Շաբաթ, Ապրիլ 20, 2024

Շաբաթաթերթ

Հայկական ֆութպոլային խճանկար

* ՀՀ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կայացան 6րդ մրցափուլի հանդիպումներն, որոնք աւարտուեցին այսպիսի արդիւնքներով.

«Փիւնիկ»-«Բանանց»՝ 1-2

«Ալաշկերտ»-«Շիրակ»՝ 1-0

«Արարատ»-«Գանձասար»՝ 0-2

Դասաւորութիւն. «Շիրակ»՝ 15, «Ալաշկերտ»՝ 11, «Բանանց»՝ 9, «Գանձասար», «Փիւնիկ»՝ 5-ական, «Արարատ»՝ 4 միաւոր։

* ՀՀ գաւաթի խաղարկութիւնում «Շիրակը» իր դաշտում ոչ-ոքի՝ 1-1 խաղաց «Արարատի» հետ, «Գանձասար»-Աւան ակադեմիա՝ 3-0։ Քառորդ եզրափակիչի միւս զոյգերն են «Արցախ»-«Ալաշկերտ», «Փիւնիկ»-«Բանանց»։

* ՀՀ մինչեւ 17 տարեկանների հաւաքականը Սերպիայում 2 ընկերական հանդիպում անցկացրեց տեղի իրենց հասակակիցների հաւաքականի հետ եւ երկուսում էլ զիջեց 0-4 եւ 0-5 հաշուով։

* Ֆութպոլի ՀՀ ազգային հաւաքականը 11 տեղով նահանջել է ՖԻՖԱի դասակարգման աղիւսակում եւ այժմ 83րդ տեղումն է։

Առաջին տեղ է բարձրացել Գերմանիայի ընտրանին։ Լաւագոյն տասնեակում են նաեւ Պրազիլի, Փորթուգալիայի, Արժանթինի, Բելգիայի, Լեհաստանի, Շուէյցարիայի, Ֆրանսիայի, Չիլիի եւ Քոլումպիայի ընտրանիները։

* ՀՀ հաւաքականի յարձակուող Արթուր Սարկիսովի մօտ ծնկի դիմացի խաչաձեւ կապանների եւ կողային մենիսկի պատռուածք է ախտորոշուել եւ նա երկարատեւ բուժման կարիք ունի։

* Խօսակցութիւններ էին պտտւում այն մասին, որ Մոսկուայի «Արարատը» դադարեցնում է իր գործունէութիւնը։

Սեպտեմբերի 8ին «Ռյազանի» նկատմամբ տարած յաղթանակից յհտոյ, ամէն ինչ կարգաւորուել է։ «Արարատը» խմբի առաջատարն է։ «Արարատի» նոր ղեկավար Իգոր Կորոտկովը յայտարարել է, որ «Արարատը» կը շարունակի խաղալ ու ձգտել յաղթանակների։

* Ֆրանսիայի ազգային հաւաքականի նախկին ֆութպոլիստ Եուրի Ջորկաեւի որդին՝ Օհանը մարզւում է ՀՀ երիտասարդական հաւաքականի հետ։ 20ամեայ ֆութպոլիստը դեռեւս չի կարող հանդէս գալ հաւաքականի կազմում, քանի որ դեռեւս լուծուած չեն փաստաթղթային հարցերը։

 

Հայաստանի բազկամարտիկների մէկական ոսկէ, արծաթէ եւ պրոնզէ մետալները

 

Սեպտեմբերի 1-11ը Հունգարիայի մայրաքաղաք Պուտափեշտում անցկացուեց բազկամարտի մեծահասակների եւ երիտասարդների աշխարհի 39րդ առաջնութիւնը։ Ընդհանուր առմամբ մասնակցել է 55 երկրի շուրջ 1,200 մարզիկ։ Հայաստանը ներկայացուած է եղել 11 հոգով եւ նուաճել է մէկական ոսկէ, արծաթէ եւ պրոնզէ մետալ։ Դաւիթ Մադոյեանը (+90 քկ.) մինչեւ 20 տարեկանների առաջնութիւնում աջ ձեռքով նուաճել է ախոյեանի կոչումը, իսկ ձախ ձեռքով արժանացել է պրոնզէ մետալի։

Մեծահասակների առաջնութիւնում Էմիլ Ամիրշատեանը (70 քկ.) աջ ձեռքով դարձել է արծաթէ մետալակիր։

 

Փարիզը՝ 2024թ. եւ Լոս Անճելըսը՝ 2028թ. Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքներ

 

Սեպտեմբերի 13ին Փերուի մայրաքաղաք Լիմայում կայացել է ՄՕԿի վեհաժողովը, որի ընթացքում որոշուել են 2024 եւ 2028 թուականների Օլիմպիական խաղերն ընդունող քաղաքները։

ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը յայտարարել է, որ 2024թ. 33րդ խաղերը հիւրընկալելու է Փարիզը, իսկ 2028ին՝ Լոս Անճլըսը։

Այդ իրաւունքին յաւակնում էին նաեւ Համբուրգը, Պուտափեշտը եւ Հռոմը։

Փարիզը եւ Լոս Անճելըսը Օլիմպիական խաղերն ընդունելու կրկնակի փորձ ունեն։ Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացուել են 1900 եւ 1924 թթ., Լոս Անճելըսում՝ 1932 եւ 1984 թթ.։ Յիշեցնենք, որ 2020թ. 32րդ ամառային Օլիմպիական խաղերը կայանալու են Թոքիոյում։

 

Շախմատային խճանկար

 

* Լեւոն Արոնեանը Մաքսիմ Մատլակովի հետ մրցամարտում 1.5։0.5 հաշուով յաղթեց եւ կայծակնային պարտիաներից յետոյ դուրս եկաւ 1/8-րդ եզրափակիչ։ Այստեղ նրա մրցակիցն էր Դանիիլ Դուբովը (ՌԴ)։ Լեւոնը յաղթեց 1.5։0.5 հաշուով եւ դուրս եկաւ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցեց ուքրանիացի Վասիլի Իվանչուկի հետ։ Առաջին պարտիան աւարտուեց Արոնեանի յաղթանակով, իսկ 2րդը աւարտուեց ոչ-ոքի։ Արոնեանը դուրս եկաւ կիսաեզրափակիչ, որտեղ կը հանդիպի ֆրանսիացի Մաքսիմ Վաշյէ-Լագրաւի հետ։ Եզրափակիչի միւս ուղեգիրը կը վիճարկեն Ուեսլի Սոն եւ Դին Լիրենը։ Հետաքրքիր է կիսաեզրափակիչի երկրներն են. Հայաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա։

* Ռումինիայի Մամայա քաղաքում աւարտուեց Եւրոպայի պատանիների առաջնութիւնը, որին մասնակցում էին մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18 տարեկան աղջիկներն ու պատանիները առանձին։

Աղջիկների մինչեւ 18 տարեկանների առաջնութիւնում գերազանց հանդէս եկաւ Սոնա Ասատրեանը, ով 9 հնարաւորից վաստակեց 7 միաւոր եւ հռչակուեց Եւրոպայի ախոյեանուհի եւ 128 կէտով բարձրացրեց իր անհատական վարկանիշը։

Մինչեւ 16 տարեկանների առաջնութիւնում Աննա Սարգսեանը 9 հնարաւորից վաստակեց 7 միաւոր եւ բաժանեց 2-4-րդ տեղերը (լրացուցիչ ցուցանիշներով՝ 4րդը)։ Մինչեւ 10 տարեկան տղաների առաջնութիւնում Ռոբերտ Փիլիպոսեանը 7 միաւորով կիսեց 3-7րդ տեղերը (լրացուցիչ ցուցանիշներով՝ 6րդը)։ Մետալ նուաճելու լաւ հնարաւորութիւն ունէին մինչեւ 18 տարեկանների առաջնութիւնում հանդէս եկող Հայկ Մարտիրոսեանը եւ մինչեւ 16 տարեկանների տղաների պայքարում հանդէս եկող Շանթ Սարգսեանը։ Մեր երկու տղաներն էլ վերջին մրցախաղից առաջ կիսում էին առաջին հորիզոնականները, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտուեցին եւ զիջեցին իրենց դիրքերը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ