Հինգշաբթի, Դեկտեմբեր 26, 2024

Շաբաթաթերթ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ. Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը պաշտօնապէս բացուեց

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետութիւնում գտնուող նախագահ Սերժ Սարգսեանն Արցախի նախագահ Բակօ Սահակեանի հետ միասին ներկայ է գտնուել Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհի բացման արարողութեանը: Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից յետոյ)՝ Վարդենիս-Մարտակերտը պաշտօնապէս բացուեց Սեպտեմբերի 1ին։ Աւտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումեանի շրջանով ձգւում մինչև Մարտակերտի շրջան։ 114․6քմ. երկարութեամբ ճանապարհն ունի 10 և աւելի մեթր լայնութիւն։ Մայրուղին ունի օժանդակ կառոյցներ, այդ թւում՝ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառոյցներ, յենապատեր, եզրաքարեր, վերանորոգուած 17 մեծ ու փոքր կամուրջներ։

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝  25 տարուայ գործունէութեան ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժէքն է մօտ 17 միլիառ ՀՀ դրամ, որից 7,500,000,000 դրամը յատկացրել է ՀՀ կառավարութիւնը, 1,950,000,000 դրամը՝ ԱՀ կառավարութիւնը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հաւաքագրել է 2013 և 2014 թուականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց աշխոյժ մասնակցութիւնն են ունեցել Միացեալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շուէդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նուիրատուները։

Վարդենիս-Մարտակերտ աւտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացուել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցուել են մայրուղուց դէպի Չափառ գիւղ տանող մօտ 4 քմ. ճանապարհահատուածը և մայրուղուց դէպի Դադիվանք տանող 1 քմ. 150 մ. ճանապարհը, վերանորոգուել Դրմբոնից դէպի Մարտակերտ տանող

11.6 քմ.  ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերութիւնների միջև կնքուած պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտաւորւում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։

Ռազմավարական նշանակութեան նոր մայրուղու գործարկումը զգալիօրէն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածութիւնը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ աւտոճանապարհով Արցախի հիւսիսային շրջաններ ուղևորուելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով յարակից համայնքների տնտեսական զարգացմանը, խթանում է զբօսաշրջութիւնը` աշխուժացնելով երկու հանրապետութիւնների սոցիալ-տնտեսական կեանքը: Ճանապարհը հնարաւորութիւն է տալիս նաև ծանօթանալ մեր պատմամշակութային յուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկութիւնը:

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնուել է 1992թ. Մարտի 3ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարեսիրական օգնութեան եւ  ենթակառուցուածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենեակներով:

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ