Հինգշաբթի, Ապրիլ 25, 2024

Շաբաթաթերթ

ՀՀ ԱԳՆ-ի արձագանգը Թուրքիոյ նախագահի` ԱՄՆ-ի Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ յայտարարութեան

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացի յետագայ ծաւալման լոյսի ներքոյ, Թուրքիայի նախագահը վերջին օրերին հանդէս է գալիս իրարամերժ եւ իրականութիւնը խեղաթիւրող յայտարարութիւններով:

Այդ յայտարարութիւններում առկայ են պնդումներ, որոնք նպատակ ունեն զոհերի արժանապատուութիւնը վիրաւորելու միջոցով արդարացնելու ցեղասպանութիւնը: Այս տարի Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Էրտողանն արդէն իսկ արդարացրել էր Հայոց Ցեղասպանութեան իրականացումը` այն որակելով որպէս «ամենաողջամիտ գործողութիւն», իսկ ցեղասպանութեան զոհերին` «հայկական աւազակախմբեր եւ նրանց աջակիցներ»: Այժմ Թուրքիայի նախագահը Հայոց Ցեղասպանութեան զոհերին զրկում է նոյնիսկ իրենց պատմական հայրենիքից` նրանց անուանելով քոչուորներ, մոռանալով իր նախնիների եւ տարածաշրջանի բնիկների պատմութիւնը:

Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն ու դատապարտումն անկասկած անհրաժեշտ են ճշմարտութեան եւ պատմական արդարութեան համար: Սակայն այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմութեանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկութեանը եւ յատկապէս ինքնութեան հողի վրայ կատարուող յանցագործութիւնների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է այն մարդկանց եւ ժողովուրդներին, որոնց Թուրքիայի Հանրապետութիւնն այսօր, կրօնական եւ էթնիկ պատկանելիութեան համար անուանելով ահաբեկիչներ, ենթարկում է բռնութեան եւ բռնագաղթման իր իսկ հարեւան երկրի տարածքում: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների յաղթահարման եւ մարդու իրաւունքների համընդհանուր պաշտպանութեան համար:

Ցեղասպանութեան զոհերի ժառանգների եւ միջազգային հանրութեան համար Հայոց Ցեղասպանութիւնը իրողութիւն է, որը նաեւ հիմք է ծառայել Ցեղասպանութեան դատապարտման եւ կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման եւ հետագայում դրա հիման վրայ ցեղասպանութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար:

Արդարացնելով եւ ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը, ուժի կիրառմամբ ագրեսիւ քաղաքականութիւն վարելով իր հարեւանների հանդէպ, երկու տասնամեակից աւելի շարունակելով Հայաստանի ցամաքային շրջափակումը, եւ ռազմաքաղաքական աջակցութիւն ցուցաբերելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան համատեքստում` Թուրքիան շարունակում է հանդիսանալ ցեղասպանութիւն վերապրած հայ ժողովրդի անվտանգութեան սպառնալիք:

Թուրքիան պէտք է վերանայի Հայաստանի եւ հայ ժողովրդի հանդէպ իր ներկայ թշնամական քաղաքականութիւնը, ինչն առաջին քայլը կարող է դառնալ Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման եւ տարածաշրջանային սպառնալիքների նուազեցման ուղղութեամբ:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ