Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Շաբաթօրեայ Դպրոցների Ժողով

 Համավարակի ներկայիս պայմանների մէջ, որ իր ազդեցութիւնն է գործել յատկապէս կրթական հաստատութիւնների և առհասարակ կրթութեան կազմակերպման վրայ, որոշակիօրէն իրենց դասընթացները շարունակում են Արևմտեան թեմի շաբաթօրեայ դպրոցները՝ օգտագործելով համացանցի տարբեր հնարաւորութիւններ։ Այդ աշխատանքները համակարգելու, նաև յետագայի ծրագրերը քննարկելու համար Մայիսի 30-ին կազմակերպուեց zoom ժողով Գերշ. Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ։ Ժողովի մասնակիցներն էին հոգևոր հովիւներ ու շաբաթօրեայ դպրոցների տնօրէններ, ուսումնական խորհրդի անդամներ։

Նախ, Առաջնորդ Սրբազանի առաջարկութեամբ տնօրէնները հակիրճ ներկայացրին իրենց գործունէութիւնը, դպրոցների խնդիրներն ու ակնկալիքները։ 18 շաբաթօրեայ դպրոցները, ուր հայոց լեզու և գրականութիւն, պատմութիւն, երաժշտութիւն և հայաշունչ այլ առարկաներ են ուսուցանում մեր սաներին, ներկայումս հիմնականում շարունակում են իրենց աշխատանքները առցանց դասաւանդումով, որ բնականօրէն բերում է նոր խնդiրներ։ Տնօրէնների նպատակադրումն է՝ այդ մեթոդները դարձնել հնարաւորինս արդիւնաւէտ։ Քննարկման մասնակիցները խօսեցին դպրոցների ծրագրերը միասնականացնելու հարցի մասին։ Այդ ուղղութեամբ Յովնան Սրբազանը յստակ յանձնարարութիւն տուեց՝ յառաջիկային քննարկելու միանման ծրագիր և դասագրքեր ունենալու տարբերակները։

Ներկայացուեց նաև ուսուցիչների ամենամեայ աշխատանիստի ծրագիրը, որ այս տարի նախատեսուած է անցկացնել Օգոստոսի 15-ին և պիտի քննարկուի ի մասնաւորի տեխնիկական միջոցներով ուսուցման կազմակերպման նոր մեթոդները։

Յաջորդիւ յաւելեալ մանրամասներ կը հրապարակենք նաև Օգոստոսի 15-ին կայանալիք ուսուցիչների ամենամեայ աշխատաժողովի ծրագրի մասին։

Բոլորի մօտ հաստատակամ որոշում է առկայ՝ շարունակելու դասընթացները նոր պայմաններին համապատասխան և մեր սաներին մատուցելու հայեցի կրթութեան տարրերը։

Դիւան Առաջնորդարանի 

1 Յունիսի, 2020 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ