Չորեքշաբթի, Ապրիլ 24, 2024

Շաբաթաթերթ

Ձօն Մայրերին

 

Անցորդ, խոնարհիր

Գլուխը քու սէգ,

Այստեղ հանգչում է

Մի բուռ տիեզերք .  .  .

                                                                                                                                                                Յովհաննէս Շիրազ

            Մարտ ամիս, տօնական վառ լոյսի հրավառութիւն լինի այսօր, բամբեր զարկեն այսօր, արեգակը մայրերի սիրոյ ողջոյնը տանի տիեզերք՝ Վահագն Յարդագողի ճանապարհի հայոց մայր դիցուհի Անահիտի տաճար:  Աստղերի ընթացքը մի պահ կանգնի, իրենց լոյսի թրթիռներով ողջունեն մոլորակի մայրերին: Այդ իրիկուն, արեւի քոյրիկ լուսնեակը իր կաթնաթոյր համբոյրը ցօղի մայրերի ճակատներին: Թող միշտ զուարթութիւն լինի մայրերի դէմքերին, նրանց սրտերի ալեծուփ ծովակների թրթիռները սիրոյ լոյս ճախրեն իրենց որդիների կեանքի ճանապարհին: Մայրերի փառաբանման հրաշափառ տօնակատարութիւն լինի այսօր, մայրերի իմաստութեան խորհուրդի պատարագ լինի: Հայոց տները թող հրդեհուեն մայրական սիրոյ կրակով: Հայը, իր հեթանոս նախնիների աւանդութեամբ, աստուածացրել է մայրութիւնը, այն պաշտամունք եղել: Մայրը աստուածածին եղաւ, մոլորակի մարդկանց սրտերին սիրոյ, յոյսի, լոյսի ջահեր վառեց:

            Բնութեան հրաշալիք՝ ծիածանափայլ ծաղիկները թող գգուեն լանջերը մայրերի, սիրոյ բոցերով վարուող վարդերը իրենց օճախներում ծիածան կապեն, նրանց կարմիրը յորդի իրենց հրաբորբ սրտերի ծովակների ալեակներին: Վարդ, ծաղիկների թագուհին, ծաղիկը բնութեան արարչութեան սքանչելիութիւնն է, որի տեսքից հոգիդ լցւում հիացմունքի խինդով: Ամենայն Հայոց բանաստեղծ Յովհանէսը, վարդատօն էր հիմնել, մինչ այսօր հայերը իւրաքանչիւր Մայիսին, սիրով վառուած երգիչ՝ Սայեաթ Նովու գերեզմանին վարդերով այցի են գնում:

            Գարնան ամիս, արեգակն իր շողերով կեանք է յորդում մեր երկրին, ծաղկում է բնութիւնը, ծաղկում է մարդու հոգին: Մտի′ր ցորեանի արտեր, նայի′ր ծաղկած ցորեանի հասկերին, շոյի′ր նրանց, բնութեան խինդի մայրութիւնը պիտի սարսռայ քու սրտում: Մտի′ր պարտէզներ, ծաղիկների ծիածան ծովակների ալեակներն են ծփում, ժպտում են նրանք երկնի կապոյտին, ժպտա′յ նրանց, թող սիրտդ խայտայ բնութեան հրաշքով: Նայի′ր ինչպէս են արեւի ճառագայթները իջել ծառերին՝ համբուրելու ծաղիկների ծիածանացած շրթները: Մտի′ր անտառներ, նայի′ր ինչպէս են նրանք իրենց կանաչազարդ թեւերը պարզել երկնի կապոյտը գգուելու: Բնութեան հրաշափառ արարման խորհուրդն է, հողի արարչութիւնն է,  այն կոչում են մայր բնութիւն, մայր հող, մայր հայրենիք, մայր ոստան,՝  մայրութեան սրբազնացումն է:

            Մայրերը իրենց ձեռքերը սիւն  են դարձրել, որ չփլեն իրենց տները: Ինչքան սիրով լցուած եղել մի իմաստասէրի սիրտը, որ յանդգնել էր ասելու՝ »Աստուած էլ կը գտնես, սակայն, յաւերժութիւն դարձած մօրը՝ երբեք»: Աստուածային բարութեամբ յորդացած մայր, ըստ մի այլ մտածողի, պատուիրել է, իր մահից յետոյ ձեռքերը կտրէին ու նրանով ծեծէին փոքրերին, որ ցաւ չպատճառուէր նրանց:

            Պետութիւններ, այս ամսին են մայրերի փառաբանման տօն հիմնադրել, որ գարնան խինդով առկայծէին նրանց սրտերը: Արմէնները իրենց ոստանը քաղաքամայր են կոչել, երկիրն իրենց Մայր Հայաստան, լեզուն իրենց Մայր լեզու, գետն իրենց Մայր Արաքս, ծառն իրենց »Մայրի»: Երեւի Արմին նախնիները միայն աստուածացրել էին մայրերի պաշտամունքը, ստեղծել մայրութեան Անահիտ ոսկեձոյլ դիցուհի: Եկեղեաց գաւառի Երիզա աւանում նրա պատուին հռչակաւոր տաճար հիմնել, տաճար էին կառուցել նաեւ աստուածների քաղաքներ՝ Բագարանում, Աշտիշատում՝ Աստղիկի ու Վահագնի Վահէ-Վահեան մեհեանի կողքին:

            Մայրերի օրուան նուիրուած ամենավաղ տօնակատարութիւնները կատարուել էին հին Յունաստանում, պատուելու համար աստուածների մայր Ռէան: 1600 թուականներին, անգլիացիներ, մեծ պահքի չորրորդ կիրակին տօնախմբել էին մի օր, որը կոչուել էր »Մօր այցելութեան օր»: Քրիստոնէութիւնը, Եւրոպայում տարածուելուց յետոյ, այդ տօնակատարութիւնը վերանուանել էին »Մայր Եկեղեցի», որպէս հոգեղէն ուժ, այն կեանք շնորհէր, նրանց պաշտպանէր վտանգներից: Ժամանակի ընթացքում, եկեղեցական այդ տօնը վերափոխել էին որպէս »Մայրական Կիրակի» տօնակատարութիւնների օր:

            Միացեալ Նահանգներում, »Մայրերի Օր»-ը առաջին անգամ թելադրուել էր կատարելու 1872 թուականին, Ժուլիա Վարդ Հոուվի կողմից, որպէս խաղաղութեանը ձօնուած օր: 1907 թուականին, ֆիլատելֆիա քաղաքում, Աննա Ճարուիսը սկսել էր մի արշաւ, հիմնադրելու »Մայրերի Օր»: Տիկին Ճարուիսը համոզել էր քաղաքի եկեղեցուն, »Մայրերի Օր» տօնելու Մայիսի երկրորդ Կիրակին, իր մայրիկի մահուան երկրորդ տարելիցի օրը: Նա, իր համախոհների հետ նամակներ յղել նախարարներին, քաղաքական գործիչներին մայրերի օրուայ տօնակատարութեան օր հաստատելու համար: Եւ 1914 թուականին, ԱՄՆ-ի նախագահ, Մեծ Հայքի վեց վիլայեթներում Հայաստանի պետականութիւնը վերականգնելու երաշխաւոր, 1920 թուականին Օգոստոսի 10-ին Սեւրի Դաշնագրով իրեն շնորհուած անբեկանելի իրաւարարի իրաւունքով 103,6 հազար քառակուսի քիլոմեթր տարածքով հայոց անկախ պետութեան սահմանների քարտէսը նախագծող, Վուտրո Ուիլսոնը, պաշտօնական յայտարարութեամբ, իւրաքանչիւր տարուայ Մայիսի Երկրորդ Կիրակին հռչակել էր որպէս »Մայրերի Օրուայ» տօնակատարութեան օր: Այժմ աշխարհի շատ երկրներ, ինչպէս» Դանիա, Ֆինլանտիա, Իտալիա, Թուրքիա, Պելճիքա, Աւստրալիա, »Մայրերի Օր»-ը նոյնպէս տօնում եմ նշուած օրը:

            Արմինա-Հայաստան, Արմին-հայեր պաշտամունք էին նուիրել »Մայրութեան»-ը: »Պտղաբերութեան, Ոսկեծին, Ոսկեծղի, Ոսկեմայր, Ոսկեհատ հայոց աշխարհի մայր դիցուհի Մեծ Տիկին Մայր Անահիտն էր: Ապրիլի վեցին, աստուածների քաղաք Բագարանի մեհեանում՝ Անահիտի պաշտամունքի տօնախմբութեան օրն էր, հայերն իրենց արքաների հետ փառաբանել էին իրենց երկրին մայրութիւն պարգեւող Անահիտ Մայր Դիցուհուն: Նրա ոսկեձոյլ  արձանին իրենց մայրացած արտերի, այգիների բարիքների արգասիքն էին մատուցել: Արիացի պարթեւները, հնդկացիները Անահիտին, նրա մայրութեան պաշտամունքը, տարել էին իրենց երկրներ: Քրիստոնեայ Պարթեւ Գրիգոր հայոց աշխարհում մարել էր նաեւ Անահիտի պաշտամունքը, նրա ծննդեան Ապրիլի վեցի յաջորդ օրը հաստատել որպէս Գաբրիէլ հրեշտակապետի կողմից Մարիամին յայտնուած Աստուծոյ պատգամը՝ »Աւետման Օր», Ապրիլ ամսուայ 7: Մթնել էր երկիրը, պայթում էր երկինքը, Գաբրիէլ Հրեշտակապետն էր պատուհանից Մարիամ Նազովրեցին յայտնել, որ ինն ամիսներ յետոյ աշխարհ էր բերելու երկրի փրկիչ՝ Յիսուս-ին: »Աւետման Օր» Ապրիլ  վեց, համարել էին մայրութեան նուիրուած տօնական օր:

            Հայաստան արշաւող Հռովմի Անտոնիոս զօրավար, հայոց աշխարհում մայրութեան օրհնութիւնը խորտակելու նպատակով, գերեվարել Անահիտ աստուծոյ ոսկեձոյլ արձանը, այն տարել Եգիպտոս՝ թագուհի Կղէոպատրայի երկիր: Անյայտ առեղծուածով, Անահիտի անագապղնձեայ կրկօրինակի գլխամասն է միայն հիմա հանգչում անգլիական թագաւորական թանգարանում: Հռովմի Կալիկուլա կայսրը կայսերական խնճոյք էր սարքել, երբ նրան հարցրել էին, թէ այդքան դրամ որտեղի՞ց, նա պատասխանել էր՝ այն կատարել էր արմինների Անահիտ աստուածուհու ոտքի միայն մի մասի արժէքով:

            Հապա, բեմադրիչ Աշոտ Մալաքեանի »Մայրիկ» շարժապատկերը, աշխարհի ո՞ր բեմադրիչն էր մայրիկին նման պաշտամունքի արժանացրել, տարել աշխարհների բեմեր: Այն՝ Հայ ընտանիքի, Հայ մայրիկների աւանդական փառաբանումն է, ֆրանսացի կնոջն ասել էր, որ իրենց տանը նա մեծափառ անձնաւորութիւնն է:

            Մայրերը,  որպէս հրեշտակներ, անքուն գիշերներ իրենց մանչերի օրօրոցների մօտ օրօրներ են ասում, նրանք լսում այն եւ մայրական հոգու սիրոյ անդորրն իջնում նրանց սրտիկներին՝ անուշ քուն լինում: Բանաստեղծ Գամար Քաթիպան երկնել էր մայրերի օրօրը՝

Քուն եղիր բալաս, աչերդ խուփ արա՝

Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ:

Օրօր իմ բալա, օրօր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,

Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տուր:

Օրօր իմ բալս, օրօր ու նանի,

Իմ անուշիկիս քունը կը տանի:

 

            Եւ ուրիշ մի հանճարեղ Հայ երգահան՝ Բարսեղ Կանաչեան, Քաթիպայի արարած խօսքին հնչիւններ հիւսել, ինչքան անուշ է այն, կարծես երկնից է քաղել: Սակայն, մայրեր իրենց մանչերի սրտերին նաեւ ռազմի երգեր են հնչել՝

Զարթնի′ր, որդեակ վեր կաց,

Պատերազմի փող հնչեց,

Զարթնի′ր գոչեց ձայնն հայրենեաց,

Կենաց մահու ժամն հնչեց:

 

            Եւ ուրիշ մի բանաստեղծ՝ անունը Շիրազ, Շիրազի վարդերի բոյրով, իր հետ տիեզերքից բերած սիրոյ ղօղանջներով երգել մայրերի խորհուրդը՝

Հազար ու մի սիրտ բացեցի,

Ոչ մի անմեռ սէր չգտայ,

Ծովից խորունկ սէր զգացի,

Երբ մայրիկիս սիրտը մտայ:

Մոր սրտում է Աստուած քնած՝

Լոկ մօր սրտի մէջ է զարթնում,

Աւաղ, առանց Աստուծոյ մնաց

Իմ որբ կեանքը՝ անյոյս մթնում:

 

            Շիրազ, Արարատի ձիւնաշաղ ծաղիկների, նրա ձիւնոտ թագի, նրա քարեղէն սրտի, նրա ոգեղէն խորհուրդի մեհեանի քրմացած բանաստեղծը ինչքա˜ն սիրով ու խանտաղատանքով է երգել աղօթք դարձած մօր սրտի սիրոյ ղօղանջները , նրա արմենական հոգուց ժայթքած մայրական տիեզերական սիրոյ խորհուրդի ինչքա˜ն բանաստեղծութիւններ է երկնել, Մեսրոպի լուսեղէն գրերով այն քանդակել որպէս՝ »Յուշարձան Մայրերին»:

            Եւ Այսօր, մայրերը ծաղիկների նման լոյս ժպիտներով թող փայլատակեն, արեւներ նրանց, արեւի նման յաւերժութիւն նրանց, եթէ կարողանայիք կարդալ սրտերը նրանց .  .  . Օ˜հ, մայրական սիրոյ ինչքա˜ն խարոյկներ  են վառւում այնտեղ:

 

ՊՕՂՈՍ  ԱՐՄԵՆԱԿ  ԼԱԳԻՍԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ