Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Արմէն Մխսեանն արժանացել է «Երախտագիտութեան» մետալի

Երախտագիտութիւնն  ազնիւ առաքինութիւն է, շնորհակալութեան վեհ արտայայտութիւն, որը ծնւում է մարդու հոգեկան աշխարհում այն ժամանակ, երբ կարողանում են գնահատել արուած ծառայութիւնն ու անբասիր նուիրումը։

Բոլորովին վերջերս էր, որ Լոս Անճելըսի յայտնի ձեռներէցների, մտաւորականների ու համայնքի ղեկավարների  աստղաբոյլը հաւաքուել էր Կլենտէյլի «Մետրոպոլ» սրահում, մեծարելու հոլիվուտահայութեան կեանքում հանրայայտ գործարար և հասարակական գործիչ Արմէն Մխսեանին։

Օրուայ մեծարժանի անունը սերտօրէն կապուած է ԹՄՄ Արշակ Տիգրանեան, Ռոզ և Ալեք Փիլիպոս  վարժարանների, ինչպէս նաև Լոս Անճելըսի հայութեան հոգևոր խանձարուր, Ս․ Յովհաննու Կարապետ եկեղեցու հետ։ Պատանեկան տարիներից Արմէն Մխսեանը ձեռնամուխ է եղել Հոլիվուտում հիմնելու “Little Paris”  առևտրի կենտրոնը, որն էլ հրաշալի առիթ է եղել ամենօրեայ շփումների միջոցով, աւելի մօտ կանգնել հայրենակիցներին և իր աւանդը ու մնայուն ներդրումը կատարել հայութեան կեանքի ամենատարբեր ոլորտներում։ Ի դէպ, շատ շուտով հանրայայտ “Little Paris”  առևտրի կենտրոնն իր մասնաճիւղը պիտի բացի նաև Վէն Նայս (13521 Sherman Way #1 , Van Nuys, CA 91405)  քաղաքում:

Գնահատելով Արմէն Մխսեանի բազմամեայ, արդիւնաւէտ նուիրուածութիւնը, համայնքին ու եկեղեցուն, ինչպէս նաև ծառայելու զօրաւոր ներուժը ՝ Հոլիվուտի Ս․ Յովհաննու Կարապետ եկեղեցու հովուի, պաշտօնէութեան և հաւատաւոր ժողովուրդի խնդրանքով, Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնն Արմէն Մխսեանին շնորհել էր «Երախտագիտութեան» մետալ։ Շքանշանը յանձնեց Հարաւային Քալիֆորնիայի առաջնորդական փոխանորդ, Ս․ Յովհաննու Կարապետ եկեղեցու հովիւ, արժանապատիւ Տ․ Մանուկ աւագ քահանայ Մարգարեանը։  Տէր հայրն օրհնութեան խօսքում ջերմօրէն շնորհաւորեց մեծարեալին և յոյս յայտնեց, որ նրա խանդավառող օրինակը պիտի վարակի շատերին ի սէր Հայաստանի Հանրապետութեան և ի սէր Առաքելահաստատ Մայր Եկեղեցու։

 

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍՐԿ. ԳՈՒՄՐՈՒԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ