Կիրակի, Նոյեմբեր 10, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Մոնթէնեգրօ-Հայաստան՝ 4-1 (2-0)

Յունիսի 10ին Աշխարհի 2018թ. առաջնութեան որակաւորման փուլի 6րդ մրցափուլում Հայաստանի հաւաքականը Պոդգորիցայի «Գրադսկի» մարզադաշտում հանդիպեց Մոնթէնեգրոյի ընտրանու հետ։ Առաջին խաղակէսն անցաւ դաշտի տէրերի առաւելութեամբ եւ աւարտուեց 2-0 հաշուով։ Երկրորդում՝ հաւասար պայքար էր, սակայն դաշտի տէրերը աւելի յաջողակ էին։ Դաշտի տէրերից աչքի ընկաւ իսպանական «Սեւիլիայի» յարձակուող Ստեւան Յովետիչը, ով դարձաւ հեթ-թրիկի հեղինակ։ ՀՀ հաւաքականից միակ կոլի հեղինակ դարձաւ Ռուսլան Կորեանը՝ 88րդ րոպէին։

ՀՀ հաւաքականը հանդէս եկաւ այսպիսի կազմով՝ Արսէն Բեգլարեան, Գագիկ Դաղբաշեան, Տարօն Ոսկանեան, Գաէլ Անդոնեան, Մարկոս Պիզելլի (Տիգրան Բարսեղեան, 73), Ռուսլան Կորեան, Կամօ Յովհաննիսեան, Արտակ Գրիգորեան, Հրայր Մկոյեան (Արտակ Եդիգարեան, 46), Հենրիխ Մխիթարեան, Արաս Օզբիլիս (Էդգար Մանուչարեան, 59)։ Հաւաքականից դեղին քարտ ստացան Կորեանը եւ Գրիգորեանը։

Սեպտեմբերի 1ին Ռումինիայում ՀՀ հաւաքականը կը մրցի տեղի հաւաքականի հետ։ Այս խմբի միւս հանդիպումների արդիւնքները. Ղազախստասն-Դանիա՝ 1-3, Լեհաստան-Ռումինիա՝ 3-1։ Դասաւորութիւն. Լեհաստան՝ 16, Մոնթէնեգրօ եւ Դանիա՝ 10-ական, Ռումինիա եւ Հայաստան՝ 6-ական, Ղազախստան՝ 2 միաւոր։

 

Հայկական ֆութպոլի խճանկար

 

• Սիրիայի հաւաքականը Ճափոնիայում 1-1 է խաղացել տեղի հաւաքականի հետ։ Հանդիպման հաշիւը 48-րդ րոպէին գլխի հարուածով բացել է 25-ամեայ հայ ֆութպոլիստ Մարտիկ Մարտիկեանը։

• ՀՀ երիտասարդական հաւաքականի նախկին յարձակուող Սարգիս Ադամեանը իր գործունէութիւնը կը շարունակի գերմանական 2-րդ Բունդեսլիկայում հանդէս եկող «Յան Ռեգենսբուրգում»։ 24-ամեայ ֆութպոլիստը, ով հանդէս էր գալիս ռեգիոնալ լիկան ներկայացնող «Շտայնբախում», նոր ակումբի հետ 2 տարուայ պայմանագիր է կնքել։

• Սոչիում (ՌԴ) աւարտուած մինչեւ 16 տարեկանների միջազգային մրցաշարում ՀՀ Մ-16 տարեկանների հաւաքականը եզրափակիչ խաղում 4-2 հաշուով յաղթեց Ղազախստանի իր հասակակիցներին եւ դարձաւ մրցաշարի յաղթող։ ՀՀ Մ-16 հաւաքականը տարաւ 3 յաղթանակ եւ կրեց 1 պարտութիւն։

 

Միջազգային ֆութպոլ, ընկերական հանդիպումներ

 

• ԱՊԼ-ի պաշտօնական կայքը տեղեկացնում է, որ «Մանչեսթըր Եունայթըտի» յարձակուող Զլատան Իբրահիմովիչը ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։

• Շատ հաւանական է, որ Մատրիտի «Ռէալի» յարձակուող Քրիստիանօ Ռոնալդուն չի մասնակցի Օգոստոսի 8ին Մակեդոնիայում կայանալիք «Ռէալ»-«Մանչեսթըր Եունայթըտ» գերգաւաթի (սուփերգաւաթ) խաղին։

• Վերջին շաբաթուայ ընթացքում կայացել են մի շարք ընկերական հանդիպումներ։

 

Ֆութպոլի կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը

 

Յունիսի 17ից Յուլիսի 2ը Ռուսաստանում կ՚անցկացուի կոնֆեդերացիաների գաւաթի խաղարկութիւնը։ Խաղերը կը կայանան՝ Մոսկուայում, Սանկտ Փեթերբուրգում, Կազանում եւ Սոչիում։ Ա. խմբում ընդգրկուած են՝ Ռուսաստանը, Նոր Զելանդիան, Փորթուգալիան, Մեքսիկան։ Բ. խմբում՝ Քամերունը, Չիլին, Աւստրալիան եւ Գերմանիան։

 

Ասպարէզում են հայ թեթեւ աթլետները

 

• Թեթեւ աթլետիկայի Վրաստանի բաց առաջնութիւնում ՀՀ հաւաքականի անդամներ Լիլիթ Յարութիւնեանը՝ 400 մեթր վազքում եւ Էլլադա Ալավերդեանը՝ 1500 մեթր վազքում դարձել են Վրաստանի ախոյեաններ։ Այնուհետեւ մեր աթլետները պատրաստուելով Եւրոպայի թիմային առաջնութեանը Իսթանպուլում մասնակցեցին Պալքանեան երկրների բաց առաջնութեանը, որին մասնակցում էին 17 երկրների մարզիկներ։

Այս մրցումներում Գայիանէ Չիլոյեանը պատանիների մրցումներում 100 մեթր վազքում 12.28 վրկ. արդիւնքով դարձել է յաղթող։

Էլլադա Ալավերդեանը 2000 մեթր խոչընդոտներով վազքում նուաճել է պրոնզէ մետալ (11.10։78)։ ՀՀ միւս ներակայացուցիչ Անգելինա Աւագեանը 800 մեթր վազքում (2.19։13) արդիւնքով 8-րդն էր։ Տղաների պայքարում Դաւիթ Սարգսեանը 100 մեթր վազքում 11.83 վրկ. արդիւնքով 12-րդ տեղում էր, իսկ Եուրա Խաչատրեանը 11.96 վրկ. արդիւնքով՝ 14-րդը։ Դաւիթ Սարգսեանը 400 մեթր վազքում զբաղեցրել է 8-րդ տեղը (50.93 վրկ.)։

Թիմային հաշուարկով առաջնութեանը մասնակցած երկրների մէջ ՀՀ աղջիկները գրաւել են 8-րդ, իսկ տղաները՝ 14-րդ տեղը։

 

Հայկական մարզական խճանկար

 

• Բռնցքամարտի ՀՀ հաւաքականը Երեւանի Օլիմպաւանում նախապատրաստում է Յունիսի 14-25-ը Ուքրանիայի Խարկով քաղաքում կայանալիք Եւրոպայի առաջնութեանը։

Գլխաւոր մարզիչ Դաւիթ Թորոսեանի եւ 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանեանի գլխաւորութեամբ հաւաքին մասնակցում են 22 բռնցքամարտիկ։

• ՌԴ-ն ներկայացնող հայազգի թենիսիստ Կարէն Խաչանովը թենիսի Ֆրանսիայի բաց առաջնութեան 3-րդ շրջանում 7։6, 6։3, 6։7, 7։6 հաշուով յաղթել է ամերիկացի Ճոն Իգներին։ Մինչ այդ Խաչանովը յաղթել էր չեխ Թոմաշ Բերդիխին (7։5, 6։4, 6։4) եւ չիլիցի Նիկոլաս Ջարիին (6։4, 3։6, 7։6, 6։1)։ Չորրորդ շրջանում Կարէնի մրցակիցն էր  աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարէյը։ Մարէյը յաղթեց 6։3, 6։4, 6։4 հաշուով։

• Ջրացատկի ՀՀ հաւաքականի անդամներ Վլադիմիր եւ Ազատ Յարութիւնեան եղբայրները 10 մեթր միաժամանակեայ (սինքրոն) աշտարակացատկ մարզաձեւում դարձել են Մատրիտի «Կրան Փրի» խաղարկութեան արծաթէ մետալակիր։

• ՀՀ բռնցքամարտի հաւաքականի 3 ամդամներ յաջողութեամբ հանդէս են գալիս նաեւ արհեստավարժ ռինգում։ Վորոնեժում Արամ Աւագեանը իր երրորդ մենամարտում երրորդ յաղթանակն է տօնել ուզբեկ Շարաֆիդին Ժուրախոնովի նկատմամբ։ Իր չորրորդ յաղթանակն է տօնել նաեւ Նարեկ Աբգարեանը, ով առաւելութեան է հասել վրացի Գագի Եդիշերաշվիլու նկատմամբ։ Նարեկը նոյնպէս պարտութիւն չունի։ Նորամուտը արհեստավարժ ռինգ յաղթանակով է նշել Գոռ Երիցեանը, որի մրցակիցը եղել է ռուսաստանցի Դենիս Կենժեկուլիեւը։

• Հրաչեայ Ռոստոմեանը վերնշանակուել է ՀՀ սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարար։

• Երեւանի օլիմպաւանում մարուել եւ շրջանառութեան մէջ է դրուել մէկ նամականիշով գեղաթերթիկ՝ նուիրուած «Սպորտ. հայ օլիմպիական ախոյեաններ. Արթուր Ալեքսանեան» թեմային։

«Ինձ համար մեծ պատիւ է, որ իմ նկարով նամականիշ է մարւում», ասել է Արթուր Ալեքսանեանը։

• Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդական հաւաքականը Պելառուսում մասնակցել է միջազգային մրցաշարի եւ նուաճել 2 ոսկէ, 3-ական արծաթէ եւ պրոնզէ մետալ։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ