Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

Մեր Մեծերը.ՍԱՀԱԿ ՊԱՐԹԵՒ

Սահակ Պարթեւը ծնուել է 348 թուականին Կեսարիայում: Նրա հայրն է Ներսէս Պարթեւը, իսկ մայրը՝ Սահանդուխտ Մամիկոնեանը: Տարօնում տարրական ուսումնառութիւնից յետոյ մեկնել է մեծ քաղաքներ՝ Կեսարիա, Ալեքսանդրիա, Կոստանդնուպոլիս շարունակելու ուսումը եւ հմտանալու մի քանի ասպարէզներում: Նա դառնում է քաջահմուտ հայկաբան, յունաբան, բարձր մակարդակի է հասցնում նաեւ ասորերէնն ու պարսկերէնը: Ձեռնադրուելով եպիսկոպոս հաստատուել է Էջմիածնի վանքում: Կաթողիկոսի պաշտօնում աջակցել է Խոսրով Գ. թագաւորին, սակայն Սասանեան քինոտ թագաւոր Վռամ Դ.-ը 389 թուականին բանտարկել է Խոսրով Գ. թագաւորին Անյուշ բերդում, իսկ Սահակ Պարթեւին հեռացրել է հայրապետական պաշտօնից: Հայոց նոր թագաւոր Վռամշապուհի միջամտութեամբ Սահակ Պարթեւը վերահաստատուել է իր աթոռին:

Հայոց գրերի գիւտից յետոյ հայագիր դասընթացները նրա հրամանով պարտադիր են դառնում Արեւելեան Հայաստանում: Երկրի կարճատեւ խաղաղութեան պայմաններում մշակութային  համազգային գործունէութիւն է ծաւալել Մեսրոպ Մաշտոցի հետ: Ունի թարգմանական եւ ինքնուրոյն ճոխ աշխատութիւններ: Մեծ դեր է ունեցել Աստուածաշնչի թարգմանութեան ու կանոնացման գործում: Սահակ Պարթեւի միջնորդութեամբ Սասանեան Յազկերտ Ա. թագաւորը բանտարկութիւնից ազատել ու հայոց թագաւոր է ճանաչել Խոսրով Գ.-ին, որը հազիւ մէկ տարի գահակալելուց յետոյ վախճանուել է: Նրան յաջորդած դրածոյ թագաւոր Շապուհ Պարսիկի մահուանից յետոյ Սահակ Պարթեւի ջանքերով 422 թուականից հայոց թագաւոր է ճանաչուել Վռամշապուհի տասնութամեայ որդի Արտաշէս Գ.-ը:

Սահակ Պարթեւը նշանակալի գործունէութիւն է ծաւալել նաեւ Արեւմտեան Հայաստանում, որը գտնւում էր Բիւզանդական կայսրութեան կազմում: Սասանեան Վռամ Ե. թագաւորը քաղաքական մեղադրանքներ յարուցելով Սահակ Պարթեւի ու Արտաշէս Գ.-ի դէմ, 428 թուականին նրանց կանչել է Տիզբոն ու ձերբակալել: Հայերի դժգոհութիւնները մեղմելու համար յիշեալ թագաւորը 432 թուականին աքսորից ազատել է Սահակ Պարթեւին: 439 թուականին, երբ Սասանեան Յազկերտ Բ. թագաւորը պատերազմ է յայտարարել Բիւզանդիային՝ ռազմաբեմ դարձնելով Հայաստանն ու Հայոց Միջագետքը, Սահակ Պարթեւն ընդառաջ ելնելով, փորձել է կանխել արիւնայեղութիւնը, բայց վախճանուել է ճանապարհին:      

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ