1. Արդեօ՞ք արտերկրում գտնուող ՀՀ քաղաքացիները կարող են քուէարկել:
Հիմնականում ոչ: Կարող են քուէարկել միմիայն արտերկրում գտնուող դիւանագէտները, զինուորականները ու տեղական կազմակերպութիւնների արտերկրեայ մասնաճիւղերի աշխատողները: Այլ քաղաքացիները՝ ոչ:
2. Ընտրողը կարո՞ղ է քուէարկել ոչ այն համայնքում, ուր հաշուառուած է:
Այո, եթէ քաղաքացին քուէարկութեան օրը գտնուելու է այլ համայնքում, ապա կարող է ոչ ուշ, քան Մարտի 23-ը դիմում ներկայացնել Ոստիկանութեան անձնագրային բաժին: Դիմումը պէտք է ներկայացնել կամ հաշուառման վայրի, կամ էլ քուէարկութեան օրը գտնուելու վայրի անձնագրային բաժին:
3. Ի՞նչ է ռեյտինգային ընտրակարգը:
Ընտրութիւնները համամասնական ընտրակարգով են: Ընտրողները քուէարկում են կուսակցութիւններին ու դաշինքներին: Դրանից յետոյ ընտրողը կարող է իր տարածքում իր ընտրած կուսակցութեան տարածքային թեկնածուներից մէկին ձայն տալ: Առաւել ձայներ հաւաքած տարածքային թեկնածուները ընդամէնը առաւել անցողիկ հորիզոնական կը գրաւեն իրենց կուսակցութեան ցուցակում:
Ազգային ժողովում քաղաքական ուժերի միջև տեղերի բաշխման վրայ ռեյտինգային ընտրութիւնը չի ազդում, դրա վրայ ազդում են միմիայն այն, թէ որ կուսակցութիւնը կամ դաշինքը քանի քուէ է ստացել:
4. Ընտրողը կարո՞ղ է քուէարկել մի կուսակցութեան, իսկ ռեյտինգայինով ձայն տալ ուրիշ ուժի ներկայացուցչի:
Ոչ: Տեղամասում ընտրողին տալու են 9 քուէաթերթիկ՝ ամէն կուսակցութեան կամ դաշինքի համար մէկական: Քուէախցիկում ընտրողը այդ 9 քուէաթերթիկներից ընտրելու է իր նախընտրած քաղաքական ուժինը՝ մնացած 8 քուէաթերթիկները գցելով յատուկ արկղի մէջ: Այնուհետև, ընտրողը իր նախընտրած կուսակցութեան կամ դաշինքի քուէաթերթիկի յետևում ընտրում է այդ կուսակցութեան կամ դաշինքի տուեալ տարածքի թեկնածուներից մէկին:
5. Այսինքն, եթէ քաղաքացին տուեալ կուսակցութեան տարածքային թեկնածուներից մէկին ընտրի, ապա մեխանիկօրէն քուէարկու՞մ է այդ կուսակցութեանը:
Այո: Ռեյտինգային (տարածքային) թեկնածուներից որևէ մէկին քուէարկելու համար ընտրողը արդէն վերցնում է այդ քաղաքական ուժի քուէաթերթիկը և մեխանիկօրէն քուէարկում այդ կուսակցութեանը կամ դաշինքին:
6. Ընտրողը կարո՞ղ է քուէարկել որևէ քաղաքական ուժի, բայց զերծ մնալ ռեյտինգային ընտրութիւնից:
Այո: Ամէն դէպքում քուէն կը գնայ քաղաքացու կողմից ծրարի մէջ դրուած քուէաթերթիկի կուսակցութեանը կամ դաշինքին:
7. Տարածքային ցուցակի թեկնածուն եթէ յաղթել է, ապա դառնում է պատգամաւո՞ր:
Պարտադիր չէ: Ամէն ինչ կախուած է այդ թեկնածուի կուսակցութեան կամ դաշինքի հաւաքած ձայներից ու ստացած մանդատների քանակից: Կարող է մի թեկնածու շատ ձայն հաւաքել, բայց իր կուսակցութիւնը անգամ չյաղթահարի անցողիկ շեմը և չյայտնուի ԱԺ-ում, այնինչ նոյն տարածքում մէկ այլ քաղաքական ուժի թեկնածու, ով աւելի քիչ ձայն է հաւաքել, կարող է դառնալ պատգամաւոր:
Ամէն ինչ կախուած է նրանից, թէ այդ թեկնածուի առաջադրած կուսակցութիւնը քանի ձայն կը ստանայ, ինչպէս նաև այն, թէ նոյն կուսակցութեան միւս ռեյտինգային թեկնածուների համեմատ տուեալ թեկնածուն քանի քուէ կը ստանայ:
8. Ամէն ինչ բարդ է: Ինչպէ՞ս կողմնորոշուել:
Բարդ չէ: Ընտրողը որոշում է, թէ 9 քաղաքական ուժերից ո՞ր մէկին է սատարում, ապա հասկանում, թէ իր նախընտրած ուժի տարածքային թեկնածուներից ո՞ր մէկին կը ցանկանայ ապահովել ցուցակում առաւել անցողիկ հորիզոնական:
9. Քանի՞ պատգամաւոր է լինելու գալիք խորհրդարանում:
Այ սա միարժէք չէ: Առնուազն 101: Բայց կախուած քուէարկութեան ելքից այդ թիւը կարող է աճել ու հասնել 180-ի։ Տարբեր դէպքերում նախատեսուած է կուսակցութիւններին ու դաշինքներին լրացուցիչ (բոնուսային) մանդատների տրամադրումը: Ամէն դէպքում յստակ է, որ յաղթող քաղաքական ուժը կամ կոալիցիան, անկախ սցենարներից, գալիք Ազգային ժողովում ունենալու է մանդատների ընդհանուր թուի 54-ից 67 տոկոսը:
10. Ի՞նչ անի ընտրողը, ում քուէարկութիւնը փորձում են վերահսկել: Հնարաւո՞ր է անվերահսկելի կերպով քուէարկել:
Այո: Այդ դէպքերի համար մենք պատրաստել ենք յատուկ տեսանիւթ, որը հեռարձակւում է նաև հեռուստատեսութիւններով ու ռատիոյով:
11. Ի՞նչ է փոխուել ընտրակեղծիքների ռիսկերի առումով:
Տեղամասում ընտրակեղծարարութիւնը էականօրէն դժուարացել է: Ընտրողների էլեկտրոնային գրանցման սարքերի և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման շնորհիւ շատ դժուար է քուէարկել բացակայ քաղաքացիների փոխարէն: Աւելին, 2000 տեղամասերից մօտ 1500-ում լինելու են օնլայն հեռարձակմամբ տեսախցիկներ, որոնց շնորհիւ ցանկացած մարդ կարող է տեսնել, թէ ինչ է տեղի ունենում տեղամասում:
12. Տեղամասում ընտրողի ձայնը պաշտպանուա՞ծ է:
Այո: Բացի բազմաթիւ ազնիւ վստահուած անձանցից ու լրագրողներից, մօտ 1700-ից 1800 տեղամասերում լինելու են վստահելի թիմերի 2-ական դիտորդ: «Անկախ դիտորդի», «Քաղաքացի դիտորդի», Հայաստանի Հելսինկեան կոմիտէի դիտորդների տեսադաշտից դուրս են մնալու բացառապէս շատ փոքր տեղամասերը: Գումարային, 3500-ից աւել վստահելի դիտորդներ պաշտպանելու են ընտրողների քուէն:
ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՒՈՐՈՒՄ