Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Սեւան Նագգաշեանի յիշատակին

Գնալ դէպի իրական սահման. Վազաշէնում բացուել է Սեւանի անուան «Հավէսին սենեակը» 

Ծանօթ. Խմբ. – Սեւան Նագգաշեանը Լիբանան ծնած, ՀԲԸՄ-ի վարժարանները յաճախած, նկարչական մասնագիտութիւնը Երեւանի մէջ ստացած, Քանատա գաղթած հայաբոյր ընտանիքի զաւակ է, լիբանանահայ գրող եւ քաղաքական գործիչ հանգուցեալ Հայկ եւ նոյնքան ջղուտ ու հասարակական գործիչ Սօսի Նագգաշեաններու դուստրը, որ կեանքի վերջին տարիներուն կ՚ապրէր ու կը ստեղծագործէր Հայաստանի մէջ։

«Մենք պէտք է դուրս գանք մեր անձնական նեղ սահմաններից ու գնանք դէպի իրական սահման` իրական մարդկանց մօտ: Հայրենիքը սկսւում և աւարտւում է սահմանով»,- մի առիթով ասել է նկարչուհի, անիմատոր, երջանկայիշատակ Սեւան Նագգաշեանը: 

Օրերս իրականութիւն դարձաւ Սեւանի նախագծերից մէկը. Տաւուշի սահմանամերձ Վազաշէն գիւղի դպրոցում բացուեց նրա անուան սենեակը՝ «Հավէսին սենեակը»: Այստեղ երեխաները հնարաւորութիւն են ունենալու նկարել, քանդակել, ֆիլմեր դիտել, հանդիպումներ ունենալ արուեստագէտների հետ:

Սեւանն այս սենեակը պատրաստւում էր իրագործել դեռևս նախորդ տարի, որոշել էր՝ Քանատայից վերադառնալուց յետոյ իրականացնել նախագիծը, բայց չհասցրեց: Նա քաղցկեղով հիւանդ էր, այդ մասին ընկերներից քչերը գիտէին: Հոկտեմբերի 14-ին համացանցում արագ տարածուեց Սեւանի մահուան բօթը:

Նախորդ տարի նրա ծննդեան յաջորդ օրը՝ Նոյեմբերի 28-ին, Երեւանի «Ակումբ» սրճարանում Սեւանի ընկերները յուշ-երեկոյ էին կազմակերպել։ Ելոյթ էին ունեցել բարդերը, «Շողակն» համոյթի մեներգչուհի Յասմիկ Յարութիւնեանը: Համերգի հասոյթը 210.000 դրամ էր, որը տրամադրուեց Սեւանի նախագծի համար, բացի դրանից, «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրէն Արմինէ Պետրոսեանը 1000 տոլար դրամաշնորհ էր ստացել «Awesome» հիմնադրամից այդ ծրագրի համար:  Կազմակերպչական գործերին միացաւ նաեւ Տաւուշի հոգևոր առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանեանը:

Ա. Պետրոսեանն իր ղեկավարած հիմնադրամի սկզբունքներից մէկը համարում է երիտասարդական նախաձեռնութիւններին խրախուսելը, նրանց միջև կամուրջներ ստեղծելը: Հիմնադրամին Երևանի «Արեգնազան» կրթահամալիրն է առաջարկել միանալ «Հավէսին սենեակի» բացմանը:

«Երեխաներն էլ, ուսուցիչներն էլ, տնօրէնն էլ գործնական կերպով սկսեցին նախապատրաստել այցը՝ նկարչական պարագաներ գնեցին վազաշէնցի դպրոցականների համար, կրկէսային համար պատրաստեցին: Նոյնիսկ քաղցրաւենիք էին գնել՝ շատ էին ուզում քաղցրացնել հակառակորդի գնդակակոծութիւնների ու հրետակոծութիւնների տակ ապրող վազաշէնցի դպրոցականների կեանքը»,- ասում է Արմինէ Պետրոսեանը:

Սևանի սենեակի բացման արարողութեանը Քանատայից եկել էին մասնակցելու Սեւանի եղբայրները՝ Վահանն ու Շահէն:

«Հիմա, երբ բացումն արդեն արել ենք, նոր մտածումներ ունեմ. մի բան է սիրուն սենեակ կահաւորելը, մէկ այլ բան՝ այն ապրեցնելը, նպատակին ծայառեցնելը: Հարկաւոր է միջոցներ գտնել ու յաճախ այցելել Վազաշէն, հանդիպել ու խօսել երեխէքի հետ, ֆիլմեր դիտել ու քննարկումներ կազմակերպել, վարպետաց դասեր անցկացնել, ճիշդ նկարել սովորեցնել և այլն: Վստահ եմ, որ Սեւանի ընկերները չեն յոգնի այդ այցերից, բայց հարկաւոր է լաւ մտածել ու նրբօրէն կազմակերպել այդ ամէնը»,- ասում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրէնը:

Նրա փոխանցմամբ՝ Սեւանը մի անգնահատելի ժառանգութիւն է թողել իրեն ու ընկերներին: Նա առանձնայատուկ տաղանդ ունէր իր ճաշակին համապատասխանող մարդկանց միաւորելու: Իսկ թէ ինչ է զգում, երբ համատեղ նախագիծն արդէն իրականացած է տեսնում, ասում է. «Ի՞նչ եմ զգում. խոնջանք, գոհութիւն և միաժամանակ անհանգստութիւն: Սեւանի հեռանալուց յետոյ մտքերս խառնուել էին, բայց հասկանում էի, որ հոգիս խաղաղեցնելու համար անպայման պիտի գլուխ բերեմ այն, ինչի մասին որոշել էինք: Բայց այն ամէնն, ինչ կապուած է Սեւանի հետ, մի տեսակ ներքին ինքնազարգացում է ապրում»:

 

ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ