Ուրբաթ, Հոկտեմբեր 4, 2024

Շաբաթաթերթ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ՝ ԱՐԱՐԱՏԻՆ…

ՆՈՐ ՕՐ, ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.-

 

Շարադրանքս ուզում եմ սկսել՝ Միքայէլ Նալպանտեանի իմաստուն խօսքերով.

 

Մանկութեան օրեր երազի նման 

Անցա՜ք, գնացիք, էլ ետ չէք գալու,

Օ՜, դուք երջանիկ, ու անհոգ օրեր,

Ընդունակ միայն՝ ուրախացնելու

 

Իսկապէս, կարօտով եմ յիշում դպրոցական, երանելի տարիներս…

Սովորական, աշնանային առաւօտներից մէկն էր… իմ սիրելի, հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի Տիկ. Էմմա Հայրապետեանը, դասամատեանը եւ հաստափոր գիրքը ձեռքին, մտաւ դասարան։ Ողջունելով, մօտեցաւ իր սեղանին եւ զննող աչքերով ստուգեց բոլորիս ներկայութիւնը։ Այնուհետեւ, մեր ուշադրութեանը ներկայացրեց գրքի առաջին էջում պատկերուած, մեծանուն վիպասան՝ Ռաֆֆու լուսանկարը եւ սկսեց կարդալ նրա կենսագրութիւնը։ Ուշադրութեամբ հետեւում էինք Տիկ. Հայրապետեանի գեղեցիկ առոգանութեամբ ընթերցմանը։

Հետաքրքիր կենսագրութիւնն ունկնդրելուց յետոյ, մեր սիրելի ուսուցչուհին յանձնարարեց, որ կարդանք Ռաֆֆու «Սամուէլ» պատմավէպը եւ նախաբանը սովորենք՝ անգիր… Մէկ էջանոց նախաբանում, Ռաֆֆին վարպետօրէն ու գեղարուեստական համեմատութիւններով էր նկարագրել Արարատի ապշեցուցիչ հմայքը, որի բնագիրն ուզում եմ ներկայացնել ձեզ, որոշ կրճատումներով…

***

Արարատեան դաշտի առաւօտը…

Առաւօտ էր, Արարատեան դաշտի լուսապայծառ առաւօտներից մէկը։

Արեւի առաջին ճառագայթների ներքոյ՝ Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագոյն շողքերով, որոնք աչք էին շլացնում։ Արագածի պսակաձեւ գագաթը չէր երեւում։ Նա դեռ պատած էր ձիւնի պէս ճերմակ մշուշով, որպէս մի ամօթխած հարսիկ, որ սքօղում էր իր դէմքը անթափանցիկ շղարշով։

Գեղե՜ցիկ էր այդ առաւօտը…

Սպիտակ արագիլը, կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնում, լայն թեքերով թափահարում էր շտապելով դէպի Արաքսի մորուտները…

Արարատով է հմայուել նաեւ՝ դասականութեան խոշորագոյն դէմքերից մէկը՝ Ղեւոնդ Ալիշանը, որը երկար տարիներ պաշտօնավարել է Վենետիկի Ռաֆայէլեան վարժարանում, որպէս ուսուցիչ։

Մեր տէրն է – երկնաց ծայրէն երբ իջաւ

Երկրիս հիման քարն յԱրարատ դրաւ,

Այն մեր Մասիս ու երկնային սարէն

Աչեց զբոլոր վերացաւ նորէն։

 

Անդրադառնանք մեր միւս՝ մեծերին.

– Երկնասլաց ու թեթեւ

Նրբակապոյտ ծածկած մեգ՝

Հայոց արնոտ աշխարհի

Հոգին ես դու անարատ

Հուրը հուր թող հրահրի

Սէգ ճակատիդ՝ Արարատ։

Վահան Տէրեան

 

– Աչք ենք բացել, ու դու մեր դէմ եղե՛լ ես, կա՛ս, Արարատ

Բայց ամէն օր մեզնից հեռու, ու մեզ անհա՜ս, Արարատ

Աշխարհի մէջ ամէն հայի, ամէն ծայրից երեւում,

Բայց մնում ես հեռո՜ւ-հեռւում, մնում երազ՝ Արարատ։

Ս. Կապուտիկեան

 

– Ամէն գիշեր օրոցներից մի նարգիզ է դուրս գալիս,

Հայոց յոյսի անապատից ովասիզ է դուրս գալիս

Ինչ էլ ասեմ, ինչ էլ խօսեմ, յոյս թէ անյոյս, կեանք թէ մահ

Աստծոյ դէմքն էլ, թէ քանդակեմ, միշտ՝ Մասիս է դուրս գալիս։

Յ. Շիրազ

 

– Արարատի ծեր գմբէթից դար է եկել

Վայրկեանի պէս, ու անցել

Հերթը մի պահ քոնն է հիմա,

Դո՛ւ էլ նայիր սէգ կատարին, ու՝ անցիր…

Աւ. Իսահակեան

 

– Լեառն իմ Արարատ

Երկնքի արդար տեւողութեան մէջ

Եւ արեգակի բարձրութիւններում,

Քարէ առագաստ դու մեր պատմութիւն։

Արշ. Մարգարեան

 

– Ա՜խ, այս Մասիսը…

Որից փափկում են սրտերը մոլոր

Երբ ինքը… քար է,

Որ ջերմացնում է սրտերը բոլոր,

Երբ ինքը… սառն է…

Գ. Էմին

 

– Դու Մասիսն ես… Եւ կը նայիմ, կը նայիմ քեզ

Կը տեսնե՞ս զիս, ո՜վ մեծ վկան մեր անցեալին,

Եւ կը զգա՞ս թէ նայուածքիս մեծ որքա՜ն նայուածք

Եւ հոգւոյս մէջ գահակորման քանի՜ աստուածք…

Վ. Թէքէեան

 

– Արարատ լեռը անհունին թիկնել

Ցոլքեր է նետում ձիան սառոյցի,

Կատարի ամպը արեւից շիկնել,

Ու բաշ է դարձել քնած առիւծի…

Այնտեղ յաւերժի կապոյտ սահմանում,

Վառւում, ցոլում է ծաղիկը հրկէզ…

Այդ ցայտածաղկի կերոնի առաջ, ծնկաչոք եմ ես…

Վահագն Դաւթեան

 

– Արարչութեան գլուխգործոց

Արարատին ադամանդեայ,

Իմ պապերի օթեւանին,

Ա՜խ, ես ինչպէ՞ս ասեմ՝ մնաս բարով…

Սարմէն

 

– Նստած նայում եմ կարօտով՝ խորհրդաւոր Մասիսին,

Իմ պապերի, պապերի սար, իմ վիրաւոր Մասիսին,

Միտք եմ անում, թէ պապերիս ի՞նչ պատասխան պիտի տամ,

Երբ որ զարթնեն՝ գերի տեսնեն կալանաւոր Մասիսին։

Յ. Շիրազ

 

– Գնաս բարով, ա՛յ ուխտաւոր

Երանի քեզ, հայ ուխտաւոր,

Որ կարօտով ու սիրառատ

Ուխտ ես գնում՝ դէպ Արարատ։

Յ. Թումանեան

 

– Արդեօք գալո՞ւ է մի օր, ժամանակ

Տեսնել Մասիսի գլխին մի դրօշակ,

Եւ ամէն կողմից պանդուխտ հայազգից,

Դիմել դէպ իւրեանց սիրուն հայրենիք։

Ռաֆֆի

 

– Լուսաւարար Արարատ

Պայծառ ես դու, հրակէզ,

Հրապսակ ու կանգուն,

Անխաբ վկայ, Արարատ…

Վահան Տէրեան

 

– Մասիսներին եկաւ ձիւն

Կատարներին՝ ճերմակ քուն,

Ես մոռացուած մի կատար՝

Ոչ քուն ունեմ, ոչ էլ տուն։

Յ. Շիրազ

 

– Երկնքից առկախ մի լեռնակղզի՝ Հայաստան աշխարհ,

Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում,

Երկու զոյգ հսկայ անձեռագործ։ Անունն՝ Արարատ։

Պ. Սեւակ

 

– Եւ նստաւ տապանն յօթներորդում ամսեանն, է քսան եւ եօթ ամսոյն է՝ լեռինս Արարատայ…

Աստուածաշունչ

 

– Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկայ,

Ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Եղիշէ Չարենց

 

– Մենք Մասիսին՝ Մասիսը մեզ՝ երազում ենք միշտ իրար

Կ՚ուզենք իրար հասնել, գրկել, բայց չի թողնում դարը չար,

Այսպէս իրար կարօտով ճերմակեցինք՝ հայ վշտից,

Չա՞րն է մեր մէջ անդունդ բացել, ի՞նչդ է բարի, ո՜վ աշխարհ…

Յ. Շիրազ

 

– Էն, որ ունի աշխարհի թագ՝

Գանձ թագաւոր Մասիս ճերմակ,

Ճերմակ Մասիս, սէրը մրմուռ,

Գլուխը վեր, դրախտի դուռ՝

Յ. Շիրազ

 

– Երնէկ լուսնին, որ անցնելիս լուռ շոյում է Մասիսին

Լուսնին տայի սիրտս տանէր Մասիսին

Գէթ մի օրով լուռ նաւէի Մասիսին,

Փրկուէի Նոյի պէս, յոյսի ծովում Մասիսի։

Յ. Շիրազ

 

– Մարդուն հաւատում են

Երբ… նա ունի իր մէջ՝ Աստուած։

Աստծուն հաւատում են, բայց

Աշխարհն է՝ անաստուած

Ուրեմն… գնանք նորից

Ելնենք մեր Մասիսն ի վեր,

Գտնենք մեր Աստծուն՝ ի սէր

Ու տանք աշխարհին,

Բաժանենք նրան…

Նորից ու նորից, բայց՝ զգոյշ լինենք,

Որ, ինքներս, մենք

Այլեւս, չմնանք անաստուած – անտէր…

Գ. Մանուկեան

 

– Էջմիածին, Էջմիածին…

Արարատեան դաշտը՝ բուրվառ,

Դու յաւիտեան իր խունկը վառ

Ծխի՛ր յաւէտ, յա՛ր հուրհրայ,

Թող գէթ ծուխդ՝ Մասիս սուրայ…

Յ. Շիրազ

 

– Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում։

Մենք մեզ ոչ-ոքից չենք գերադասում,

Պարզապէս մենք էլ պիտի ընդունենք,

Որ մենք, միայն մենք՝ Արարատ ունենք…։

Պ. Սեւակ

 

ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հայոց լեզուի եւ գրականութեան ուսուցչուհի

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ