Յառաջիկայ Կիրակիներին Ձօնուած Արարողակարգեր

Մեկուսացումի այս օրերին հոգևոր ծառայութիւնը արդիւնաւէտ շարունակելու, հաւատաւոր մեր հայորդիներին հոգևոր պահանջմունքները բաւարարելու համար Արևմտեան թեմը, Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ շարունակ նոր հնարաւորութիւններ է որոնում և գործադրում։

Ներկայիս Ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում նոր քայլերը։ Առաջնորդ Սրբազանի օրհնութեամբ և անձնական նախաձեռնութեամբ յառաջիկայ կիրակիների պատարագները ձօնուած պիտի լինեն համապատասխանաբար՝

– Բժիշկներին և բուժաշխատողներին,

– Ուսուցիչներին, աշակերտներին և շրջանաւարտներին

– Հայ քրիստոնեայ ընտանիքին,

– Հոգևորականաց օր, 

– Կաթողիկէ Ս. Էջմիածնի տօն,

 – Հայրերի օր

Կիրակնօրեայ Ս. Պատարագների ժամանակացոյցը ներկայացնում ենք ստորև.

Մայիս 17 – Նուիրուած բժիշկներին, բուժաշխատողներին, բժշկական սպասարկող անձնակազմին։ Կը կատարուի մասնաւոր աղօթք՝ նուիրուած բժիշկներին և առողջապահութեան ոլորտի բոլոր աշխատակիցներին։

Մայիս 24 – Նուիրուած ուսուցիչներին, դպրոցների տնօրինութեանց, աշակերտներին և շրջանաւարտներին։

Կը կատարուի մասնաւոր աղօթք՝ նուիրուած  կրթութեան ոլորտին, այդ շարքին նաև՝ այս տարուայ մեր շրջանաւարտներին։ Այդ կապակցութեամբ պատարագի աւարտին երիտասարդ շրջանաւարտներ իրենց խօսքը կ’արտասանեն live-streaming-ի միջոցով։ 

Մայիսի 31- Նուիրուած քրիստոնեայ հայ ընտանիքին։

Այս առիթով կ’ընթերցուի թեմի Անդրանիկ Առաջնորդ Գարեգին Եպս. Խաչատուրեանի պատգամը՝ նուիրուած հայ ընտանիքին, նաև Յովնան Արքեպիսկոպոսի պատգամը օրուայ խորհրդին համապատասխան։

Յունիս 7 – Հոգևորականաց օր։ Այս առիթով կատարել յատուկ աղօթք՝ նուիրուած թեմի հոգևորականաց, ի մասնաւորի թեմի այն հոգևորականներուն, որոնք ունին յոբելինական տարեդարձներ։ Live-streaming համերգով պիտի ելոյթ ունենայ Առաջնորդարանի «Շնորհալի» երգչախումբը։   

Յունիս 14 – Կաթողիկէ Ս. Էջմիածնի Տօն։  Ս. Էջմիածնի Տօնի առիթով կատարել մաղթանք նուիրուած Ս. Էջմիածնի։ 

Յունիս 21 – Հայրերի օր։  Ս. Պատարագին աղօթքով յիշել հայրերը և այն դարձնել նաև քարոզի մէջ ներառնուած նիւթ։ Ս. Պատարագի աւարտին Առաջնորդարանի «Շնորհալի» երգչախումբը և սարկաւագաց դասը live-streaming-ով հանդէս պիտի գան երգերով՝ ձօնուած հայրերուն։ 

Մեր հաւատացեալ հայորդիներին մաղթում ենք ապահով և հոգևոր կեանքով լեցուն օրեր։

Դիւան Առաջնորդարանի 

 

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ