Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

Վան Յայտնաբերուել են նախաքրիստոնէական շրջանի բազմաթիւ յուշարձաններ

Պատմական Հայաստանի որոշ տարածքներում ներկայում պեղումներ են անցկացւում: Թուրք հնագէտները իրանցի հնագէտների հետ միասին պեղումներ են անցկացնում Վանում: ԵՈՒՆԵՍՔՕի և տեղի հնագիտական ընկերութեան միջոցներով պեղումներ են անցկացւում նաև Անիում: «Արմէնփրէս»ի հաղորդմամբ՝ Օգոստոսի 4ին լրագրողների հետ կայացած հանդիպմանը պատմական Հայաստան կատարած ուխտագնացութեան արդիւնքներն ամփոփեց ԵՊՀ պատմութեան ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասեանը:

«Տեղի թուրք հնագէտները իրանցի հնագէտների խմբի հետ պեղումներ են կատարում Վանի տարածքում: Իրանական հնագէտներից տեղեկութիւններ ունենք, որ յայտնաբերուել են նախաքրիստոնէական շրջանի բազմաթիւ յուշարձաններ, հնադարեան մարդու ոսկորներ, բնակարանների հետքեր: Վանում ժայռափոր կառոյցի վրայ պահպանուել են ասորական և ուրարտական արձանագրութիւններ: Հետաքրքիր արձանագրութիւններ են պահպանուել նաև բերդի ամբողջ տարածքում», ասաց Էդիկ Մինասեանն ու յաւելեց, որ բերդից երևում է Քաղաքամէջն ու Այգեստանը՝ աւերուած վիճակում:

Մինասեանի խօսքով՝ ներկայում պեղումներ են անցկացնում նաև Անիում: «Պեղումները կատարւում են պարիսպների շրջակայքում՝ ԵՈՒՆԵՍՔՕի և տեղի հնագիտական ընկերութեան միջոցներով: Կարծես՝ յայտնաբերւում են պարիսպների հիմքի վրայ կառուցուած հնագոյն բերդի մնացորդները», նշեց նա:

Էդիկ Մինասեանը նկատել էր, որ վերջին ժամանակներում շատացել են նաև շինարարական աշխատանքները՝ յատկապէս Կարսի բերդի տարածքում: 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ