«Ալաշկերտը» Հայաստանի ախոյեան
Կայացան ՀՀ ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեան նախավերջին 29-րդ մրցափուլի հանդիպումները։
«Փիւնիկ»-«Արարատ»՝ 2-1
«Գանձասար»-«Բանանց»՝ 2-1
«Ալաշկերտ»-«Շիրակ»՝ 3-1
Դասաւորութիւն. «Ալաշկերտ»՝ 61, «Գանձասար»՝ 56, «Շիրակ»՝ 52, «Փիւնիկ»՝ 42, «Բանանց»՝ 21, «Արարատ»՝ 12 միաւոր։
«Ալաշկերտը» վերջին մրցափուլից առաջ 2-րդ տարին անընդմէջ դարձաւ ՀՀ ախոյեան։
• ՀՀ առաջնութիւնից ազգային հաւաքական են հրաւիրուել 7 ֆութպոլիստ։ Այսպիսով ՀՀ հաւաքական են հրաւիրուել արտերկրում հանդէս եկող 16 եւ ՀՀ առաջնութեան 7 ֆութպոլիստ։ Յիշեցնենք, որ Յունիսի 4-ին Երեւանում կը կայանայ Հայաստան-Սենթ Քիթս եւ Նեւիս ընկերական հանդիպումը, իսկ Յունիսի 10-ին, Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում՝ աշխարհի 2018 թ. առաջնութեան ընտրական փուլի Մոնթենեգրօ-Հայաստան հանդիպումը։
Նշենք, որ թիմերի երեւանեան հանդիպումն աւարտուել էր հայ ֆութպոլիստների կամային յաղթանակով՝ 3-2 հաշուով։
• Մայիսի 25-ին «Տինամօ» մարզադահլիճում կայացել է ֆութզալի ՀՀ առաջնութեան եզրափակիչ երրորդ հանդիպումը «Լեոյի» եւ «Չարբախի» միջեւ։ Հանդիպման հիմնական ժամանակն աւարտուել է 7-7 հաշուով։ Յետխաղեայ 6 մեթրանոց հարուածներով «Լեոն» յաղթել է 3-2 հաշուով եւ առաջին անգամ դարձել է Հայաստանի ախոյեան։
• ՀՀ կառավարութիւնը վաճառքի է հանել «Հրազդան» մարզահամալիրը։ Յիշեցնենք, որ 2003 թ. կառավարութեան որոշմամբ մարզադաշտը վաճառուել էր Աշոտ Աղաբաբեանին։ 2015 թ. մարզահամալիրը սնանկ է ճանաչուել։
• Սլովակիայում կայացել է Սլովակիայի եւ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հաւաքականների միջեւ 2 ընկերական հանդիպում։ Առաջինում դաշտի տէրերը յաղթել են 5-1 հաշուով, իսկ երկրորդում 3-2 հաշուով՝ հայ ֆութպոլիստները։
• Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հաւաքականը ՌԴ-ի Սոչի քաղաքում կը մասնակցի միջազգային մրցաշարի, որին կը մասնակցեն Ղազախստանի, Տաջիկստանի, Կրասնոդարի մարզի եւ ՀՀ-ի հաւաքականները։
Հայկական մարզական խճանկար
• Աւարտուեց գեղասահքի ՀՀ բաց առաջնութիւնը։ Մեծահասակների մրցոյթի տղամարդկանց մենասահքում ՀՀ ախոյեան դարձաւ Սլավիկ Հայրապետեանը, իսկ կանանց մենասահքում՝ Անաստասիա Գալուստեանը։ Թինա Կարապետեան-Սիմոն Պրօ Սենեկալ պարային զոյգը առաջինն էր եւ միակը։ Ցուցադրական ելոյթով հանդէս եկաւ Վիքթորիա Ազրոյեան-Ֆիլիփ Խարիսով պարային զոյգը։
• Լեհաստանի Կատովիցէ քաղաքում անցկացուած բազկամարտի Եւրոպայի առաջնութիւնում ՀՀ-ի մարզիկները նուաճել են 1 ոսկէ, 4 արծաթէ եւ 1 պրոնզէ մետալ։ Դաւիթ Մադոյեանը (+90 քկ.) հռչակուել է ախոյեան ձախ ձեռքի վարժութիւնից՝ երիտասարդների մէջ։ Արծաթէ մետալակիրներ են դարձել Վլադիմիր Մնացականեանը (85 քկ., ձախ ձեռք), Դաւիթ Բոյախչեանը (110 քկ., աջ ձեռք), Աշոտ Ադամեանը (60 քկ.) ձախ ձեռքով նուաճել է պրոնզէ մետալ, իսկ աջով՝ արծաթէ։ Այժմ մեր բազկամարտիկները պատրաստւում են Սեպտեմբերի 2-11-ը Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնութեանը։
Շախմատային խճանկար
• ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում աւարտուեց «2017 Spring Chess Classic» փառատօնը, որի շրջանակներում ընդգրկուած է գերազանցապէս գրոսմայստերներով անցկացուող երեք («Ա», «Բ», «Գ») մրցաշար։ Փառատօնին ԱՄՆ-ի դրօշի ներքոյ մասնակցեցին երկու հայ գրոսմայստերներ՝ Վարուժան Յակոբեանը («Ա» խումբ) եւ Սամուէլ Սեւեանը («Բ» խումբ)։
Մեր երկու հայրենակիցներն էլ գերազանց հանդէս եկան։ «Ա» խմբում 9 հնարաւորից վաստակելով 6 միաւոր յաղթեց Վարուժան Յակոբեանը, իսկ «Բ» խմբում 10 հնարաւորից վաստակելով 6.5 միաւոր՝ Սամուէլ Սեւեանը։
• Աւարտուեց Մոսկուայում անցկացուող ՖԻԴԷ-ի «Կրան Փրի»-2-րդ մրցաշարը։ 9 մրցափուլերում վաստակելով 6 միաւոր մրցաշարի յաղթող դարձաւ չինացի Դին Լիժենը։ Երկրորդը ատրպէյճանցի Մամեդիարովն էր՝ 5.5 միաւոր։ 5 միաւորով 3-9-րդ տեղերը կիսեցին 6 շախմատիստներ։
• Յունիսի 5-17-ը Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայանալու է «Norway Chess» գերմրցաշարը։ Մրցաշարին կը մասնակցի Լեւոն Արոնեանը։ Նրա մրցակիցները կը լինեն. Կառլսենը, Սոն, Կրամնիկը, Կարուանան, Վաշիէ-Լագրաւը, Նակամուրան, Անանդը, Գիրին եւ Կարյակինը։