութեան ամրապնդման մասին:
ՀՀԿ-ն իր ծրագրի առաջին գլխում, որը վերաբերում է 25-ամեայ անկախութեան շրջանին, նշուած է, որ բազմաթիւ մարդիկ հիասթափութիւնից արտագաղթել են: «Այս տարիների ընթացքում հասել ենք բազմաթիւ յաջողութիւնների, բայց նաև ունեցել ենք բացթողումներ ու դեռևս ունենք չլուծուած խնդիրներ: Շատերի մօտ կուտակուել է հիասթափութեան, անվստահութեան, անարդարութեան և զայրոյթի զգացում: Բազմաթիւ մարդիկ արտագաղթել են, լքել իրենց տունը, որպէսզի աւելի լաւ կենսապայմաններ ապահովեն իրենց ընտանիքների համար: Այս ամէնը նշանակում է, որ մենք դեռևս չենք կառուցել մեր երազած երկիրը»,- նշուած է ծրագրում:
Ազատ Դեմոկրատներ կուսակցութիւնում արտագաղթի կանգնեցման գլխաւոր պայման են համարում տնտեսական կայուն աճի ապահովումը: Ծրագրում արտագաղթին նպաստող գործօններ են համարում մասնագիտական դիսկրիմինացիան, բուհերում պետպատուէրի սխալ համակարգը, դրամի փոխարժէքի արհեստական կարգաւորումը:
ԱԴԿ ծրագրում նշուած է, որ պետութիւնը պետական ոլորտի ֆինանսական մասնագէտներին վճարում է 6 անգամ աւելի, քան միւս ոլորտների մասնագէտներին։ Սա ապահաւասարակշռում է աշխատանքային շուկան, յանգեցնում կրթական ռեսուրսների փոշիացմանը, նպաստում արտագաղթին։
Ներկայումս բարձրագոյն կրթութեան ոլորտում պետական պատուէրը կանոնակարգուած չլինելու արդիւնքում շրջանաւարտների զգալի մասը կրթութեան վկայականը ստանալուց յետոյ արտագաղթում է։ Դրանով իսկ պետութիւնը՝ պետպատուէրի միջոցով, հանրային աղբիւրներ օգտագործող հիմնադրամները պարզապէս ֆինանսաւորում են արտագաղթը։ Յետայսու պետական պատուէրը կ՚իրականացուի սիմւոլիկ տոկոսադրոյքով վարկերի միջոցով։ Շահառուն (ուսանողը) ըստ այդմ պարտաւորուած կը լինի ուսման աւարտից յետոյ առնուազն 10 տարի աշխատել ՀՀ-ում։ Նա կարող է արտագաղթել, նախօրօք փոխհատուցելով իր վրայ կատարած հանրային ծախսերը։
Գնաճի հսկողութեամբ պայմանաւորուած դրամի զանգուածի արհեստական կարգաւորման արդիւնքում ազգային արժոյթը յարաբերականօրէն արժևորւում է, տոլարային գները թանկանում են, ներդրումների ներհոսքը դադարում է, բնակչութիւնն արտագաղթում է։
Ծառուկեան դաշինքը խոստանում է վերադարձողներին հողատարածք տրամադրել:
«Հանրապետութիւնից արտագաղթած և իրենց տները կորցրած մեր հայրենակիցներին, վերադառնալու դէպքում, անվճար տրամադրել հողատարածք՝ բնակելի տներ կառուցելու համար։ Անհրաժեշտութեան դէպքում տրամադրել նաև մատչելի վարկեր»,- նշուած է դաշինքի ծրագրում։
Կոնգրէս–ՀԺԿ դաշինքն արտագաղթի առանցքային պատճառ է համարում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորուած չլինելը: Դաշինքի ծրագրում գրուած է, որ խաղաղութեան հաստատումը հնարաւոր կը դարձնի Հայաստանի մասնակցութիւնը տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերում, կը նպաստի ներդրումների ներգրաւմանը, տնտեսական վերելքին, տասնեակ հազարաւոր աշխատատեղերի ստեղծմանը, կենսաթոշակների եւ աշխատավարձերի շեշտակի աճին: Այս ամէնը ոչ միայն կը դադարեցնի արտագաղթը, այլեւ պայմաններ կը ստեղծի երկիրը լքած մեր համաքաղաքացիների զանգուածային վերադարձի համար:
ԵԼՔ դաշինքն իրատեսական է համարում երկրի բնակչութեան կրկնապատկումը: «Հայաստանի բնակչութեան թիւը հնարաւորինս կարճ ժամկէտում կրկնապատկելու միջոցը Մեծ հայրենադարձութիւնն է. անհրաժեշտ է Հայաստանը դարձնել բոլոր հայերի երկիր, այնպէս, որ աշխարհի ցանկացած կէտում գտնուող հայ իրեն նոյնականացնի հայկական պետականութեան հետ և այն դիտարկի եթէ ոչ իր, առնուազն իր սերունդների պոտենցիալ բնակավայր»:
Lragir.am