Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է ԱՄՆ Սենատի բանաձեւը Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Դեկտեմբերի 12-ին Ամերիկայի Միացեալ Նահանգների Սենատի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ դատապարտման բանաձեւի ընդունումը:

 

«Գոհունակութեամբ տեղեկացանք ԱՄՆ Սենատի այս վճռական քայլի մասին, որը կարեւորագոյն հանգրուան է եղեռնահար մեր ժողովրդի նկատմամբ պատմական արդարութեան վերականգնման պայքարում:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր գնահատանքն ենք բերում ԱՄՆ Սենատի անդամներին եւ բանաձեւը հեղինակած սենատորներին, ովքեր իրենց արդարամիտ կեցուածքը դրսեւորեցին ի նպաստ հայ ժողովրդի ու ի շահ Հայոց Ցեղասպանութեան ծանր հետեւանքների յաղթահարման` բացելով մեր պահանջատիրութեան պատմական նոր էջը։

 

Մենք ողջունում ենք նաեւ ազգային բոլոր մեր հաստատութիւնների եւ նուիրեալ անհատների տասնամեակների ազգանուէր աշխատանքը Մեծ Եղեռնի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղութեամբ ու քաջալերում նրանց այս պատասխանատու յանձնառութիւնը: Մեծ աշխատանք ունենք անելու մեր ազգային իղձերին հասնելու ճանապարհին։

 

Մեր աղօթքն է, որ Աստուած խաղաղութեան մէջ պահի համայն մարդկութեան կեանքը` զերծ Հայոց Ցեղսպանութեան նման ողբերգութիւններից ու արհաւիրքներից` յանուն բոլոր ժողովուրդների հաշտ ու համերաշխ ապագայի»,– նշել է Վեհափառ Հայրապետը։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ