Ուրբաթ, Դեկտեմբեր 27, 2024

Շաբաթաթերթ

Գրական – Մշակութային Խորէն Պալեանի Ծննդեան 86րդ Տարեդարձի Նուիրուած Երեկոյ

Մարտի 10-ին, Երեւանի Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանի յարկին տակ տեղի ունեցաւ հանրայայտ ծանօթ մտաւորական եւ երգիչ Խորէն Պալեանի 86րդ տարեդարձի նշումը: Միջոցառման ներկայ էին  ԼԶ. տուն-թանգարանի հոգաբարձութեան անդամներ՝ փրոֆեսորներ Գուրգէն Մելիքեան, Արծրուն Աւագեան, Սամուէլ Մուրատեան եւ Դոկտ.Երուանդ Տէր Խաչատուրեան ինչպէս նաեւ hոյլ մը արուեստագէտներ, մտաւորականներ եւ արուեստի սիրահարներ: 

Միջոցառումը կազմակերպած էր թանգարանի տնօրէն՝ մտաւորական մասնագէտ փրոֆեսոր Սուսաննա Դաւթեանը: Երեկոյթին ընթացքին ներկաներուն հրամցուեցաւ հիանալի տեսահոլովակ ուր ամփոփուած էին Խորէն Պալեանի եւ Լուսինէ Զաքարեանի կեանքէն պատառիկներ եւ անզուգական զոյգին Հայ դասական երաժշտութիւն եւ հոգեւոր երգի մենակատարումները: Տեղի ունեցան ելոյթներ եւ երաժշտական կատարումներ անդրադառնալով Խորէն Պալեանի գրական եւ արուեստի վաստակին եւ իր ներդրումին Լուսինէ Զաքարեանի արուեստի մշակման եւ զարգացման մէջ:

Երեկոն արձանագրեց բացառիկ յաջողութիւն, ներկաներուն պարգեւելով հոգեկան եւ մտային մեծ  գոհունակութիւն:

Ստորեւ կը ներկայացնենք երեկոյին ներկայ կարգ մը անձնաւորութիւններու սրտաբուխ վկայութիւնները երախտաւոր ամոլին մասին:

 

ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւանի Խ․ Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախօս, աստուածաբան

Մեծ հուզմունքով եւ մեծ սպասումով վերջապէս հնարաւորութիւն ունեցայ գտնուելու տաղանդաւոր Լուսինէ Զաքարեան երգչուհու եւ իմ սիրելի դասախօս Խորէն Պալեանի տուն-թանգարանում։

Անչափ յուզիչ է գտնուել մեր քաղաքի ամենակենտրոնում գտնուող նրանց հրաշալի բնակարանում, որտեղ ամեն ինչ յիշեցնում է երկու անմոռանալի մարդկանց մի ողջ կեանքի պատմութիւնը։ Էլ աւելի տպաւորուած եմ տան հոգեւոր եւ դրական ներդաշնակութեամբ, որ պատեց հոգիս։

Շնորհակալութիւնս տուն-թանգարանի տնօրէն, մեր շատ սիրելի տիկին Սուսաննա Դաւթեանին պահելու եւ խնամելու համար այն ամենը, ինչը մեծ երջանկութիւն է պարգեւում այցելուներին։ Ձեզ քաջ առողջութիւն եւ երկար տարիների կեանք ապագայ սերունդներին նրանց ճանաչելի դարձնելու գործում։

*****

ԿԱՐԻՆԷ ԴԻԼԱՆԵԱՆ

Բանասէր, արուեստաբանութեան մագիստրոս, մանկավարժ

 

Երբ ապրում ենք մեծութիւնների կողքին, վայելում նրանց ներկայութիւնն ու շփումը, այդ պահին գուցէ այնքան էլ չենք գիտակցում, թէ ինչ երջանկութիւն է մեզ տրուել։ Միայն յետոյ, երբ ամենակարող ժամանակը հեռացնում է նրանց մեզանից, իրապէս  ենք  հասկանում եւ գնահատում այդ բարեբախտութիւնը։

Տարիներ առաջ, երբ սովորում էի Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, հնարաւորութիւնն ունեցայ ճանաչել մեծ մտաւորական, երգիչ Խորէն Պալեանին։ Համալսարանում Պալեանը գրաբար էր դասաւանդում։ Խիստ էր, պահանջկոտ, միաժամանակ՝ հոգատար ու համբերատար, ու տրուած կարճ ժամանակահատուածում ջանում էր առաւելագոյնս մեկնաբանել ու սովորեցնել մեզ մեր հնամենի լեզուն՝ գրաբարը՝ իր ողջ ճոխութեամբ, շքեղութեամբ ու նրբութեամբ։

Երգում էր…. ինքնամոռաց, ջերմութեամբ, անբացատրելի հրճուանք էր ապրում շարականներ, տաղեր ու հոգեւոր, տոհմիկ՝ մեզ համար չլսուած երգեր կատարելիս։

            Իհարկէ, նրա մասին  միայն երբեմնի ուսանողներիս թանկ յիշողութիւնները քիչ են՝ գնահատանքի տողեր գրելու համար։

Զարմանալիօրէն քիչ են Խորէն Պալեանից պահպանուած տեսագրութիւններն ու ձայնագրութիւնները, հեռուստառատիօ եթերը հազուադէպ է անդրադառնում  հայ հոգեւոր երաժշտութեան ռահվիրաներին, նրանց կատարումներին։

Այս բացը լրացնելու գեղեցիկ տարբերակ էր մշակել  Լուսինէ Զաքարեանի տուն- թանգարանը։ 20-րդ դարի գրչի տաղանդաւոր վարպետների  գնահատանքի խօսքերը միահիւսել, ստեղծել է պատում-տեսահոլովակ Լուսինէի եւ Խորէնի մասին։ Տիկին Դաւթեանի անձնական պահոցում պահպանուած գրեթէ 30 տարուայ  հարսանեկան տեսանիւթում  հետաքրքիր դրուագ գրաւեց ուշադրութիւնս․ Պալեանը  ներկաներին յորդորում է ազգային պարտք կատարել՝  յոտնկայս մէկ րոպէ լռութեամբ յարգելով Սումկայիթի նահատակների յիշատակը, բոլորովին չստուերելով ուրախութիւնը (քանզի օրը 1988 թուականի ապրիլի 10-ն էր՝ սումկայիթեան ջարդերի քառասունքը)։ Դա Պալեան հայի, քաղաքացու, մտաւորականի ոգեկոչման, հայրենասիրութեան ու հայրենանուիրութեան ճառընտիր խօսքն էր։

Սակայն Խորէն Պալեանը խոնարհումի արժանի առավել կարեւոր առաքելութիւն կատարեց մեր ժողովրդի համար։

Նա բացայայտեց հոգեւոր երաժշտութեան անգերազանցելի թարգմանին՝ Լուսինէ Զաքարեանին, որը եկեղեցու պատերից դուրս բերեց հայ հոգեւոր տոհմիկ երգի գոհարները եւ նուիրեց մեզ։

Յաճախ եմ այցելում թանգարան։ Գնում եմ՝ ինչպէս իմ տուն,  վստահ, որ սպասուած եմ։ Եւ դրա համար, պիտի շնորհակալ լինեմ նախախնամութեանը,  թանգարանի տնօրէն տիկին Սուսաննա Դաւթեանի համակրանքին ու վստահութեանն արժանանալու համար։

 Յուզմունքը, խինդը, բերկրանքը,  համակում են ինձ, քանզի նրա շնորհիւ ես    ճանաչեցի եթերային,  մաքրամաքուր, գեղեցիկ ու անկրկնելի   Լուսինէին, լսեցի նրա չքնաղ  կատարումները, մոգական ձայնը։

Զարմանում եմ, թէ ինչ սիրով, անմնացորդ նուիրումով է տիկին Դաւթեանը պատրաստւում հերթական դասախօսութեանը, պատմում  յուշի պատառիկներ իր մեծ բարեկամ Խորէնից, խօսքի անտեսանելի աղերսներով ունկնդիրներին տանում է հեռաւոր ժամանակներ,  Նարեկացու հանճարի լոյսի ներքոյ բացայայտելով Լուսինէի երեւոյթը եւ հայ մշակոյթի հոգեւոր գանձերը։ 

Փոքրիկ երկսենեականոց բնակարանի անկիւնները ողողւում են խնկաբոյր աղօթքի ելեւէջներով, եւ երբ հնչում են Սիլվա Կապուտիկեանի տողերը ՝ուղղուած չքնաղ Լուսինէին,  խստաբարոյ, պատկառելի ու վսեմ նկարագրի տէր այդ կինը, անզօր է լինում թաքցնել յուզմունքը,  եւ երկար տարիներ իրեն ու այս տաղանդաւոր մարդկանց  միմեանց կապող ամեն բան վեր է ածւում յիշողութեան ու երախտիքի արցունքների.

 

Տէ՛ր, ընդունելի՛ արա մեր զոհը,

Տէ՛ր, քե՜զ է մնում մեր բախտը ու մենք,

Վառե՜լ ենք քո դէմ մեր վերջին մոմը,

Դրանից մաքուր՝ էլ ոչինչ չունենք…

 

Մի բուռ սէր՝ ամեն բառի, հնչիւնի, ասուած խօսքի մէջ։

Թերթում եմ տուն-թանգարանի այցելուների հաշուառման եւ տպաւորութիւնների գրանցման մատեանը եւ կարդում. <<Լուսինէ Զաքարեանի անունը յաւերժացնող այս թանգարանի տնօրէն Սուսաննա Դաւթեանին երախտապարտ ենք ազգովի>> (Հ. Չեքիջեան)։

Շնորհակալութիւն Մայստրօ։

Շնորհակալութիւն Սուսաննա Դաւթեան։

Շնորհակալութիւն, իմ սիրու~ն, սիրու~ն Լուսինէ։

 

*****

ԻՐԵՆ ՅԱԿՈԲԵԱՆ – ՍԱՐԳՍԵԱՆ

Երեւանի Խ․ Աբովեանի անվան հ․2 հիմնական դպրոցի տնօրէն, մանկ․գիտ․ թեկնածու, Պրովիզոր, նկարիչ Լեւոն Սարգսեանի անուան քոլեջի հիմնադիր տնօրէն

2020թ․մարտի 10-ին Լուսինէ Զաքարեանի տուն-թանգարանում էի։ Նշւում էր Խորէն Պալեանի ծնունդը։ Հրաւիրուած էին գրականագէտներ, արւեստի, մշակոյթի գործիչներ, ուսանողներ․․․ Հրաւիրուած էի նաեւ ես։ Ներկաներս սիրով ու գոհունակութեամբ արձագանքեցինք թանգարանի նուիրեալ տնօրէն, փրոֆեսոր Սուսաննա Դաւթեանի բացման խօսքին։ Արտայայտուեցին գրականագէտներ, ընկերներ, ուսանողները երգեցին հոգեւոր երգեր, եւ ուրախանում էի, որ մեր հրաշք երիտասարդները ձգտում են ճանաչել հայ հոգեւոր երգի առաքեալներին։

Դիտեցինք ֆիլմ Լ․ Զաքարեանի եւ Խ․ Պալեանի մասին, ով մանուկ օրերից մասնակցել է եկեղեցական ժամերգութիւններին, տարիների ընթացքում անգիր էր արել շարականները, իսկ յետոյ հոգեւոր ճեմարանում ուսումնասիրել միջնադարեան հոգեւոր երաժշտութիւնը, դարձել հմուտ մասնագէտ։

Ֆիլմը թողեց խոր ազդեցութիւն, ունէր նաեւ ուսուցողական նշանակութիւն։ Եւ անժխտելի է Խորէն Պալեանի դերը Լուսինէ Զաքարեանի երգարուեստում, ով երբեք ուսուցչի կեցուածք չընդունեց․․․ Միջոցառումից յետոյ շրջեցի տուն-թանգարանում։ Ամեն իր ինձ համար թանկ մասունք էր, որին կպել էր Լուսինէ Զաքարեանի հրեշտակային ձեռքը։ Յետոյ սկսեցի ակամայից մտածել․ այստեղ ապրել են ու սիրել, սիրել են ու ապրել։Եւ խորհել են, ստեղծել, ստեղծագործել, երգել․․․ թողնելով արժէքներ սերունդներին, դարերին եւ այնպիսի արժէքներ, որ դրանց հետ ամեն մի համեմատութիւն շատ անգամ ստուեր է գցում համեմատողի վրայ։

Վայելեցինք Լ․ Զաքարեանի մեղմիկ, աղօթքային ձայնը։ Լսում էինք զմայլուած։ Բոլորի հետ ստացայ գերագոյն բաւականութիւն, արուեստի ինքնամոռաց վայելում։                        Շնորհակալ եմ Ռաֆֆի Պալեանին, ում հետ բախտ եմ ունեցել ծանօթանալ ամուսնուս՝ բժիշկ, բանաստեղծ Լեւոն Սարգսեանի յոբելենական երեկոյին, որին հրաւիրուած էր նաեւ Ռաֆֆի Պալեանը։ Նրա մասնակցութիւնը մէկ անգամ եւս փաստեց Ռաֆֆի Պալեանի սէրն ու յարգանքը հայ արուեստի հանդէպ, իսկ երեկոն վարում էր նոյն ինքը՝ Սուսաննա Դաւթեանը, ում կողմից հրաւիրուած էր Ռաֆֆի Պալեանը, ում շնորհիւ էլ հիմնադրուեց Լուսինէ Զաքարեան տուն-թանգարանը, բացելով ճանաչման մի նոր ասպարէզ։ Փառք ու պատիւ իրեն։                                                                                                      Շատ կ՛ուզենայի, որ Ռաֆֆիի նման արւեստը մեծապէս գնահատող մէկը եւս ծնուեր, ով կը ձեռնարկեր հայոց աշխարհի սոխակ Գոհար Գասպարեանի տուն-թանգարանի բացումը։

Այս թանգարանը թող օրինակ ծառայի նաեւ մեր շատ ու շատ մեծերի յիշատակը վառ պահելու եւ մշակոյթի նոր օջախներ բացելու համար։ Շնորհակալ եմ Ռաֆֆիին նաեւ ճիշդ տնօրէն ընտրելու եւ նշանակելու համար, ով ոչ միայն գիտակ է, այլ նաեւ Լուսինէ Զաքարեանի եւ Խորէն Պալեանի ընտանիքի մտերիմ, ջերմ բարեկամն է, ում հարսանիքին երգել են բազում երգեր, երկուսով կատարել պսակի արարողութիւնը։

Ֆիլմում նկատեցի նաեւ, որ Խորէն Պալեանը այդ օրը փայլում էր նաեւ իր հռետորական արւեստով, իսկ որոշ երգերի կատարումները չէի լսել որեւէ այլ տեղ։

            Տնօրէն Սուսաննա Դաւթեանը իր գործունէութեան հենց սկզբից մինչ օրս ձգտում է շարունակել գիտականօրէն արժեւորել Լ․ Զաքարեանի եւ Խ․ Պալեանի առաքելութեան պատմական արժէքը եւ մոռացութեան վիհից հանելով աշխատել ամեն ինչ անել ազգին ու աշխարհին վերստին նուիրաբերել մեր հոյակերտ գանձերը։

             Շնորհակալութիւն Ս․ Դաւթեանին, ով Լուսինէ Զաքարեանի առաջին քայլերը քաջալերող, հայ նշանաւոր արուեստագրեր Հ․ Չեքիջեանի խմբում երգող, նուագակցող, Հ․ Չեքիջեանի մասին հիանալի մենագրութեան գրքի հեղինակն է, ով մօտիկից՝ 1965 թվ․ ճանաչում է Լուսինէ Զաքարեանին եւ Խորէն Պալեանին եւ ով վերին աստիճանի ազգային է եւ ամեն ինչ անում է այս թանգարանի միջոցով էլ ազգայինը փոխանցել մեր սերունդներին։ Նա ունի կազմակերպչական մեծ տաղանդ եւ համոզուած եմ, որ իր ծրագրերով կբացի Լ․ Զաքարեանի եւ Խ․ Պալեանի ճանաչման մի նոր ասպարէզ, թանգարանը ծառայեցնելով նպատակին։

             Հպարտ եմ, որ եղել եմ անկրկնելի երգչուհու եւ Խ․ Պալեանի ժամանակակիցը, որ բախտ եմ ունեցել լսել նրանց երգերը մեծ դահլիճում, Ս․ Էջմիածնում եւ այլուր։

Որպէս մանկավարժ, շատ կարեւորում եմ մեր տեսած տեսահոլովակի միջոցով երիտասարդներին՝ ուսանող թէ աշակերտ, հոգեւոր հայ երգը ներկայացնելը։

          Յարգանք ու երախտագիտութիւն Ռաֆֆի Պալեանին, թանգարանի տնօրէն Ս․ Դաւթեանին, Մարիամ Թոփակեանին։

           Այս ամենի հետ մէկտեղ չմոռանանք, որ անելիքներ շատ կան՝ սփիւռքում եւս այս զոյգի առաքելութիւնը նման կերպ լուսաբանելու համար։

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ