Մայիսի 24-ին Լոս Անճելըսում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան նախաձեռնութեամբ և Քալիֆորնիայի խորհրդատուական ընկերութեան աջակցութեամբ տեղի ունեցաւ հանդիպում, որին մասնակցում էին Լոս Անճելըսի, Օրէնճի մարզերի, Կլենտէյլ և Լոս Անճելըս քաղաքների առևտրի պալատների ղեկավարներ, բիզնէս ոլորտի խորհրդատուական կառոյցների անդամներ և ամերիկեան խոշոր և միջին ընկերութիւնների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում ՀՀ գլխաւոր հիւպատոսութեան ներկայացուցիչ Վալերի Մկրտումեանը ներկայացրեց Հայաստանի ներդրումային միջավայրը՝ անդրադառնալով օրէնսդրութեանը, հեռանկարային ոլորտներին և գործարար պոտենցիալին: Քննարկման մասնակիցները հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու նաև «KPMG» միջազգային հեղինակաւոր խորհրդատուական ընկերութեան վերլուծութեանը Հայաստանի ներդրումային հնարաւորութիւնների, հարկային քաղաքականութեան ու Հայաստանի կառավարութեան կողմից ներդրողներին տրուող արտօնութիւնների մասին:
Քալիֆորնիայի խորհրդատուական ընկերութեան ղեկավար Սթիվ Սամուէլեանը նշեց, որ ամերիկեան գործարար դաշտի հետ յարաբերութիւնների նոր սկիզբ է դրւում, յաւելելով, որ բիզնէս-քննարկումները կը շարունակուեն նաև առաջիկայում՝ տեղեկատուական տեխնոլոգիաների և բազմաթիւ այլ ոլորտներում ներդրումային հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Խօսելով առաջիկայ ծրագրերի մասին՝ Սթիվ Սամուէլեանը յայտնեց, որ նախատեսւում է կազմակերպել ամերիկեան մի քանի խոշոր ընկերութեան ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ներդրումային դաշտին տեղում ծանօթանալու և փոխգործակցութեան հնարաւորութիւնները գնահատելու նպատակով: