Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Հայաստան-Սփիւռք համաժողովին ընդառաջ. Համբիկ Մարտիրոսեան. «Հարկ է բռունցքուել հայրենիքի շուրջ»

«Ուզում եմ շեշտել, որ համաժողովի չորս օրակարգերն իրենց արդիականութեամբ մեծ նշանակութիւն ունեն մեզ համար, հետևաբար հարկաւոր է դրանք քննել ուշադրութեամբ ու բծախնդրութեամբ», անդրադառնալով Սեպտեմբերի 18-20ը Երևանում կայանալիք «Փոխադարձ վստահութիւն, միասնականութիւն և պատասխանատուութիւն» խորագրով Հայաստան-Սփիւռք հերթական 6րդ համահայկական համաժողովին՝ նշել է Լիբանանի «Խօսնակ» ամսաթերթի գլխաւոր խմբագիր Համբիկ Մարտիրոսեանը և յաւելել՝ ուրախ է, որ ՀՀ սփիւռքի նախարարութիւնը նախաձեռնել է այսպիսի համաժողով՝ մշտապէս նկատի ունենալով տարածաշրջանի, այս պարագայում՝ Միջին Արևելքի և Կովկասի քաղաքական կացութիւնը, տարածաշրջանում կատարուող երևոյթները, շահարկուող «Նոր Միջին Արևելք»ը, մի շարք արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձութիւնները, առաւել ևս՝ այդ երկրներում գոյութիւն ունեցող մէկդարեայ հայկական համայնքների ճակատագիրը և, բնականաբար, Հայաստանի և Արցախի տեղն ու դերը այսօր՝ չմոռանալով Հայաստանի շրջափակուած դրութիւնը երկու հարևանների կողմից:

«Պէտք է գիտակցենք, որ ազգերի պատմութեան մէջ գալիս են հանգրուաններ, երբ անհրաժեշտութիւն է առաջանում սթափուել, կանգ առնել, յետադարձ հայեացք ձգել և ծրագրաւորել ապագան: Այդ իմաստով այսօրը մեզ համար խիստ կարևոր է, որպէսզի քննենք անկախութեան 26 տարիները, աչքի առաջ ունենանք մեր բացթողումներն ու սխալները և ջանանք սրբագրել դրանք՝ գալիք սերունդներին ժառանգելու համար մեր երազած Հայրենիքը:

Այսօր երկրներն ու պետութիւնները կարող են գոյատևել, եթէ խաղաղութեան մէջ են ապրում, ապահով են, անվտանգ և ունեն տնտեսական վերելք: Մեր Հայրենիքի համար նշուած տուեալները խիստ կարևոր են և անհրաժեշտ արտաքին և ներքին մարտահրաւէրների դէմ պայքարելու համար: Եթէ չկայ խաղաղութիւն, չկայ ապահովութիւն ու անվտանգութիւն, ինչպէս նաև չկայ տնտեսական քաղաքականութիւն և ժողովրդի ապրելու բարեկեցիկ պայմաններ:

Այստեղ ես անվարան պիտի յայտարարեմ, որ Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների համար «օդի, ջրի ու հացի նման անհրաժեշտ է Կովկասի տարածաշրջանի խաղաղութիւնը: Իսկ այդ խաղաղութիւնը, ապահովութիւնն ու նաև անվտանգութիւնը երաշխաւորում է միայն ու միայն հայոց բանակը», – նշել է Համբիկ Մարտիրոսեանը:

Անդրադառնալով Հայաստանի ներկայ կացութեանը՝ «Խօսնակ» ամսաթերթի գլխաւոր խմբագիրը ընդգծել է, որ այսօր մեր երկրի իշխանութիւնների շրջահայեաց, զգօն և հեռատես քաղաքականութեան շնորհիւ Հայաստանը առաջադիմում է բազմաթիւ ոլորտներում՝ իր որդեգրած յստակ և գործնական ներքին և միջազգային քաղաքականութեամբ՝ միաժամանակ զարգացնելով տնտեսութիւնը. «Գիտենք, որ երկիրը շատ բացթողումներ ունի, ունի նաև խոցելի կողմեր, սակայն դրանք պատճառ չեն, որ լացենք ու ողբանք, ընդհակառակը, առանց յուսահատուելու պէտք է նայենք առաջ և նախաձեռնենք՝ կատարեալին հասնելու համար: Չմոռանալով, որ ունենք միայն 26 տարիների անցեալ և փորձառութիւն, գումարած երկրաշարժը, ազատագրական պայքարն ու շրջափակումը:

Արդարև, գումարուելիք 6րդ Հայաստան-Սփիւռք համաժողովը պէտք է առիթ և միջոց հանդիսանայ, որպէսզի հայութիւնն իր ուժերի գերլարումով դիմադրի իր առջև ծառացած մարտահրաւէրներին, անկեղծ մթնոլորտում քննարկի սրբագրութիւն պահանջող սխալները, փոխադարձ վստահութեամբ նայի առաջ՝ բոլոր ոլորտներն ընդգրկող քաղաքականութիւն որդեգրելու համար»:

Իր խօսքում Համբիկ Մարտիրոսեանը կարևորել է երկրի սահմաններն ապահովող հզօր բանակ ունենալը, որի կարիքները պէտք է հոգանք ազգովի. «Միայն Հայաստանի ժողովրդի «ճիտին պարտքը» չէ զարգացնել բանակի հնարաւորութիւնները: Այդ մէկը բոլորիս պարտքն է, սրբազան պարտականութիւնը, այն, որը պիտի փայփայի 8 միլիոնանոց սփիւռքը՝ անխտիր:

Պէտք չէ մոռանալ, որ տարածաշրջանը շրջապատուած է քաղաքական և ռազմական դիմակով: Մեզ հարկաւոր է զգոյշ լինել, որպէսզի հեռու մնանք այրող հրդեհներից, բայց պատրաստ ցանկացած անակնկալի՝ միշտ կանգնենք մեր Պետութեան և բանակի կողքին, որպէսզի անվտանգ պահենք մեր Հայրենիքը»:

Խօսելով Հայաստանի զարգացման հեռանկարների մասին՝ Համբիկ Մարտիրոսեանը նշել է, որ հարկաւոր է ծրագրել տնտեսական նոր քաղաքականութիւն մեր եռամիասնութեամբ՝ զարկ տալով Հայաստանի և Արցախի արդիւնաբերութեան զարգացմանը, կատարելով նոր ներդրումներ, ստեղծելով աշխատանքի հնարաւորութիւններ, որպէսզի կասեցուի արտագաղթը և մանաւանդ՝ ուղեղների արտահոսքը. «Այս գործում մեծ դեր ունեն սփիւռքահայ միութիւնները, սփիւռքահայ ունևոր խաւը, անշուշտ, երբ ստեղծուի փոխադարձ վստահութիւն և պատասխանատուութիւն: Պէտք չէ մոռանալ, որ ժողովրդավար և զարգացած հայրենիքը, հզօր բանակը, արդիականացած ու հարուստ տնտեսութիւնը կ՚ապահովեն արժանապատիւ կեանք և նախանձելի կենցաղ, որը, անկասկած, կը խթանի հայրենադարձութեանը»:

Անդրադառնալով հայապահպանութեան խնդիրներին՝ «Խօսնակ» ամսագրի գլխաւոր խմբագիրը նշել է, որ սփիւռքեան պայմաններում հարկաւոր է սկսել հայապահպանութեան նոր քարոզարշաւ՝ նորահաս սերունդների կապը հայրենիքի հետ պահելու համար. «Այս առումով պէտք է գնահատել Սփիւռքի նախարարութեան «Արի տուն» ծրագիրը, որը քաջալերում է նորահաս սերունդների այցը Հայաստան՝ նպաստելով պատանիների և աղջիկների մէջ հայրենասիրութեան դաստիարակմանը: Նման առաքելութիւն են իրականացնում նաև մի շարք միութիւններ և կազմակերպութիւններ:

Պէտք է յաւելենք, որ զարգացած և առաջադէմ, գիտութեամբ և մշակոյթով հարուստ Հայաստանի անունը, դիրքն ու տեղը միջազգային ընտանիքում հպարտութեամբ են լցնում հայի հոգին ամէնուրեք՝ պատճառ հանդիսանալով, որ հայը կառչած մնայ իր արմատներին և արժէքներին, ինչպիսիք են՝ լեզուն, եկեղեցին, ազգը և հայրենիքը»:

Երզրափակելով իր խօսքը՝ Համբիկ Մարտիրոսեանը շեշտել է, որ հարկ է բռունցքուել Հայաստան, Արցախ և Սփիւռք եռամիասնութեամբ, պէտք է դառնալ՝ մէկ, միաբան, միակամ, միասնական՝ բոլոր ժամանակներից աւելի, հաւաքուած Հայրենիքի շուրջ, որպէսզի դառնանք Ազգ-բանակ՝ որևէ վտանգի դիմաց, որպէսզի դառնանք վահան՝ բիւր սպառնալիքների դիմաց, որպէսզի դառնանք անտառ՝ ազգը քանդող քամիների դիմաց. «Հայաստան-Սփիւռք 6րդ համաժողովը նոր մարտահրաւէր է մեզ համար, որպէսզի ժամանակը դարձնենք՝ յօգուտ մեզ, դարը դարձնենք մերը՝ այն վերածելով Հայկական Ոսկեդարի, որի համար անհրաժեշտ է հաւաքական գիտակցութիւն, կամք, բարեացակամ վերաբերմունք, հանդուրժողականութիւն, սէր և հաւատք, միշտ համոզուած լինելով, որ մեր ժողովրդի փրկութիւնը կը լինի հաւաքական ուժով միայն»:

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ