Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Ռուբէն Վարդանեան. Բարեգործութիւնն ու դրամական փոխանցումները սպաննում են Հայաստանի ապագան

Բարեգործութիւնն ու դրամական փոխանցումները սպաննում են Հայաստանի ապագան: Այս մասին Երևանում Մայիսի 23-24 անցկացուող երկօրեայ գիտաժողովին՝ «Անցումային շրջանի աւարտը․ Հայաստանը 25 տարի անց․ հիմա՞ ինչ» խորագրով գիտաժողովին ասել է գործարար Ռուբէն Վարդանեանը:

Գործարարը ուշադրութիւն է հրաւիրում թուերին՝ 18 տոկոս գործազրկութիւն և արտադրողականութիւն, որը 2,5 անգամ ցածր է Եւրոպական Միութեան ոչ առաջատար երկրների՝ Բուլղարիայի և Ռումինիայի ցուցանիշներից։

«Դրամական փոխանցումները սպաննում են Հայաստանի ապագան, բարեգործութիւնը սպաննում է Հայաստանի ապագան այն ձևով, որով արւում է, քանի որ փոփոխութեան չի մղում: Ես միանգամայն համոզուած եմ՝ բարեգործութիւնը, դրամական փոխանցումները, միջազգային օգնութիւնը, դրամաշնորհները սպաննում են Հայաստանի ապագան։ Դրանք նպաստում են «եոլա գնալուն», սակայն չեն ստեղծում լաւագոյնը դառնալու հնարաւորութիւն»,- ասել է Վարդանեանը, գրում է ՍիվիլՆէթը։

Նա յաւելել է. «Այսօր Դիլիջանում սովորում են երեխաներ 75 երկրից՝ Ճափոնիայից մինչև Զիմպապուէ, Չիլի, ամբողջ այս տարածաշրջանից, այդ թւում՝ ութ երեխայ Թուրքիայից»:

Նա նշել է, որ ուրախ կը լինէին, եթէ ատրպէյճանցի երեխաներ նոյնպէս ուսանէին այնտեղ, քանի որ «մի օր նորից միասին ենք ապրելու»։

Դիլիջանի դպրոցում, ասում է Վարդանեանը, երեխաներին խրախուսում են պահպանել սեփական ինքնութիւնը՝ սովորելով ապրել նոյն սենեակում այլ ազգերի ներկայացուցիչների հետ։

Հայերի առանձնայատկութիւնը բարերարը տեսնում է հէնց նրանում, որ աշխարհի տարբեր ծայրերում յարմարուելով նոր իրականութեանը՝ չեն ձուլուել։

Դիլիջանի դպրոցի առանձնայատկութիւնը համարում է այն, որ ի տարբերութիւն այլ երկրներում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլուր սովորող ուսանողների, Հայաստանում սովորողները ստիպուած չեն փոխել իրենց ինքնութիւնը, քանի որ Դիիջանում խրախուսւում է այդ ինքնութեան պահպանումը։

 

PanARMENIAN.Net

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ