Չորեքշաբթի, Մայիս 8, 2024

Շաբաթաթերթ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհաւորական ուղերձը գիտելիքի օրուայ առիթով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ենք բերում ԲՈՒՀերի և դպրոցների պատասխանատուներին, դասախօսներին և մանկավարժներին, ուսանող և դպրոցական Մեր զաւակներին՝ Գիտելիքի, գրի, դպրութեան օրուայ և նոր ուսումնական տարուայ առիթով:

Սքանչելի և մեծ խորհուրդ ունի գիտելիքին ու դպրութեանը նուիրուած օրը: Մեր ժողովուրդը դարերի մէջ, անգամ աղէտալի ժամանակներում, արժևորել է ուսումը, վառ պահել իմացութեան սէրը և իր կրթօջախների լոյսը: Արդարև, ուսեալ և կիրթ հասարակութիւնն է ընդունակ բարեփոխել կեանքը, բարւօք վճիռներ գտնել իր առջև կանգնած խնդիրներին և իրականութիւն դարձնել առաջընթացի իր տեսիլքները:

Մաղթում ենք, որ այսօր մեր ուսումնական հաստատութիւնները հայրենիքում և սփիւռքում օրէցօր զօրանան և առաւել արդիւնաւորեն իրենց առաքելութիւնը՝ կրթելով մեր զաւակներին համակողմանի իմացութեամբ, հաւատաւոր ու հայրենասէր հոգով, որպէսզի կարող լինեն նորարարութիւնների, ստեղծագործական սլացքների և շարունակեն քրիստոնեայ մեր ժողովրդի ներկայութիւնը աշխարհում, որ թէպէտ փոքրաթիւ, բայց իր ստեղծածով միշտ համեմատուել է մեծերի հետ:

Մեր գնահատանքն ենք բերում կրթութեան գործի պատասխանատուներին, դասախօսներին ու մանկավարժներին՝ բարեջան ու նախանձախնդիր գործունէութեան համար: Հայրական յորդոր ենք բերում Մեր զաւակներին, որ սիրեն ուսումը, լինեն ուշիմ ու ջանադիր, չթերանան իրենց պարտականութիւններում, որ ամուր հիմքերով սկզբնաւորուի իրենց կեանքի ուղին, որն ապագան է մեր հայրենիքի ու ժողովրդի:

Աղօթք ենք բարձրացնում, որ Աստուած օրհնի ջանքերը կրթութեան նուիրեալների և քաջարթուն միտք ու հոգի շնորհի մեր զաւակներին: Օրհնեալ ուսումնական տարի, առատ արդիւնքներ ու բարի վաստակ: Ամէն:

 

Օրհնութեամբ՝

ԳԱՐԵԳԻՆ Բ.

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

1 Սեպտեմբեր 2017

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ