Չորեքշաբթի, Դեկտեմբեր 11, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Հայ ծանրորդների նոր յաջողութիւնը Սիմոն Մարտիրոսեանը Եւրոպայի ախոյեան

Խորվաթիայի Սպիլտ քաղաքում աւարտուած ծանրամարտի Եւրոպայի կանանց եւ տղամարդկանց առաջնութիւններին Հայաստանից  մասնակցում էր 9 մարզիկ։ Առաջինը մրցահարթակ դուրս եկած Իզապելլա Յայլեանը (58 քկ.) անյաջող մեկնարկեց։ Պոկում վարժութիւնում Իզապելլան չկարողացաւ բարձրացնել 87 քկ. ծանրութեամբ ծանրաձողը եւ 0 ստացաւ։ Հրում վարժութիւնում նա բարձրացրեց 107 քկ.ոց ծանրաձողը։ Սոնա Պօղոսեանը (75 քկ.) երկամարտում ցոյց տուեց 227 քկ. (101+126) եւ դարձաւ պրոնզէ մետալակիր։ Նա փոքր արծաթէ մետալի արժանացաւ հրում վարժութիւնում։ Տաթեւ Յակոբեանը (90 քկ.) առաջին անգամ նոր քաշային կարգում երկամարտի 230 քկ. (105+125) արդիւնքով նոյնպէս դարձաւ պրոնզէ մետալակիր։ 21-ամեայ մարզուհին պոկում վարժութիւնում արժանացաւ նաեւ պրոնզէ մետալի։ Անդրանիկ Կարապետեանը Ռիօ-2016-ում ստացած ձախ ձեռքի վնասուածքից յետոյ առաջին անգամ մտաւ մրցահարթակ։ Անդրանիկը տեղափոխուելով նոր 85 քկ. քաշային կարգ՝ առաջին անգամ հանդէս եկաւ Բ. խմբում։ Մարզիչներն այդպէս նրան հնարաւորութիւն էին տուել վերստին զգալ մրցահարթակը եւ ծանրորդի առջեւ առանձնապէս լուրջ խնդիրներ չէին դրել. Անդրանիկը երկամարտի 325 քկ. (160+165) արդիւնքով խմբում գրաւեց 5-րդ տեղը։

Եզրափակիչ օրը մրցահարթակ մտան 105 քկ. քաշայիններ Սիմոն Մարտիրոսեանը, Սամուէլ Գասպարեանը եւ գերծանր քաշայիններ (+105 քկ.) Գոռ Մինասեանն ու Ռուբէն Ալեքսանեանը։

Ռիօ-2016-ի արծաթէ մետալակիր Սիմոն Մարտիրոսեանը երկամարտում ցոյց տուեց 414 քկ. (184+230) արդիւնք եւ հռչակուեց Եւրոպայի ախոյեան։ Գիւմրեցի Սամուէլ Գասպարեանը 375 քկ.ով 6-րդն էր։ Օլիմպիական փոխախոյեան Գոռ Մինասեանը (+105 քկ.) երկամարտի 446 քկ. (211+235) արդիւնքով այս անգամ էլ դարձաւ Եւրոպայի փոխախոյեան, իսկ Ռուբէն Ալեքսանեանը (+105 քկ.) երկամարտի 434 քկ. (190+244) արդիւնքով երրորդն էր։

Այս քաշային կարգում ախոյեան հռչակուեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն ով երկամարտում ցոյց տուեց 467 քկ. (217+250)։

Այս առաջնութիւնում հայ ծանրորդները նուաճեցին 12 մեծ եւ փոքր մետալներ։

 

Հայկական ֆութպոլային խճանկար

 

• Ֆութպոլի ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան 22-րդ մրցափուլի հանդիպումներն, որոնք աւարտուեցին այսպիսի արդիւնքներով.

«Շիրակ»-«Բանանց»՝ 1-0

«Փիւնիկ»-«Ալաշկերտ»՝ 0-3

«Գանձասար»-«Արարատ»՝ 2-1

Դասաւորութիւն. «Գանձասար», «Ալաշկերտ»՝ 42-ական միաւոր, «Շիրակ»՝ 40, «Փիւնիկ»՝ 36, «Բանանց»՝ 19, «Արարատ»՝ 6 միաւոր։

• Ապրիլի 6-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է դասակարգման նոր աղիւսակը։ ՀՀ հաւաքականը առաջադիմել է 18 տեղով եւ զբաղեցնում է 67-րդ տեղը՝ 527 միաւորով։ Աղիւսակը գլխաւորում են. Պրազիլիան՝ 1661 միաւոր, Արժանթինը՝ 1603 եւ Գերմանիան՝ 1464։

ՀՀ-ի մրցակիցները ԱԱ-2018-ում. 11. Լեհաստան՝ 1183, 47. Ռումինիա՝ 676, 51. Դանիա՝ 657, 62. Մոնթենեգրօ՝ 560, 105. Ղազախստան՝ 325։

• ՀՀ մինչեւ 19 տարեկանների հաւաքականը Երեւանում երկու ընկերական հանդիպում անցկացրեց Սլովակիայի իրենց հասակակիցների հետ եւ երկուսում էլ զիջեց՝ 0-2 եւ 3-4 հաշիւներով։

• Ապրիլի 12-ին ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը մէկօրեայ այցով ժամանեց Հայաստան։

 

Հայկական մարզական խճանկար

 

Խորվաթիոյ մէջ կայացած Եւրոպայի ծանրամարտի ախոյեանութեան ընթացքին, Ռիօ-2016-ի ողիմպիական արծաթէ մետալակիր Սիմոն Մարտիրոսեան ցոյց տալով 414 քկ. (184+230) արդիւնք, հռչակուեցաւ Եւրոպայի ախոյեան։ Մեր ջերմագին շնորհաւորութիւնները։

 

 

• Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հաւաքականը գլխաւոր մարզիչ Արմէն Մկրտչեանի ղեկավարութեամբ աւարտել է ուսումնամարզական հաւաքը Վլադիկաւկազում (ՌԴ)։

Մարզիչը տեղեկացրել է, որ հաւաքը ծառայել է նպատակին եւ յայտնել Մայիսին կայանալիք Եւրոպայի առաջնութիւն մեկնող ըմբիշների անունները, նրանք են. Գարիկ Բարսեղեան (57 քկ.), Վոլոդիա Ֆրանգուլեան (61 քկ.), Նարեկ Սիրունեան (65 քկ.), Վալտեր Մարգարեան (70 քկ.), Գրիգոր Գրիգորեան (74 քկ.), Վահէ Թամրազեան (86 քկ.), Գէորգի Կետոեւ (97 քկ.) եւ Լեւան Բերիանիձէ (125 քկ.)։

• Յունահռոմէական ոճի ըմբշամարտի ՀՀ հաւաքականը Ապրիլի 8-ին աւարտեց ծաղկաձորեան ուսումնամարզական հաւաքը։ Գլխաւոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակեանի ղեկավարութեամբ թիմը պատրաստւում է Մայիսի 5-7-ը Սերպիայում կայանալիք Եւրոպայի առաջնութեանը։ Մարզչական կազմը որոշել է, թէ ովքեր են հանդէս գալու այդ ստուգատեսում։ Նրանք են. Գէորգ Ղարիպեան (59 քկ.), Կարէն Ասլանեան (66 քկ.), Ռաֆայէլ Ալեքսանեան (71 քկ.), Կարապետ Չալեան (75 քկ.), Սարգիս Քոչարեան (80 քկ.), Մաքսիմ Մանուկեան (85 քկ.)։ Թէ ո՞վ 98 քկ. քաշային կարգում կը ներկայացնի Հայաստանը, կը յայտարարուի Ապրիլի 25-ին։ Այս քաշային կարգի անվիճելի առաջատար՝ օլիմպիական ախոյեան Արթուր Ալեքսանեանը ծունկը ցաւացրել է։ Եթէ մինչեւ այդ լաւանայ, նա կը մեկնի, իսկ եթէ զգանք, որ խանգարելու է նրան կը փոխարինի Արթուր Շահինեանը։ 130 քկ. քաշային կարգում նպատակայարմար չենք գտել մասնակից ունենալ։ Արսէն Ջուլֆալակեանը (75 քկ.) Տալլինում մասնակցել է միջազգային խոշոր մրցաշարի եւ տօնելով 3 յաղթանակ միեւնոյն 8։0 հաշուով դարձել է մրցաշարի յաղթող։

• Պուլկարիայի Պլովդիվ քաղաքում աւարտուած սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնութիւնում ՀՀ-ն ներկայացնող Էմմա Պօղոսեան գրաւել է 5-րդ տեղը՝ 154 մասնակիցների մէջ։ Անկախ Հայաստանի պատմութեան մէջ առաջին անգամ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում երիտասարդ ուժեղագոյն խոցասուսերակիրների լաւագոյն ութեակում։

• Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի Պաֆըլօ քաղաքում կայացած UFC խառը մենամարտի միջազգային մրցաշարում Հոլանդիան ներկայացնող հայազգի Գեղարդ Մուսասին 2-րդ ռաունտում տեխնիկական նոկաուտով յաղթել է աշխարհի նախկին ախոյեան Քրիս Ուեյդմանին։

• Քիքպոքսինկի Bellator KB 5-ում հերթական յաղթանակն է տարել Իտալիայում բնակուող Ճորճիօ Պետրոսեանը, ով մեծ առաւելութեամբ յաղթել է ռումինացի Ամանսիօ Պարասչիվին։

• Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում երեք հայ ճիւտոյիստներ մասնակցել են Եւրոպայի գաւաթի խաղարկութեանը։ Սօսէ Բալասանեանը (52 քկ.) գրաւել է երկրորդ տեղը, իսկ Ֆերդիանանդ Կարապետեանը (73 քկ.)՝ երրորդ տեղը։ Մրցաշարին մասնակցել են 27 երկրների 268 ճիւտոյիստներ։

• Մակեդոնիայի Սքոպյէ քաղաքում աւարտուած շախմատի «Կարպոշ Օփեն» մրցաշարում Սամուէլ Տէր-Սահակեանը 9 հնարաւորից վաստակելով 7.5 միաւոր ճանաչուեց մրցաշարի յաղթող։

Ռոբերտ Յովհաննիսեանը եւ Մանուէլ Պետրոսեանը 6.5-ական միաւորով պայքարն աւարտեցին համապատասխանաբար 10-րդ եւ 13-րդ տեղերում։

• Լէյք Թահոյում կայացած ԱՄՆ-ի բազկամարտի առաջնութիւնում Վազգէն Սողոյեանը (70 քկ.) աջ եւ ձախ ձեռքերով մրցաձեւերում նուաճել է ԱՄՆ-ի ախոյեանի տիտղոսները եւ նուաճել Սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնութեան ուղեգիր։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ