Չորեքշաբթի, Դեկտեմբեր 25, 2024

Շաբաթաթերթ

Մարզական կեանք

Պասքեթպոլի ՀՀ հաւաքականը դուրս մնաց յետագայ պայքարից

 

Օգոստոսի 19ին 2019թ. աշխարհի առաջնութեան Ա. խմբի ընտրական փուլի վերջին խաղում ՀՀ հաւաքականը ընդունեց Պոսնիա եւ Հերցեկովինայի ընտրանուն, որի դաշտում պարտուել էր։

Հանդիպումն անցաւ հիւրերի առաւելութեամբ եւ աւարտուեց նրանց յաղթանակով՝ 83։66 (24։25, 20։16, 21։21, 18։4) հաշուով։ ՀՀ ընտրանին 6 մրցափուլում վաստակեց 9 միաւոր եւ խմբում գրաւեց 3-րդ տեղը։ Ա. խմբի միւս խաղում Շուէդիայի ընտրանին 86։82 հաշուով յաղթեց Սլովաքիայի հաւաքականին ու Պոսնիա եւ Հերցեկովինայի հաւաքականի հետ վաստակելով 10ական միաւոր անցան յաջորդ փուլ։ Աշխարհի առաջնութեան նաընտրական փուլում ՀՀ հաւաքականի ելոյթների մեծ ուշադրութեամբ հետեւում էին նաեւ եւրոպական ակումբները։ ՀՀ հաւաքականի խաղացող Անդրանիկ Չրաբաշը մէկ տարուայ պայմանագիր է կնքել բելգիական «Ապլետար» թիմի հետ։ 23ամեայ Անդրանիկը 5 խաղում միջինը վաստակել է 12.6 միաւոր։

Նշենք, որ ՀՀ պասքեթպոլի հաւաքականը կազմավորուել է այս տարի եւ առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնութեանը եւ նրա ելոյթը յուսադրող է։ Յայտնի է, որ ՀՀ ազգային հաւաքականը ԱԱ 2019ի ընտրական հիմնական փուլի ուղեգիր չնուաճելուց յետոյ հանդէս է գալիս Բ. բաժանմունքում։ Օգոստոսի 29ին յայտնի կը դառնան ՀՀ  հաւաքականի մրցակիցները։

Յաւելենք, որ Հայաստանում կը հիմնուի պասքեթպոլի ակադեմիա եւ 2018ից կ՚անցկացուեն տարբեր տարիքային խմբերի Հայաստանի առաջնութիւններ։

 

Հայկական ֆութպոլի խճանկար

 

ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացել է 2-3-րդ մրցափուլերի հանդիպումները, որոնք աւարտուել են այսպիսի արդիւնքներով.

«Փիւնիկ»-«Գանձասար»՝ 2-1, «Ալաշկերտ»-«Արարատ»՝ 3-0, «Շիրակ»-«Բանանց»՝ 1-0, «Բանանց»-«Ալաշկերտ»՝ 2-2, «Գանձասար»-«Փիւնիկ»՝ 0-1, «Արարատ»-«Փիւնիկ»՝0-0։

Դասաւորութիւն. «Շիրակ»՝ 9, «Փիւնիկ»՝ 5, «Ալաշկերտ» եւ «Արարատ»՝ 4-ական, «Բանանց»՝ 2, «Գանձասար»՝ 0 միաւոր։

• Երեւանում ՀՀ մինչեւ 19 տարեկանների հաւաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Ուզբեկստանի իրենց հասակակիցների հետ։ Առաջինում յաղթեցին հիւրերը (1-0), իսկ երկրորդում դաշտի տէրերը (4-1)։

• ՀՀ մինչեւ 19 տարեկան աղջիկների հաւաքականը Օգոստոսի 9-12-ը Հանքաւանում ընկերական հանդիպումներ է անցկացրել Օքլահոմա նահանգի «Բիզոն» թիմի հետ։ Առաջինում մեր աղջիկները պարտուել են 1-3 հաշուով, յաջորդ 2 խաղում յաղթել 2-1 եւ 1-0 հաշուով։

• Արկադի Անդրէասեանի 70-ամեակի առիթով ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը շնորհաւորել է նրան։ ՀԱՕԿի նախագահ Գագիկ Ծառուկեանն էլ նրան պարգեւատրել է օլիմպիական յուշավզնոցով։

• Ալեքսանդր Գրիգորեանը նշանակուել է Մոսկուայի «Արարատի» գլխաւոր մարզիչ։ Մինչ այդ Գրիգորեանը եղել է Մախաչկալայի «Անժիի» գլխաւոր մարզիչը։

• Սեպտեմբերի 1ին ՀՀ ազգային հաւաքականը Պուխարեստում աշխարհի 2018թ. առաջնութեան խմբային փուլում կը հանդիպի Ռումինիայի, իսկ Սեպտեմբերի 4ին Երեւանում՝ Դանիայի ընտրանու հետ։

ՀՀ հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանը արդէն հրապարակել է արտերկրում հանդէս եկող այն 16 ֆութպոլիստների անունները, որոնք հրաւիրուել են հաւաքական։

• 94 տարեկան հասակում իր մահկանացուն է կնքել ամերիկեան ֆութպոլի հռչակաւոր մարզիչ Արա Բարսեղեանը։ Նրա ղեկավարութեամբ 2 անգամ (1966 եւ 1973 թթ.) «Նոթր Տէյմ» խումբը նուաճել է ազգային ախոյեանութեան տիտղոսը։

 

Լեւոն Արոնեանը՝ Սենթ Լուիս մրցաշարի յաղթող

 

• Լեւոն Արոնեանը դարձել է ԱՄՆի Սենթ Լուիս քաղաքում աւարտուած արագ եւ կայծակնային խաղի մրցաշարի յաղթող։ Արոնեանը վաստակել է 24.5 միաւոր եւ 3 միաւորով գերազանցել է 2-3-րդ տեղերը զբաղեցրած Սերգէյ Կարյակինին եւ Հիկարու Նակամուրային։ Լեւոնը արագ խաղի մրցաշարում վաստակել էր 12, իսկ կայծակնային խաղում՝ 12.5 միաւոր։

Մրցաշարին մասնակցում էր նաեւ աշխարհի 13րդ ախոյեան Գարրի Կասպարովը, ով 10 մասնակիցների մէջ 16 (9+7) միաւորով գրաւեց 8-րդ տեղը։ Նշենք, որ Լեւոն Արոնեանը Սեպտեմբերի 30ին ամուսնանալու է ֆիլիփինցի Արիանա Կաոլին հետ։

 

 

Մաքսիմ Մանուկեանը հռչակուեց աշխարհի ախոյեան

 

 

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում աւարտուեց յունահռոմէական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնութիւնը: Մրցումային երկրորդ օրը պայքարի մէջ մտան Հայաստանը ներկայացնող երեք ըմբիշներ:

80 քկ. քաշային կարգում հրաշալի ելոյթներ ունեցաւ Մաքսիմ Մանուկեանը: Եզրափակիչ գօտեմարտում Մանուկեանը 5:0 հաշուով ջախջախեց Պելառուսը ներկայացնող ըմբիշ Ռադիկ Կուլիևին և հռչակուեց աշխարհի ախոյեան:

29-ամեայ Մաքսիմ Մանուկեանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 10:1 հաշուով յաղթել էր իրանցի մարզիկին: 1/8 եզրափակիչ փուլում հայ ըմբիշը ուժեղ էր գտնուել շուէդ Ալեքս Միշելից՝ առաւելութեան հասնելով 8:4 հաշուով: Քառորդ եզրափակիչում Մանուկեանը 3:0 հաշուով յաղթել էր գերմանացի Պասկալ Էյզելին և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ 7:0 հաշուով պարտութեան էր մատնել Եւրոպայի գործող ախոյեան, վրացի Զուրաբի Դատունաշւիլիին:

 

 

 

Արթուր Ալեքսանեանը` աշխարհի եռակի ախոյեան

 

PanARMENIAN.Net – Փարիզում մեկնարկած յունահռոմէական ըմբշամարտի աշխարհի առաջնութեանը հայ ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանեանը ոսկէ մետալ նուաճեց` աշխարհի եռակի ախոյեան դառնալով:

Մինչև այդ Օլիմպիական ախոյեան, 98 քկ. քաշային Ալեքսանեանը, 1/16 եզրափակչից սկսած, պարտութեան մատնեց Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի ու Ուզբեկստանի ներկայացուցիչներին: Եզրափակիչում նա ոսկէ մետալի համար պայքարեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եւլոևի հետ, ում ևս պարտութեան մատնեց:

Արթուր Ալեքսանեանը մինչ այս արդէն երկու անգամ հռչակուել էր աշխարհի ախոյեան. նա նաև Եւրոպայի եռակի ախոյեան է, 2012-ի Օլիմպիական խաղերի պրոնզէ մետալակիր, ինչպէս նաև 2016-ի Ամառային Օլիմպիադայի ոսկէ մետալակիր։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ