Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Վարչապետ Կարապետեանի շնորհաւորական ուղերձը ԱՄՆի անկախութեան 241րդ տարեդարձին առիթով

Վարչապետ Կարէն Կարապետեանն Ամերիկայի Միացեալ Նահանգների անկախութեան օրուայ առթիւ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանութիւն: Կառավարութեան ղեկավարը շնորհաւորել է դեսպան Ռիչըրտ Միլսին, դեսպանութեան աշխատակիցներին և Միացեալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ ԱՄՆ անկախութեան 241րդ տարեդարձի առթիւ

Շնորհաւորական ուղերձում վարչապետ Կարապետեանը նշել է.

«Յարգելի պարոն Միլս, տիկնայք և պարոնայք,

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան և իմ անունից շնորհաւորում եմ Ձեզ, պարոն դեսպան, դեսպանութեան աշխատակիցներին և Ամերիկայի Միացեալ Նահանգների բարեկամ ժողովրդին՝ Անկախութեան օրուայ կապակցութեամբ: Սա կարևորագոյն տօն է ցանկացած ժողովրդի համար: 

Այս տարի մեր երկու երկրների միջև դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման 25ամեակն է, և դա լաւ առիթ է մեր համատեղ անցած ճանապարհին յետադարձ հայեացք նետելու համար: Լաւ առիթ է ևս մէկ անգամ երախտագիտութիւն յայտնելու Միացեալ Նահանգների կառավարութեանը և ժողովրդին՝ Հայաստանի անկախացումից ի վեր ցուցաբերուած և ցուցաբերուող բազմաբնոյթ օժանդակութեան համար:

Մենք մեծապէս արժևորում ենք ԱՄՆ հետ մեր ամուր բարեկամութիւնն ու սերտ համագործակցութիւնը և ուրախ ենք, որ համատեղ ջանքերով այն շարունակական է և զարգանալու միտում ունի: Միացեալ Նահանգները Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է: Մենք յաջողութեամբ համագործակցում ենք էներգետիկայի, տեղեկատուական տեխնոլոգիաների, գիւղատնտեսութեան և այլ ոլորտներում: Համագործակցութեան առաջխաղացման համար ունենք լաւ հարթակներ՝ հայ-ամերիկեան միջկառավարական յանձնաժողովը և ներդրումների ու առևտրի շրջանակային համաձայնագրի խորհուրդը, որոնք կարող են լինել աւելի արդիւնաւէտ: 

Լիայոյս ենք, որ մենք այս հարթակներն օգտագործելով՝ կարող ենք նպաստել ամերիկեան ներդրումները դէպի Հայաստան բերելու գործընթացին: Հայաստանը բարձր է գնահատում այն դերակատարութիւնը, որը Միացեալ Նահանգները՝ որպէս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ունի ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացում:

Օգտուելով առիթից՝ ցանկանում եմ շնորհաւորել նաև ԱՄՆում բնակուող մեր հայրենակիցներին և ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր մեծապէս նպաստում են մեր երկու ժողովուրդների բարեկամութեան ամրապնդմանը և մեծ աւանդ ունեն այդ գործում: 

Աւարտելով խօսքս՝ ուզում եմ շնորհակալութիւն յայտնել հրաւէրի, ջերմ ընդունելութեան, այս մթնոլորտի համար: Պարոն դեսպանի թոյլտուութեամբ ցանկանում եմ խօսել մեր գործընկերային յարաբերութիւնների մասին: Իրականում մենք ունենք շատ լաւ, աշխատանքային, գործընկերային, ազնիւ և անկեղծ յարաբերութիւններ: Շատ ուրախ եմ դրա համար և պատրաստակամ եմ այն շարունակել: Մենք շատ բաց և անկեղծ խօսում ենք մեզ յուզող բոլոր հարցերի վերաբերեալ: Եւս մէկ անգամ շնորհաւորում եմ և բոլորին մաղթում եմ լաւ տրամադրութիւն»:

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ