Երեքշաբթի, Մայիս 21, 2024

Շաբաթաթերթ

ՄԱԿ-Ը ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ Է ՅՂԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ 1915-1923 ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ ՀԱՐԿԱԴԻՐ ՏԵՂԱՀԱՆՈՒԱԾ ՀԱՅԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ԵՒ ՆՐԱՆՑ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ

Առաջնորդուելով համազգային շահերով, մեր պատկան կազմակերպութիւնների և հաստատութիւնների անունից  մենք ողջունում ենք Միաւորուած ազգերի կազմակերպութեան (ՄԱԿ) Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի, ՄԱԿ-ի Կարծիքի և արտայայտութեան ազատութեան աջակցութեան և պաշտպանութեան հարցերով յատուկ զեկուցողի և ՄԱԿ-ի Ճշմարտութեան, արդարադատութեան, փոխհատուցման խրախուսման և չկրկնուելու երաշխիքների հարցերով յատուկ զեկուցողի համատեղ գործողութիւնը, այն է՝  իրենց մանդատների շրջանակում Թուրքիայի Հանրապետութեան կառավարութեանը համատեղ հարցապնդում յղելը:

Այս համատեղ հարցապնդումը կարևոր քայլ է Թուրքիայի Հանրապետութեանը պահանջ ներկայացնելու գործընթացում, որ վերջինս հաշտուի սեփական անցեալի հետ և, նախ և առաջ, կատարի ճշմարտութեան հաստատման, զոհերի արդարութեան և վնասի փոխհատուցման իրաւունքն ապահովելու համար քննութիւն իրականացնելու իր պարտաւորութիւնը:

Ընդգծւում է, որ խախտումների վերաբերեալ նշուած փաստաթղթում շարադրուած պնդումները վերագրւում են Թուրքիային՝ հայկական փոքրամասնութեան վրայ 1915-1923թթ. ներազդած ողբերգական իրադարձութիւնների և այդ բնակչութեան նկատմամբ առաջացած հետևանքների առումով:

Հարցապնդումը մտահոգութիւն է յայտնում թուրքական պետութեան ժխտողական դիրքորոշման, որոշ արտայայտութիւնների վերաբերեալ կարծիք ունենալու և արտայայտելու ազատութիւնը սահմանափակող օրէնսդրութեան, ինչպէս նաև զանգուածային տառապանքների, դաժան վերաբերմունքի ու մարդկանց մահուան յանգեցրած 1915-1923 թթ. հայերի բռնի տեղահանութեան առնչութեամբ ճշմարտութեան հաստատման և արդարադատութեան ապահովման հարցում առաջընթացի բացակայութեան կապակցութեամբ:

Այն նաև ընդգծում է, որ այս իրավիճակն ազդում է զոհերի եւ նրանց սերունդների արժանապատուութեան վրայ։

Դիմող կողմերը միջնորդել են, որպէսզի Թուրքիայի Հանրապետութեան կառավարութիւնը դիրքորոշում յայտնի ներկայացուած հարցապնդման վերաբերեալ, մասնաւորապէս.

  1. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել Թուրքիայի կողմից իրողութիւնը պարզելու համար, ներառեալ 1915-1923թթ. ընթացքում բռնի ներքին տեղահանութեան, կալանաւորման, արտադատական սպանութիւնների և հարկադրաբար անհետացման ենթարկուած հայերի ճակատագիրը կամ գտնուելու վայրը պարզելու համար:
  2. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել ապահովելու համար այդ իրադարձութիւնների մասին ճշմարտութիւնն իմանալու տուժածների և, ընդհանուր առմամբ, հասարակութեան իրաւունքը, ինչպէս նաև ապահովելու համար արդարութեան և կրած վնասի հատուցման տուժածների իրաւունքը:
  3. Ի՞նչ միջոցներ են ձեռնարկուել այդ իրադարձութիւնների հետևանքով զոհուած հայերի մարմինների գտնուելու վայրերը, ըստ հնարաւորինս, յայտնաբերելու համար:
  4. Տեղեկատուութիւն տրամադրել 2017 թուականին օրէնսդրութեան ընդունման պատճառների մասին, որն օրէնսդիրներին  արգելում է որոշակի արտայայտութիւններ անել։  Պարզաբանել, թէ ինչպէս է դա համատեղելի մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի հետ, մասնաւորապէս Քաղաքացիական և քաղաքական իրաւունքների մասին միջազգային դաշնագրի (ՔՔԻՄԴ) 19-րդ յօդուածի հետ:
  5. Ներկայացնել մանրամասն տեղեկատուութիւն հայերի դէմ յանցագործութիւնների մասին յայտարարութիւնների համար անձանց պատժելու նպատակով Քրէական օրէնսգրքի 301-րդ յօդուածի կիրառման դէպքերի մասին:

Թուրքիայի կառավարութիւնը 2019 թուականի Մայիսի 17-ին կտրականապէս հրաժարուել է պատասխանել այդ հարցերին՝  ի հակադրութիւն ՄԱԿ-ի մարդու իրաւունքների պաշտպանութեան ընթացակարգերի:

Մենք բարձր ենք գնահատում Բռնի կամ հարկադրաբար անհետացած անձանց հարցերով աշխատանքային խմբի և  երկու յատուկ զեկուցողների կողմից ՄԱԿ-ի այդ ընթացակարգերի գործադրումը և մեր աջակցութիւնն ենք յայտնում սոյն աննախադէպ և նշանակալից գործընթացին հետամուտ լինելու ձեռնարկումին:

Չնայած նրան, որ այս գործընթացը չի փոխարինում Ցեղասպանութեան ճանաչմանը  կամ նշուած ժամանակահատուածում մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւնների հետևանքով հայերի կրած կորուստների, այդ թւում նրանցից բռնազաւթուած գոյքի լրիւ և համարժէք հատուցմանը, այնուհանդերձ ՄԱԿ-ի մարդու իրաւունքների պաշտպանութեան համապատասխան մարմինների գործողութիւնները էական առաջընթաց են ճշմարտութեան բացայայտման և մարդկութեանը հասցուած այդ բաց վէրքի դիմաց հատուցման ճանապարհին:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին – ՆՕՍՏՏ Գարեգին Բ. կաթողիկոս (Վաղարշապատ, Հայաստանի Հանրապետութիւն)

Կաթողիկոսարան Մեծի Տանն Կիլիկիոյ – ՆՕՍՏՏ Արամ Ա. կաթողիկոս (Անթիլիաս, Լիբանան)

Հայ Աւետարանական Համաշխարհային Խորհուրդ (ԱՄՆ)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւն (ԱՄՆ)

Ամերիկայի Հայ Աւետարանչական Ընկերակցութիւն (ԱՄՆ)

 

ՄԱԿ-ի մարմիններու Համատեղ հարցապնդման ամբողջական խօսքը կարելի է կարդալ այստեղ

՝ https://spcommreports.ohchr.org/TMResultsBase/DownLoadPublicCommunicationFile?gId=24294  

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ