Ուրբաթ, Դեկտեմբեր 13, 2024

Շաբաթաթերթ

ՄԱՅՐ Սիրոյ տաճար

Մայիսի  տասնչորսն է այսօր, մայրական սիրոյ լոյսի տօնական հրավառութիւն թող լինի, փանդիռներ թող զարկեն, թող արեգակը երկիր իջնի, մայրերի հրաբորբ ողջոյնը տանի տիեզերքի «Ծիր Կաթին» աստղաբոյլի՝ «Վահագն Յարդագողի Ճանապարհ»-ի տաճարի Արմինա-Հայաստանի «Ոսկեծին, Ոսկեմայր» Մայր Անահիտ դիցուհուն: Աստղերը մի պահ թող կանգնեն, իրենց լոյսի թրթիռներով ողջունեն մոլորակի մայրերին: Այս իրիկուն, արեւի քոյրիկ լուսնեակը իր  կաթնաթոյր համբոյրը թող շաղի մայրերի ճակատներին: Միշտ զուարթ լոյս թող յորդի Արմին-հայերի դրախտիկ աշխարհի մայրերի դէմքերից, իրենց սրտերի բոցավառ ծովակների տիեզերական սէրը զեղի որդիների սրտերին: Մայրերի փառաբանման հրաշավառ տօնախմբութիւն թող լինի այսօր, նրանց սիրոյ, գուրգուրանքի տիեզերական խորհուրդի պատարագ լինի: Արմինա-Հայաստանի մարդկանց օճախները թող միշտ հրդեհուեն մայրական սիրոյ հրճուանքի բոցերով: Արմին-հայերի արի նախնիները աստուածացրել են մայրերին, պաշտամունք է եղել այն, նրանց պատուին տաճարներ են պատել: Մայրը բնութեան ծաղկման պաշտամունքն է, մայրը «Աստուծածին» եղաւ, որ մարդկանց սրտերին սիրոյ ու խաղաղութեան լոյսի ջահեր վառուէին:

            Այսօր, երկրի ծիածանափայլ հրաշալոյս ծաղիկները մայրերի լանջերը թող գգուեն: Սիրոյ բոցերով վառուող վարդերը ծիածան փռեն իրենց օճախներում, նրանց կարմիր կրակ բոցերը խայտան նրանց դէմքերին, մայրական քնքուշ ժպիտ հոսեն նրանց ակներին: Մայրական ժպիտ… Աստղիկ դիցուհու ձնծաղիկի հազար գոյների լոյսն է այն: Վարդ, ծաղիկների թագուհի, ծաղիկը բնութեան արարչութեան սքանչանքն է, նրա տեսքից հոգիդ լցւում խինդով, նայի՛ր, նայի՛ր նրան, արեւի լոյսն է այն, արեւի հրաբորբ խինդ պիտի հոսի սրտիդ, հոգուդ տաճարի կանթեղները պիտի վառուեն: Ամենայն հայոց բանաստեղծ Յովհաննէսը, վարդատօն էր հիմնել, մինչեւ այսօր էլ Արմին-հայ արիասիրտ մարդիկ, արեգակի բոսոր լոյսով վառուած վարդերը վեր պահած, ամէն Մայիսին այցի են գնում Աննայի սիրով յօշոտուած Սայեաթ-Նովու գերեզմանին շաղ տալու:

            Մայիս, գարնան անուշ ամիս, արեգակն է իր տաքուկ շունչը հոսում Արմինա-Հայաստան աշխարհին: Մայր Անահիտ դիցուհին է «Վահագնի Յարդագողի Ճանապարհ»-ի տաճարից գալիս Արմինա-Հայաստան, սիրոյ հուր հոսում հայոց աշխարհին, նրա խանդաղատանքից բնութիւնն է ծաղկում, նրա թովչանքից ծառերն են փթթում, փթիթ բողբոջներ պայթում, արեւին են բացւում հազար-հազար գոյների ծաղիկներ: Ծաղիկը բնութեան առեղծուածն է, մայրն էլ բնութեան ծաղիկն է, բնութեան յաւերժութեան պատարագն է:

            Մայիս, բնութեան սքանչանքից ծաղկում է մարդու հոգին, ծաղկում են արտերի ցորեանի հասկերը: Մուսա Լեռան լանջերից յառնած հովիկների թեւերին բազմած անցել հայրենի ոսկեշաղ փրփրած արտերով, ծաղկած ցորենի բոյրը հոգուս ամբարած՝ հասել Արմինա-Հայաստան աշխարհ: Ցորեանի հասկերի ծաղիկ, մայր բնութեան բոյրն է այն,  ափերով հաւաքել եմ նրա մանրիկ ծաղիկները՝ տարել մայրիկիս, կարօտել եմ նրա բոյրին…: Ծաղկում են այգիները, դափնիները, հրճուել եմ հովիկներին ելած ծաղկաթերթիկների նազանի պարից, ցատկել բռնել նրանց, հաւաքել կարմիր կապոյտները, տարել «Օշական» հայերէն լեզուի դասագրքիս էջերում շարել: Այգիները ժպտում են արեւին, մտի՛ր  այգիներ, ժպտա՛  նրանց բոսոր տեսքին, այնտեղ իջած արեւն է համբուրում ծաղիկների շրթները: Հայոց աշխարհի լեռների լանջեր, ծառերն իրենց կանաչազարդ թեւերն են երկինք պարզել, երկնի կապոյտը գգուելու: Բնութիւնը՝ Մայր Անահիտ դիցուհու հրաշափառ արարչութիւնն է, հողը բնութեան սրբագործ արարումն է, իր տաքուկ բոյնում սնուցում բոյսերը, ծառերը: Որպէս մայրութեան սրբազնացում՝ հողը մայրենի ենք կոչում, երկիրը մայր հայրենիք, գետը մայր Արաքս, ծառը մայրի:

            Մայրերը, իրենց վեր պահած ձեռքերը սիւն են դարձրել, որ չփլուէին իրենց զաւակների տները: Մայրութեան ինչքա՜ն սիրով է լցուած եղել մի իմաստասէրի սիրտը, որ յանդգնել էր ասելու, Աստուած էլ կը գտնես, սակայն, յաւերժութիւն դարձած մօրը ինչպէ՜ս կը գտնես…: Աստուածային լեցուն բարութեամբ մայր, ըստ մի այլ մտածողի, պատուիրել էր, մահից յետոյ ձեռքերը անդամահատել, նրանով ծեծէին փոքրերին, նրանց ցաւ չպատճառելու համար:

            Մոլորակի մարդիկ, Մայիս ամսին են «Մայրութեան» փառաբանման տօն հիմնադրել, որ նաեւ գարնան խինդով առկայծէին իրենց սրտերը: Արմին-հայերի նախնիները իրենց ոստանը քաղաքամայր են կոչել, երկիրն իրենց Մայր-Հայաստան, իրենց խօսած լեզուն մայրենի: Մայր Հայաստանը, յաղթ կանգնել է իրենց ոստանի բարձունքին, սուրը պատեանից դուրս հանած, պատրաստ նրա պաշտպանութեան կռուին գնալու: Միայն Արմին-հայերի նախնիներն են աստուածացրել մայրութեան պաշտամունքը: Արմինա-Հայաստան երկրում Մայր Անահիտ դիցուհու ու աստուածամարդ Խալտի-Հայկի արձաններն էին միայն ոսկեձոյլ եղել: Մայր Անահիտ դիցուհու տաճարներ էին կառուցել Եկեղեաց գաւառի Երիզա աւանում, աստուածների քաղաքներ՝ Բագարանում, Աշտիշատում:

 

***

Ապրիլի վեցին, Արամազդի դուստր Մայր Անահիտ դիցուհու փառքի տօնախմբութիւնը կատարում էին  Բագարանի տաճարում: Նրա հրապարակում էին Արմինա-Հայաստանի արքան, արքայազուններ, նախարարներ, սեպուհներ, բազմահազար աշխարհային ժողովուրդ: Արքան, Տարօն աշխարհի ձուլի պախուրցից բռնած, քրմապետի հետ մեհեան էին մտնում, իրենց հաւատի արարողութիւնով այն զոհաբերում Մայր Անահիտ դիցուհու բագինի առաջ: Ցուլի տաք արիւնն էին շաղ տալիս նրա մարմնին, այն շիթ-շիթ հոսում էր ներքեւ, բոլորը իրենց ճակատները դրոշմում էին Միհրի լոյսի կեռուած նշանով… խաչ: Աշխարհային մարդիկ իրենց բերքի երախայրիքն էին նուիրաբերում Մայր Անահիտ դիցուհուն: Մեհեանի մուտքի մօտ գինու լեցուն տիկեր էին, գինով լեցուն թասեր էին զարկում, շնորհաւորում Մայր Անահիտ դիցուհու ծնունդը, արքան, բոլորը արբենում էին, գինու արթնած աշխարհիկ վայելքն էր այն: Գուսանները, իրենց տաղերով Մայր Անահիտ դիցուհու գովքն էին անում:

            Հնդիկ արիացիները, պարթեւները, շումերները իրենց երկրներ էին տարել Մայր Անահիտ դիցուհուն, որ նրա մայրութեան արարչութիւնը հոսէր իրենց երկրների արտերին, այգիներին, լեռների լանջերին: Մայր Անահիտ դիցուհին Արմինա-Հայաստան լեռնաշխարհ էր եկել «Վահագն Յարդագողի Ճանապարհի» տաճարներից, որ իրենց դրախտիկ երկրում սիրոյ հուր կաթէր, բնութեան զարթօնքի լոյս վառէր, գարնան հրդեհ բռնկէր Արմին-Հայ արի մարդկանց սրտերում: Արմին-Հայը կայ ու կը լինի՝ նախնիների աւանդութիւնները ու մայրենի երկրի սիրոյ ոգին իրենց հոգիներում ամուր պահելու ու այն որպէս արեւային ջահեր յաջորդ սերունդներին փոխանցելու շնորհիւ:

Հռովմի Անտոնիոս անօրէն զօրավարը, Արմինա-Հայաստան արշաւանքի ատեն գերեվարել էր Անահիտի արձանը, այն տարել իր տարփածոյ Կլէոպատրայի երկիր: Անյայտ առեղծուածով, նրա անագապղինձեայ գլխամասն է  հանգչում անգլիական թագաւորական թանգարանում: Արմին-հայեր ցանկանում են այն ետ բերել, քղանցքը վրան քանդակել նրա մարմինը, այն կանգնեցնել Եկեղեաց գաւառի Երիզա աւանի մեհեանում: Հռովմի Կալիկուլա կայսրը կայսերական խնճոյք էր սարքել, երբ նրան հարցրել էին այդքան դրամ ո՞րտեղից, խոստովանել, որ Արմինայում զաւթուած Մայր Անահիտ դիցուհու ոսկեձոյլ արձանի ոտքի մատի արժէքով:

            Բեմադրիչ՝ Աշոտ Մալաքեան, Արմին-հայու արարման հանճարի լոյսը աշխարհներ տարաւ, «Մայրիկ» շարժապատկերով՝ հայ «Մայրիկի», իր ազնուազարմ ցեղի Մայր Անահիտ դիցուհու պաշտամունքը հասաւ աշխարհներ, աւետեց, որ իր ցեղի մօր սէրը՝ «Կնոջից ու գինուց առաւել» ամենամեծարն է:

 

***

Մայրերը հրեշտակներ են, անքուն գիշերներ իրենց մանչերի օրօրոցների մօտ օրօր են ասում, նրանց փոքրիկ մտքերը ընկալում են այն, մայրական հոգու սիրոյ անդորր է իջնում իրենց սրտիկներին՝ խաղաղութիւն դէմքերնին անուշ քուն են լինում: Արմին-Հայ բանաստեղծներ երգել են մայրութեան տիեզերական սիրոյ խորհուրդը: Բանաստեղծ Քամառ Քաթիպա երգել էր մայրերի օրօրը՝

Քուն եղիր բալաս, աչերդ խուփ արա

Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ:

Օրօր իմ բալաս, օրօր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,

Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տուր:

Օրօր իմ բալաս, օրօր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կր տանի:

Երգահան՝ Բարսեղ Կանաչեան, Քաթիպայի երգին հնչիւններ հիւսել, ինչքա՜ն անուշ է այն հնչում, կարծես Գողթան երգիչներից էր այն քաղել:

            Եւ ուրիշ մի բանաստեղծ՝ Շիրազի վարդերի բոյրով լեցուն հայոց Շիրազ, «Վահագն Յարդագողի Ճանապարհ»-ի Արմին-Հայ աստուածների տաճարից  բերել է մայրերի սիրոյ ղօղանջների խորհուրդը՝

Հազար մի սիրտ բացեցի,

Ոչ մի անմեռ սէր չգտայ,

Ծովից խորունկ սէր զգացի,

Երբ մայրիկիս սիրտը մտայ:

Մօր սրտում է Աստուած քնած՝

Լոկ մօր սրտի մէջ է զարթնում,

Աւաղ, առանց Աստուծոյ մնաց

Իմ որբ կեանքը՝ անյոյս մթնում:

            Ամերիկայի Միացեալ Նահանգներում, Ժուլիա Վարտ Հոուվրը, 1872 թուականին ժողովրդային շարժում էր սկսել, որպէս խաղաղութեան ձօնուած օր «Մայրերի Օր» կատարել: 1907 թուականին, Ֆիլատելֆիայում, Աննա Ճարուիսը արշաւ էր սկսել հիմնադրելու՝ «Մայրերի Ազգային Օր»: Ճարուիսը, համոզել էր քաղաքի եկեղեցուն,  մայրերին նուիրուած օրը տօնելու Մայիսի երկրորդ Կիրակին՝ իր մօրը մահուան երկրորդ տարելիցի օրը: Իր համախոհների հետ նամակներ էին յղել նախարարներին, քաղաքական գործիչներին՝ մայրերի օրուայ տօնակատարութեան օր հաստատելու: 1914 թուականին, ԱՄՆ-ի նախագահ՝ Ուուտրօ Ուիլսընը, նախագահական օրինագծով, իւրաքանչիւր Մայիս ամսուայ երկրորդ Կիրակին հռչակել էր որպէս մայրերի օրուայ տօնակատարութեան օր: Այժմ, աշխարհի շատ երկրներում, «Մայրերի Օր»-ը, որպէս տօնական օր, տօնախմբում են յիշատակուած նոյն օրը:

 

Կլենտէյլ, 2017                                                                                                                                 ՊՕՂՈՍ ԱՐՄԵՆԱԿ ԼԱԳԻՍԵԱՆ                                                 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ