Ուրբաթ, Դեկտեմբեր 13, 2024

Շաբաթաթերթ

Արշաւորդ Թելմա Ղազարեան Հայաստանի եւ Արցախի մէջ

Ես մանկուց սպորտում եմ եւ ամէնուր ներկայացնում եմ Հայաստանը, բայց այդ մասին ոչ ոք չգիտի: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ամերիկաբնակ լեռնագնաց, արշաւորդ, վազորդ, 42ամեայ Թելմա Ղազարեան Ալթունին: Վազորդուհին Հայաստանում է 283 կմ. երկարութեամբ ուլտրամարաթոն իրականացնելու նպատակով.  վազքը կ՚իրականացուի Վարդենիսից դէպի Հադրութ`Janapar Trail լեռնային արահետով:

Երկու երեխաների մայր Թելմա Ղազարեանը մեծ ոգեւորութեամբ է պատրաստւում իր վազքին: Լրագրողների հետ հանդիպմանը եկել էր Հայաստանի ու Արցախի դրօշները պատկերող շապիկով: Նա պատմեց, որ 283 կմ. երկարութիւնը նրա ռեկորդը չէ. յաղթահարել է աւելի երկար տարածութիւն:

«Գաղափարը ծագել է երկու տարի առաջ: Ես եւ ինձ վազքի ընթացքում ուղեկցող, ամերիկացի Հանս Քայֆերը, ով նման արշաւներ է իրականացնում լեռնային հեծանիւներով, որոշեցինք, որ ուզում ենք մի ինչ-որ լավ բան անել Հայաստանի համար, մեր ուժն ու էներգիան տալ լաւ նպատակի համար: Janapar Trail արշաւային արահետի մասին ինձ պատմել է Հանսը: Ասաց, որ նման վազքարշաւ ոչ ոք չի իրականացրել, առաջինը մենք վազենք: Այդտեղից ծնուեց ծրագիրը, դրեցինք նաեւ նպատակ, որ նաեւ գումար հաւաքենք արահետի բարելաւման համար, որպէսզի արշաւորդները մէկ ուղղութիւն ունենան Հայաստանից Արցախ:

Ճանապարհն ուսումնասիրուած է, գիտենք բոլոր դժուարութիւնները, անանցանելի վայրերը, հատուածները: Երկու տարի արդէն ուսումնասիրում եմ արահետը GPS-ով, գիտեմ, որքան պէտք է բարձրանալ, իջնել, լողալ, ցեխերի միջով անցնել, քարքարոտ վայրերը որտեղ են:

Ըստ նախնական տուեալների, 3 օր է տեւելու վազքը: Գիշերները ուզում էինք չկանգնել, բայց ապահովութեան համար միայն առաջին գիշերը կը փորձենք վազել, բայց երկրորդ եւ երրորդ գիշերը կանգնենք մի տեղ: Յունիսի 8ին սկսում ենք, ցանկանում ենք Յունիսի 10ի գիշերը ժամը 10ին հասնենք Հադրութ:

Հայաստանը լեռնային երկիր է, սարեր, քարեր, ձորեր, բայց ինձ չեն վախեցնում այդ բարդութիւնները: Ես ինձ հետ ունեմ թալիսման, դա իմ խաչն է, եւ այն միշտ ինձ օգնում է իմ առջեւ դրած բարդութիւնները յաղթահարել: Ամբողջ կեանքս վազել եմ,  աշխարհի շուրջը վազել եմ՝ Հայաստանի դրօշը պարզած, մէջքիս կրած ու Հայաստանը պրոպագանդելով: Ես մանկուց սպորտում եմ եւ ամէնուր ներկայացնում եմ Հայաստանը, բայց այդ մասին ոչ ոք չգիտի»,- մանրամասնեց Թելմա Ղազարեանը: 

Վազորդուհին ծնուել է Իրանում, պատանեկութեան տարիներից տեղափոխուել է ԱՄՆ, որտեղ էլ սկսել է վազել ու սիրահարուել այս մարզաձեւին:

«Հայ Լեռնագնացների միութիւն-Հայաստան» կազմակերպութեան նախագահ Գէորգ Գասպարեանի խօսքով, ուլտրամարաթոնը նպատակ ունի Հայաստանում եւ Արցախում զարգացնել զբօսաշրջութիւնը:

ԼՈՒՍԻՆԷ ՇԱՀԲԱԶԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ