Քառասնորդական պահքի ճանապարհորդների համար հոգևոր ուրախութեան օր է Միջինքը: Այն Հայոց Տօնացոյցի համաձայն տեղի է ունենում Աղուհացի շրջանի 24-րդ օրը, որով կիսւում է Մեծ Պահքը: Այդ առթիւ յատուկ եկեղեցական արարողութիւններ չկան, բայց Հոլիվուտի Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցում այն աւանդաբար նշւում է մեծ շուքով:
Ուշագրաւ է, որ անցնող տարուայ Նոյեմբերի 6-ից եկեղեցում դադարեցուել են հոգևոր արարողութիւնները և մեկնարկել է երկա՜ր սպասուած սրբազան վերաշինութիւնը։ Չունենալով եկեղեցական պայմաններ և հաւատարիմ ձևաւորուած սովորոյթին՝ Չորեքշաբթի, Մարտի 22-ին, երեկոյեան ժամը 6։30-ին, ծխական անդամները կարօտով, սիրով և ուրախութեամբ հաւաքուել էին եկեղեցու «Տաղլեան» մշակութային կենտրոնում, ուր իւրայատուկ հոգեպարար մթնոլորտում տեղի ունեցան Հանգստեան ու Խաղաղական ժամերգութիւններ։ Մթնշաղին կատարուող հսկման ընթացքում ներկաներն ունեցան ինքնաքննութեան և խոկալու հրաշալի առիթ։ Շուրջ 250 հաւատացեալների շուրթերից սրտաբուխ աղօթք էր բարձացւում նաև եկեղեցու ապահով ու շուտափոյթ վերակառուցման, նուիրատուների, սպասաւորների, շինարարների և Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցու Մեծ Ընտանիքի անսասանութեան համար։
Ժամասացութեան աւարտին, առաքելական սովորութեան համաձայն, ներկաները ճաշակեցին սիրոյ ընթրիք: Եկեղեցու պաշտօնէութիւնը պատրաստել էր գեղեցիկ անակնկալ՝ երեկոն համեմելով գեղարուեստական յայտագրով:
Հանդիսութեան սկզբում իր օրհնութեան խօսքն ասաց եկեղեցու հովիւ, արժանապատիւ Տ. Մանուկ աւագ քահանայ Մարգարեանը, ապա համայնքի տաղանդաւոր մտաւորականներից Յարութիւն Ֆոդուլեանը օրը համեմեց չարենցեան շնչով ու ոգով։ Իր ազգային ու աշուղական կատարումներով ներկաներին խանդավառեց «Ժողովրդական երգիչ» նախագծի մասնակիցներից Սուրէն Աւոյեանը:
Նմանօրինակ հոգեմտաւոր ձեռնարկները՝ լի մշակութային ու անանց արժէքներով, ուժ են հաղորդում Մեծ Պահքի հաւատաւոր ուխտաւորներին՝ դառնալով դեղ ու դարման հայրենակարօտ ու աստուածասէր սրտերի համար:
Վերջում հովուի «Պահպանիչ» աղօթքով ու ջերմ բարեմաղթանքներով ներկաները մեկնեցին՝ իրենց հետ տանելով սէր եւ օրհնութիւն։
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍՐԿ. ԳՈՒՄՐՈՒԵԱՆ