Շաբաթ, Նոյեմբեր 23, 2024

Շաբաթաթերթ

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ. Գիւմրիի դոմիկներում ապրող 30րդ ընտանիքը տուն ստացաւ

18 քառ. մետր տարածք ունեցող դոմիկում (տնակ – Խմբ.) Քոչարեանների վեց հոգանոց ընտանիքն ապրում է արդէն 19 տարի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ Գիւմրի քաղաքի տնակներում ապրող ընտանիքներին վերաբնակեցնելու ծրագրի շրջանակում ընտանիքն այսօր տեղափոխուեց հիմնովին վերանորոգուած և կահաւորուած բնակարան։

Ընտանիքի հայրը՝ Արիստակէս Քոչարեանն ունի երկրորդ կարգի հաշմանդամութիւն, վարում է Երևան-Գիւմրի միկրոաւտոբուսը։ Ընտանիքի մայրը՝ Ժաննա Կարապետեանը, բուժքոյր է «Գիւմրի» բժշկական կետրոնում։ Աւագ դուստրը՝ Տաթևը, նոյնպէս բուժքոյր է, աշխատում է «Էսկուլապ» բժշկական կենտրոնում։ Միւս երկու դուստրերը՝ Արևիկը և Լուսինէն, ուսանողներ են։ Որդին՝ Միշան, դպրոցական է, սովորում է 4րդ դասարանում։

Քոչարեանների ընտանիքը 30րդ ընտանիքն է Գիւմրիում, որ դոմիկից տուն է տեղափոխուել «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցութեամբ։ Հիմնադրամը Գիւմրիի տնակներում ապրող ընտանիքներին բնակարաններով է ապահովում 2014ից։ Ընտանիքների վերաբնակեցումը հնարաւոր է դարձել 2014ին Լոս Անճելըսում կայացած հեռուստամարաթոնի ընթացքում հաւաքագրուած ամբողջ գումարի, յետագայում կատարուած դրամահաւաքների, անհատ բարերարների հանգանակութիւնների, ինչպէս նաև Հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմնի ֆինանսաւորման շնորհիւ։

Բնակարաններն ընտանիքի սեփականութիւնը չեն դառնում՝ հնարաւոր վաճառքից խուսափելու համար, այլ տրւում են անհատոյց օգտագործման։

Բնակարան ստանալու առաջնայնութիւնը տրւում է երիտասարդ և կամ բազմազաւակ ընտանիքներին։

 

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շահոյթ չհետապնդող կազմակերպութիւն է, որը հիմնուել է 1992թ. Մարտի 3ին` Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում բարեսիրական օգնութեան եւ ենթակառուցուածքների զարգացման նպատակով: Այն աշխարհում ներկայանում է իր 25 գրասենեակներով:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ