ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Կան մարդկային արժէքներ, որոնց ակունքները տանում են ընդհուպ մինչեւ արարչի կողմից մտածող մարդու ստեղծումը։ Այդ արժէքներն անթիւ անհամար են, սակայն գեղեցիկի ընկալումը և արուեստների սէրը դրանց մէջ առանձնայատուկ տեղ են գրաւում։
Արուեստի ու գրականութեան սէրը հայ ժողովրդի համար, մարդկային արժէք լինելուց զատ, եղել է նաև ազգային գոյատևման պայման, արհաւիրքների վերապրելու ճանապարհ, օտարութեան մէջ յոյսի կամուրջ։ Հայը արարել է իր գիտակցական գոյութեան ողջ ընթացքում, դրա վկայութիւնն են մեր հնագոյն երաժշտութեան, քանդակագործութեան, նկարչութեան և ճարտարապետութեան գլուխգործոցները, որոնք շարունակում են հիացնել ու զարմացնել ողջ առաջադէմ մարդկութեանը։
Ասում ենք որտեղ երեք հայ կայ, այնտեղ Հայաստան է ստեղծւում, իսկ որտեղ հայ կայ, նա ստեղծագործում է։
Ահա այսպէս Լոս Անճելըսում ապրող հայ նկարիչներն ու արուեստագէտներն ստեղծեցին մի Միութիւն, որը կոչուած է ի մի բերելու հայ ստեղծագործ միտքն ու հոգին, համատեղ ներկայանալու համար հայ համայնքին և օտարազգի արուեստասէրին։ Միութեան գլխաւոր նպատակներից է նաև հանրութեանը ներկայացնել մեր ազգային մեծութիւններին, նշել և ոգեկոչել նրանց աւանդը մեր ժողովրդի մշակութային հարուստ ժառանգութեան մէջ։
***
150 տարի առաջ Սեպտեմբերի 26֊-ին ծնուեց Սողոմոն Սողոմոնյանը՝ Կոմիտասը: Հայազգի տաղանդաւոր որդին հետագայում պիտի մաքրէր և հարստացնէր հայ երգն ու երաժշտութիւնը, նրա օգնութեամբ հայ ժողովուրդը պիտի ճանաչէր իր հոգին և հոգեկան ինքնութիւնը։ Այսօր աւելի քան արդիական է մեր երիտասարդ սերնդին հաղորդակից անելու հայ ազգի ականաւոր ներկայացուցիչների մշակութային հարուստ ժառանգութեանը:
Կոմիտասի 150-ամեակին նուիրուած համազգային տօնակատարութեանը իր համեստ մասնակցութիւնն է ունենալու նաև Հայ Ամերիկեան Արուեստի Միութիւնը։ Հայազգի մեծանուն կոմպոզիտոր և երաժշտական հանճարին նուիրուած միջոցառումը կ՚անցկացուի Նոյեմբերի 21-ին, (3601 San Fernando Rd., Glendale, CA 91204), երեկոյեան 5:30-ից մինչեւ 9:30:
Հրաւիրում ենք ձեզ ներկայ գտնուելու և մասնակցելու հայ արուեստագէտների միութեան կազմակերպած միջոցառմանը նուիրուած Կոմիտասի 150-ամեակին:
ԷԼԻՆԱ ՄԻՐ
Կլենտէյլ