Երեքշաբթի, Ապրիլ 23, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլի խճանկար

«Գանձասար-Կապանը» ընդհուպ մօտեցաւ առաջատարներին

 

20-րդ մրցափուլով աւարտուեց ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութեան երկու երրորդը։

Հանդիպումների արդիւնքները.

«Արարատ»-«Ալաշկերտ»՝ 0-3

«Շիրակ»-«Գանձասար»՝ 1-2

«Բանանց»-«Փիւնիկ»՝ 0-3

Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 39, «Շիրակ»՝ 37, «Գանձասար-Կապան»՝ 36, «Փիւնիկ»՝ 33, «Բանանց»՝ 16, «Արարատ»՝ 6։

Այս մրցափուլից յետոյ մինչեւ Մարտի 31-ը առաջնութիւնում յայտարարւում է ընդմիջում ՀՀ ազգային հաւաքականի աշխարհի 2018 թ. առաջնութեան ընտրական փուլի Ղազախստանի ընտրանու հետ հանդիպման նախապատրաստութեան եւ հանդիպման համար։

• ՀՀ ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը հրապարակել է հաւաքականի վերջնական կազմը ովքեր Մարտի 20-ից 26-ը մարզական հաւաք կ՚անցկացնեն ՀՖԴ-իմ տեխնիկական կենտրոնի ֆութպոլի ակադեմիայում։ Մենք արդէն ձեզ ներկայացրել էինք արտերկրում հանդէս եկող ֆութպոլիստների անունները։ ՀՀ առաջնութիւնից հրաւիրուած են 6 ֆութպոլիստ՝ դարպասապահներ. Արսէն Բեգլարեան, Անատոլի Այվազով, Գրիգոր Մելիքսեթեան, պաշտպան Արթուր Քարտաշեան, կիսապաշտպաններ. Արտակ Գրիգորեան եւ Արտակ Եդիգարեան։

• Հենրիխ Մխիթարեանը մասնակցութիւն է ունեցել «Մանչեսթըր Եունայթըտի» «Ռոստովի» դէմ 1-0 հաշուով յաղթանակում։ «Մ. Եու.»ն դուրս է եկել Եւրոլիկայի քառորդ եզրափակիչ եւ կը հանդիպի «Անդերլեխտի» հետ Ապրիլի 13-ին եւ Ապրիլի 20-ին։

• ՀՀ ազգային հաւաքականի նախկին գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը նշանակուել է ՀՖԴ-ի տեխնիկական տնօրէն։ Նա իրականացնելու է Հայաստանի մինչեւ 14-ից 19-ի հաւաքականների հետ կապուած աշխատանքների համակարգում։

• ՀՀ մինչեւ 16 (Մ-16) տարեկանների հաւաքականի գլխաւոր մարզիչ է նշանակուել Տիգրան Առաքելեանը, ում կ՚օգնի Տիգրան Պետրոսեանցը։

• Յաջորդ փուլի ուղեգիր նուաճած ՀՀ Մ-17-ի գլխաւոր մարզիչ է նշանակուել Արտակ Օսեանը։

• Մարտի 21-24-ը ՀՀ մինչեւ 21 տարեկանների հաւաքականը ՀՖԴ-ի տեխնիկական կենտրոնի ֆութպոլի ակադեմիայում կ՚անցկացնի մարզումներ եւ Մարտի 24-ին կ՚անցկացնի ստուգողական հանդիպում «Գանձասար-Կապան» թիմի հետ։ Հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Ոսկանեանը հաւաքին հրաւիրել է 28 ֆութպոլիստ. հիմնականում «Բանանց» եւ «Փիւնիկ» թիմերից։

 

Հայ աթլետները յաջող հանդէս չեն եկել Եւրոպայի առաջնութիւնում

 

ՀՀ ներկայացուցիչները յաջող հանդէս չեն եկել վերջերս Պելկրատում անցկացուած Եւրոպայի ձմեռային առաջնութիւնում։

Հայաստանի հինգ աթլետները չեն յաղթահարել որակաւորման փուլը։

Յիշեցնենք, որ Ամալիա Շառոյեանը հանդէս է եկել 400 մեթր վազքում (եւ ցոյց է տուել 56.07 վրկ. արդիւնք), Գայիանէ Չիլոյեանը՝ 60 մ. (7.58 վրկ.), Տիգրան Մկրտչեանը՝ 800 մ. (1.53.54), իսկ Երուանդ Մկրտչեանը՝ 1500 մ. (3.54.53)։ Օրեր առաջ Պելկրատում անցկացուած Պալքանեան երկրների ձմեռային առաջնութեան ախոյեանի տիտղոսը նուաճած եռացատկորդ Լեւոն Աղասեանը զէրօ է ստացել։

• ՀՀ թեթեւ աթլետիկայի դաշնութեան նախագահ Ռոբերտ Էմմիեանը Պելկրատից հաղորդել է, որ միջազգային եւ Եւրոպական դաշնութիւնները մինչեւ այս տարուայ Յունիսը վերջնաժամկէտ են դրել մեր կառավարութեան կողմից Երեւանի «Հրազդան» մարզադաշտի վազքուղու կառուցման ֆինանսական աջակցութեան մի մասի փոխանցմանը։ Յիշեցնենք, որ դեռ 2015 թ. Էմմիեանը դիմել էր վերոնշեալ դաշնութիւններին Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ռետին ծածկոյթով վազքուղի կառուցելու նախագծին աջակցելու հարցով։

Համաձայնութիւն կար նաեւ ՀՀ կառավարութեան կողմից ֆինանսական աջակցութեան  մի մասը ապահովելու հարցում։

Սակայն սայլը տեղից չի շարժւում։ Պէտք է օգտուել ընձեռնուած հնարաւորութիւնից։

 

Պասքեթպոլի ՀՀ հաւաքականը նոր գլխաւոր մարզիչ ունի

 

Պասքեթպոլի ՀՀ տղամարդկանց հաւաքականի նոր գլխաւոր մարզիչ է նշանակուել խորուաթ փորձառու մասնագէտ Նիքշա Բաւցեւիչը։ Նիկշա Բաւցեւիչը ծնուել է 1956 թ. Յունիսի 2-ին Խորուաթիայի Սպլիտ քաղաքում։ Մարզական գործունէութեամբ զբաղւում է 1974 թուականից։ Յիշեցնենք, որ ՀՀ ազգային հաւաքականը մասնակցելու է 2019 աշխարհի առաջնութեան նախընտրական փուլին, որտեղ նրա մրցակիցներն են Բոսնիա, Սլովաքիան եւ Շուէդիան։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլաւիկ Հայրապետեանը երրորդ տեղն է զբաղեցրել Լիւքսեմբուրգում անցկացուած Coupe du Printemps միջազգային մրցաշարում։ Յիշեցնենք, որ այս տարուայ Փետրուարին նա 3-րդ տեղն էր գրաւել նաեւ Սոֆիայում կայացած Sophia Trophy միջազգային մրցաշարում։

• Մարմնամարզութեան միջազգային դաշնութիւնը ՀՀ մարմնամարզութեան դաշնութեանը կը տրամադրի նոր մարզագործիքներ։ ՀՀ մարմնամարզութեան ազգային դաշնութեան նախագահ Ալբերտ Ազարեանը ասել է. «Մենք ֆրանսիական Gymova ապրանքանիշի պտտացող, զուգափայտ, օղակ եւ հարթակ՝ ազատ վարժութիւնների համար նոր գործիքներ ենք ստանալու»։ Մեզ մնում է միայն այդ գործիքները բերել Հայաստան։ Յոյսով ենք, որ ՀԱՕԿ-ը մեզ կ՚աջակցի այդ հարցում։

• Մարտի 14-22-ը Ռումինիայի Բրաիլա քաղաքում անցկացուեց բռնցքամարտի Եւրոպայի 18-22 տարեկանների առաջնութիւնը, որին Հայաստանից մասնակցեց 7 բռնցքամարտիկ։ Արմէն Մինասեանը (75 քկ.), Գուրգէն Մադոյեանը (69 քկ.) եւ գերծանր քաշային Գուրգէն Յովհաննիսեանը պարտուել են։ Արթուր Յովհաննիսեանը (49 քկ.) եւ Նարեկ Մանոյեանը (91 քկ.) յաղթել են իրենց մրցակիցներին եւ դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնուազն պրոնզէ մետալ։ Նրանք կը պայքարեն եզրափակիչ դուրս գալու համար։ Ալեն Դանիէլեանը (56 քկ.) եւ Հրայր Շահվերդեանը (60 քկ.) կը պայքարեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար։

• Գերմանիայի Հալէ քաղաքում աւարտուած Chemistry Cup 2017 բռնցքամարտի միջազգային մրցաշարում ՀՀ ներկայացուցիչ Յովհաննէս Դանիէլեանը (49 քկ.) նուաճել է արծաթէ մետալ։ ՀՀ միւս 2 ներկայացուցիչներ Գոռ Երիցեանը (69 քկ.) եւ Վազգէն Շահվերդեանը (81 քկ.) քառորդ եզրափակիչում պարտութիւն են կրել։

• Միջին քաշային կարգի քանատահայ արհեստավարժ բռնցքամարտիկ Դաւիթ Լամյէն վերջերս կայացած 12 ռաունտանոց մենամարտի 3-րդ ռաունտում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Կյորտիս Սթիվենսին։ Սա Լամյէի 37-րդ յաղթանակն էր 40 մենամարտում (որից 33-ը նոկաուտով)։ Յիշեցնենք, որ Լեմյէն կորցրեց IBF վարկածով աշխարհի ախոյեանի իր գօտին Գենադի Գոլովկինի հետ մենամարտում։ Դրանից յետոյ 28-ամեայ հայ բռնցքամարտիկը 3 յաղթանակ է տարել։

• Օհայօ նահանգի Քոլումբուս քաղաքում կայացած «Առնոլդ Կլասիկ» բազկամարտի միջազգային մրցաշարում մեր հայրենակից Վազգէն Սողոյեանը եզրափակիչում տանուլ տալով գրաւել է 2-րդ տեղը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ