Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Հայաստանում Միացեալ Նահագների դեսպանատան յայտարարութիւնը Հայաստանի ընտրութիւնների վերաբերեալ

ԱՄՆ դեսպանութիւնը շնորհաւորում է Հայաստանի ժողովրդին Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրութիւնների առիթով, որին նախորդել էր կուսակցութիւնների ու քաղաքական դաշինքների միջև ընթացող մրցակցային պայքարը մի այնպիսի միջավայրում, որտեղ լրատուամիջոցները հասանելի էին բոլոր տեսակի դիրքորոշումների համար: Քուէարկութեանը օրն ընդհանուր առմամբ հանգիստ էր ու կանոնաւոր Հայաստանի ամբողջ տարածքում, և ընտրողները կարող էին ազատ իրացնել իրենց ձայնի իրաւունքը: ԱՄՆ դեսպանութիւնը համամիտ է ԵԱՀԿ Մարդու իրաւունքների ու ժողովրդավարական հաստատութիւնների գրասենեակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելութեան նախնական գնահատման հետ, որտեղ նշւում է, որ ընտրութիւնները լաւ էին կազմակերպուած և ընդհանուր առմամբ ապահովուած էր յարգանքը հիմնարար ազատութիւնների հանդէպ՝ միաժամանակ նկատելով, որ «ընտրութիւնների վրայ հետք են թողել ընտրակաշառքների վերաբերեալ արժանահաւատ տեղեկութիւններն» ու ընտրողների վրայ գործադրուած ճնշումները:

Հայաստանի կառավարութեանը, կուսակցութիւններին ու քաղաքացիական հասարակութեանը յորդորում ենք աշխատել միասին՝ գոյութիւն ունեցող կամ նոր իրաւակիրառ մեխանիզմների միջոցով փարատելու այս մտահոգութիւնները:

25 տարիների ընթացքում Միացեալ Նահանգները հետևողականօրէն աջակցել է Հայաստանին՝ ժողովրդավարական գործընթացների ու հաստատութիւնների զարգացման ճանապարհին: Այս ընտրութիւններին մենք հպարտ էինք գործակցել Հայաստանի կառավարութեան, ընդդիմադիր կուսակցութիւնների, քաղաքացիական հասարակութեան, ինչպէս նաև Եւրամիութեան, Գերմանիայի, Մեծն Բրիտանիայի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ՝ ներդնելու ընտրողների նոյնականացման նոր տեխնիկական համակարգը: Այս նոր սարքաւորումների միջոցով Ապրիլի 2-ին տեղամասերում հնարաւոր եղաւ ապահովել ընտրական ընթացակարգերն առանց լուրջ միջադէպերի և Հայաստանի ընտրական օրէնսդրութեամբ սահմանուած ուղենիշների համաձայն:

Միացեալ Նահանգները շարունակելու է դիտարկել և վերլուծել միջազգային ու տեղական դիտորդների զեկոյցները, ինչպէս նաև ընտրութիւնների հետ կապուած բողոքների դատական կարգով լուծումը յետընտրական շրջանում:

Այժմ, երբ ընտրութեան արդիւնքները յայտնի են, մենք խրախուսում ենք բոլոր կողմերին՝ կառավարութեանը, ընդդիմութեանը և քաղաքացիական հասարակութեանը, շարունակել իրենց ներգրաւուածութիւնը խաղաղ բանավէճերին ու քննարկումներին:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ