ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Պաքուի բանտում 7 ամիս անցկացնելուց յետոյ Իսրայէլ մեկնած բլոգեր Ալեքսանդր Լափշինը բացել է Փանտորայի արկղը եւ պատմել այն ամէնը, ինչ մտածում է Ատրպէյճանի մասին:
Առաջին հերթին նա հերքել է լեգենդները, որը նրա մասին յօրինել է ատրպէյճանական քարոզչութիւնը: Խօսքը նամակների մասին է, որոնցում նա գրում է Ղարաբաղն Ատրպէյճանին պատկանելու, ինքնասպանութեան փորձի մասին, որից յետոյ Ալիեւը խղճացել ու ներել է նրան: Աւելին, Լափշինը պատմել է, որ Պաքուի բանտում իրեն ցանկացել են սպաննել, եւ հայերին կոչ է արել ամէն ինչ անել, որ Ղարաբաղը նորից չյայտնուի Ատրպէյճանի կազմում, որովհետեւ դա վերջը կը լինի:
Լափշինին Պելառուսում ձերբակալած եւ Ալիեւին «խժռելու» յանձնած Լուկաշենկոն, փաստօրէն, լիցքաւորել է զէնքը, որն այժմ կրակել է: Լափշինի ձերբակալութիւնը, ըստ էութեան, պէտք է խոչընդոտէր Ղարաբաղ այցերին ու Ալիեւին վիրաւորելուն, սակայն Պաքուի բանտում 7 ամիսները դատավճիռ էին Ալիեւին եւ Ղարաբաղի հանդէպ նրա յաւակնութիւններին:
Լուկաշենկոն, փաստացի, Ալիեւին վատութիւն է արել՝ նուիրելով լռել չցանկացող բլոգերի, որի հետ Ալիեւը 7 ամիս չգիտէր ինչ անել:
Լափշինի ձերբակալութիւնը համընկաւ աւտոկրատների դէմ միջազգային արշաւի հետ: Հեղինակաւոր “Foreign Affairs”-ն յօդուած է հրապարակել աւտոկրատների մասին՝ Փութինի, Էրտողանի եւ Ալիեւի լուսանկարներով: Դրանում նորից յիշեցւում է, որ Ալիեւը միլիարդաւոր տոլարներ է ծախսել լեգիտիմութիւն գնելու եւ սեփական շահերն առաջ տանելու համար:
Աւելի վաղ ԱՄՆ Սենաթում կոչ էին արել Ալիեւի դէմ պատժամիջոցներ ընդունել, որից յետոյ Ատրպէյճանի անվախ առաջնորդը շուտափոյթ բանտից ազատել է Լափշինին ու այլ լրագրողների ու բլոգերների:
Փախուստը «զարդարելու» համար Ալիեւը «դարի պայմանագիրը» երկարաձգեց մինչեւ 2050 թուականը, սակայն, ինչպէս նշում են փորձագէտները, Ատրպէյճանի մասնաբաժնի աւելացումը 11%-ից 25% խօսում է այն մասին, որ ներդրողները չեն ցանկացել շարունակել մասնակցութիւնը գործարքում, եւ Ատրպէյճանը ստիպուած է ծախսերի քառորդ մասն իր վրայ վերցնել:
Բայց դա հազիւ թէ օգնի Ալիեւին, որն արդէն պարզապէս չի հասցնում ամէն ինչի յետեւից: Օրերս Եւրամիութիւնում Ատրպէյճանի նախկին դեսպանը սկանդալային տեղեկութիւն է հրապարակել այն մասին, որ Ատրպէյճանը եւրոպացի եւ այլ գործիչների համար այլասերուած սեքս տուրիզմի վայր է: Ատրպէյճանցի ղեկավարների ոչ աւանդական ու այլասերուած կողմնորոշման մասին նիւթերը երկար սպասեցնել չեն տայ:
Լափշինը դեռ շատ բան կը պատմի Ատրպէյճանի բարքերի մասին, եւ Լուկաշենկոյի կրակոցը դիպուկ էր: Ճիշդ է, դա չարժէր Լափշինի կորցրած 7 ամիսներին ու չարչարանքներին, սակայն քաղաքականութիւնն այդպիսին է: