Կիրակի, Հոկտեմբեր 6, 2024

Շաբաթաթերթ

Գոլումպիացի Ժամանակակից Անուանի Գրող, Գրականութեան Նոպէլեան Մրցանակի Դափնեկիր Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “The Hundred Years Of Solitude” Գրքի Անուան Հայեր

1973 թուականին, հայրենի գրող Ռուբէն Յովսէփեանի թարգմանութեամբ, Խորհրդային Հայաստանում հայերէն լոյս տեսաւ Գոլումպիացի անուանի գրող Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “The hundred years of solitude” գիրքը։ Բնագիրը իսպաներէն է, իսկ նշուածը իսպաներէնից անգլերէն թարգմանութիւնն է։ Ռուբէն Յովսէփեանը գրքի անունը թարգմանել է «Հարյուր տարվա մենություն» / «Հարիւր տարուայ մենութիւն»։

            Մարկեսի այդ գիրքը բազմաթիւ անգամներ թարգմանուել է տարբեր լեզուներով եւ փնտռուած գիրք է ընթերցասէր զանգուածների կողմից։ Հայաստանում դա վերահրատարակուեց մի քանի տարի առաջ, երբ ողջ էր թարգմանիչը: Հրատարակողը «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան հայաստանեան կառոյցն էր։ Գարսիա Մարկեսի այդ գիրքը երկար ժամանակ գտնւում էր Երեւանում ամենաշատ պահանջարկն ունեցող գրքերի առաջին տասնեակում։

            Իսկ ո՞րն է իմ այս գրութեան բնաբանն ու նպատակը,- Նշել այն հարցը, որ Մարկեսի յայտնի այդ գրքի անունը հայերէն սխալ է թարգմանուել, եւ անհրաժեշտ է օր առաջ ուղղում մտցնել։

            Եւ ինչո՞ւ։ Քանի որ՝ հաւատացած եմ խստապահանջ մօտեցումը պիտի նպաստի գիր ու գրականութեան բնագաւառում (եւ ոչ-միայն) առաջընթացին, նոր վերելքներին ու գրական գագաթներ նուաճելուն։ Հայ գրականութիւնը ունեցել է եւ ունի գագաթներ, ովքեր, ինչ խօսք, դեռ մեծ մասով անյայտ են մնում համաշխարհային գրականութեան ոլորտում, գուցէ ինչ-որ չափով հենց մեր թերացման պատճառով։ Փակենք այս փակագիծը եւ վերադառնանք մեր նիւթին։

            Նախ՝ կարեւորութեամբ նշեմ, թարգմանչական այդ սխալը բնաւ չի նշանակում հարցականի տակ տանել ժամանակակից մեր լաւ գրողներից Ռուբէն Յովսէփեանի գրական իմացութիւնն ու արժանիքները։ Ես այդ նպատակը չունեմ։ Բայց ծանօթ լինելով Մարկեսի այդ գրքի պարսկերէն եւ անգլերէն թարգմանութեան հետ, ուզում եմ հայրենի եւ Սփիւռքի գրական շրջանակների եւ ընթերցողների ուշադրութեանը յանձնել այդ սխալը, եւ հայոց լեզուի ու գրականութեան, ինչպէս նաեւ թարգմանչական ոլորտին տիրապետող անձանց առաջարկել՝ քննարկման ենթակայ դարձնեն իմ նկատառումներն ու առաջարկները, որպէսզի եթէ միասին եզրակացրեցինք նոյնը, ապա միջոցների դիմել սխալն ուղղելու ուղղութեամբ։

            Հասկանում եմ, հայ ընթերցողի համար շատ դժուար է միանգամից հրաժարուել տասնամեակներ լսած, կարդացած եւ իրեն համար ընկալելի, ընդունելի եւ սրտամօտ դարձած «Հարիւր տարուայ մենութիւն» անունից։ Սա լիովին հասկանում եմ ես։ Ուզում եմ այստեղ գրել պարսկերէն մի առակ, որը ճիշտ է նաեւ այս հարցում,- «Սխալը երբ էլ որ ուղղես, օգուտ է/ օգտակար է»։ Ես այս հարցն եմ ուզում բարձրաձայնել, եւ յոյս ունեմ դա կը դառնայ մասնագէտների ուշադրութեան առարկան։

            Կարեւորութեամբ նշեմ նաեւ, որ ես դեռ չեմ կարդացել գրքի հայերէն թարգմանութիւնը։ Դա ունի իր պատճառն ու նախապատմութիւնը, որ ուզում եմ համառօտ գրել ստորեւ։

 

            Մարկեսի “The hundred years of solitude” գրքի անուան հայերէն սխալ թարգմանութիւնը ես նկատել եմ մօտ 28 տարի առաջ։ Չեմ ուզում անդրադառնալ այս հարցը այսքան ուշ հանրայնացնելու մասին․ դա ծաւալուն է։

            1991 թուականի Մայիսին, Երեւանի գրախանութներից մէկում տեսայ Մարկեսի այդ գրքի հայերէն թարգմանութիւնը,- «Հարյուր տարվա մենություն»։ Իմ նկատածը ասացի գրավաճառին եւ գրախանութի վարիչ/ տնօրէնին։ Ասացի գրքի հայերէն ճիշտ թարգմանութիւնը լինում է «Հարիւր տարի մենութիւն» / «Հարյուր տարի մենություն»՝ փորձելով բացատրել եւ հիմնաւորել դա։ Տեսնելով, որ անարձագանգ է մնում իմ նկատողութիւնը (նոյնիսկ չնշեցին իմ բացատրութիւնը, ում որ պէտք է փոխանցելու համար), դուրս եկայ գրախանութից՝ առանց գնելու գիրքը։

            Նոյն նկատողութիւնը կատարեցի, երբ մամուլից իմացայ գիրքը վերահրատա-րակուել է նոյն անունով։ Այնուհետ չփորձեցի կապ հաստատել հայաստանեան կամ Սփիւռքի գրական շրջանակների կամ այդ ոլորտի պատասխանատուների հետ, զգալով որ՝ սովորական սփիւռքահայը ընդհանրապէս չի արժանանում շատերի ուշադրութեանը, համարեա միշտ անպատասխան են մնում նրա առարկութիւններն ու յատկապէս՝ քննադատական գրութիւնները։

            Ահա՛ նախապատմութիւնը։

            Իսկ թէ ինչո՞ւ որոշեցի հիմա արծարծել այս հարցը՝ հայրենի եւ Սփիւռքի գրական շրջանակներում, մամուլով եւ առանձին իմ ծանօթներին կազմած գրութիւնս ուղարկելով․․․

            Լրատուներից իմացայ, Մայիսի 5-ին Ռուբէն Յովսէփեանի ծննդեան օրն էր․ նա կը դառնար 81 տարեկան, իսկ այս տարի նրա մահուան 4-ամեակն է։ Երբեք առիթ չեմ ունեցել կապի մէջ լինել նրա հետ, բայց որոշեցի հիմա՝ 28 տարի այդ հարցը փակ պահելուց յետոյ, գրել իմ նկատողութիւնն ու հիմնաւորումները, որպէսզի եթէ արժանացաւ մասնագէտների հաւանութեանը՝ ուղղել Մարկեսի այդ գրքի անուան հայերէն թարգմանութիւնը։

Հաւանաբար, Ռ․ Յովսէփեանը գրքի հայերէն թարգմանութիւնը կատարել է միջնորդ լեզուից․ ամենամեծ հաւանականութեամբ՝ ռուսերէնից։ Գուցէ այդ սխալը հենց ռուսերէն թարգմանութեան մէջ է կատարուել։ Դա պիտի եզրակացնի ռուսերէն իմացողը։

 

Ստորեւ իմ հիմնաւորումները՝ թէ ինչո՞ւ սխալ է «Հարիւր տարուայ մենութիւն» թարգմանութիւնը։

Հիմնաւորումներիս Ա- բաժինը գրում եմ նրանց համար, ովքեր գիտեն պարսկերէն։ Բ- բաժնում աւելի հանգամանալից կանդրադառնամ հայերէն թարգմանութեանը։

Ա-

Մարկեսի գրքի անունը անգլերէնով “The hundred years of solitude” է։ Պարսկերէն թարգմանութիւնը շատ սահուն եւ լաւ է, եւ գրքի անունը թարգմանուել է,- «صد سال تنهایی» Գիրքը չի թարգմանուել «تنهایی صد ساله», մինչդեռ հայերէն թարգամանութիւնը հենց երկրորդն է։ Եւ այդ երկուսը լրիւ տարբեր բաներ են՝ թէ նախադասութեան կազմուածքի, թէ՛ իմաստի առումով։ (Սա գրեցի պարսկերէն իմացողների համար)։

 

Բ-     

            Մարկեսի “One hundred years of solitude” գրքի անունը հայերէն պիտի թարգմանուէր «Հարիւր տարի մենութիւն»։ Ռուբէն Յովսէփեանի հայերէն թարգմանածը անգլերէնով լինում է՝ “The solitude of one hundred years”. Անգլերէն այս երկու նախադասութիւնները տարբեր են՝ թէ՛ կառուցուածքի առումով, թէ՛ իրենց իմաստով։ Լրիւ ուրիշ միտք եւ բովանդակութիւն ունեն։ Բացատրեմ ինչու։ Այստեղ էլ փակագիծ բացեմ ու նշեմ, Google-ով հայերէն սխալ թարգմանութիւն է ստացւում, եւ դա վստահելի չէ։

Հարցը սկսենք քննարկել քերականութեանը դիմելով,-

«Հարիւր տարի մենութիւն» նախադասութեան մէջ «տարի»-ն ուղղակի հոլով է։ Իսկ

«Հարիւր տարուայ մենութիւն» նախադասութեան մէջ «հարիւր տարուայ»-ն սեռական հոլով է։

            «Հարիւր տարի մենութիւն» նախադասութեան մէջ ենթական «տարի»-ն է։

            «Հարիւր տարուայ մենութիւն» նախադասութեան մէջ ենթական «մենութիւն»-ն է։

Այիսնքն՝

            Լրիւ ուրիշ նախադասութիւններ են՝ թէ՛ կառուցուածքի, թէ՛ բովանդակութեան/ մտքի իմաստով։

            Նոյնն էլ անգլերէն երկու նախադասութիւնների մէջ է,- Ենթակաները տարբեր են, հետեւաբար ստորագրեալներն էլ տարբեր են, հետեւաբար՝ նախադասութիւններն էլ տարբեր են, թէ՛ նախադասութիւնների կառուցուածքի, թէ՛ իրենց բովանդակութեան ԻՄԱՍՏՈՎ։

            Ահա՛ իմ հիմնաւորումներն առ այն, որ Գոլումպիացի անուանի գրող, Գրականութեան Նոպէլեան մրցանակի դափնեկիր Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “The hundred years of solitude” հիանալի գրքի անունը հայերէն սխալ է թարգմանուել։

 

Գնանք առաջ։

            Գանք ու եզրակացնենք, «մենութիւն» բառը սեռական հոլով պիտի դրուի։ Այս կապակցութեամբ վէճ չի կարող լինել, երբ որ Մարկեսի այդ գրքի պարսկերէն եւ անգլերէն թարգմանութիւններն ենք նկատի ունենում։

Իսկ հիմա՝ առաջին հարցումը,-

Ո՞րն է գրքի անուան հայերէն ճիշտ թարգմանութիւնը։ Թերեւս կարող է լինել մէկից աւել ճիշտ թարգմանութիւններ։

“One hundred years of solitude” –ը հայերէն կարող է թարգմանուել․

–          «Մենութեան հարիւր տարիները»,

–          «Մենութեան հարիւր տարին»,

–          «Հարիւր տարի մենութիւն»։

 

Երկրորդ հարցումը

            Անգլերէնով տարին յոգնակի է նշուած․ “years”. Իսկ հայերէնով ո՞րն է ճիշտը․ յոգնակի՞ն, թէ՞ եզակին․ «տարիներ»ը՞, թէ՞ «տարին»։

            Սա պիտի եզրակացնի հայերէնին տիրապետողն ու լեզուաբանը։ Ես հաւասարապէս ճիշտ եմ իմանում երկուսն էլ։ «Տարիներ» յոգնակին յանձնարարելի է ցոյց տալու համար ժամանակի երկարութեան զգացողութիւնը, այլապէս «հարիւր տարին» էլ ճիշտ է։ Բայց այս հարցի հանգուցալուծումը թողնենք բաց։

 

Երրորդ հարցումը

            Պէ՞տք է դնել «Ը» կամ «Ն» որոշիչ յօդը։ Ո՞րն է ճիշտը․ «տարիներԸ», «տարիՆ», թէ՞ երկու բառերն էլ՝ առանց որոշիչ յօդի․ պարզապէս՝ «տարիներ», «տարի»։

            Սա էլ թողնենք եզրակացնի լեզուաբանը։ Իմ կարծիքով, «հարիւր տարի»ն արդէն որոշիչ է, ու անհրաժեշտ չի դնել որոշիչ յօդ։ Ինչպէս որ նոյնն է անգլերէնում․ չկայ “The”.

 

Չորրորդ հարցումը

            Վերում նշուած հայերէն թարգմանութիւնները՝ բոլորն էլ, միտք բանին ունեն նոյն իմաստը՝ մի տարբերութեամբ։ Մարկեսը ուզել է շեշտել ո՞րը։ Այսինքն, այդ անուններում եթէ պիտի շեշտի նշան դնել, այդ շեշտը կը դնենք ո՞ր բառի վրայ,- «մենութիւն», թէ՞ «հարիւր տարի» / «հարիւր տարիներ» բառերի վրայ։ Ո՞րն է Մարկեսի նպատակը։

            Պարսկերէն թարգմանութեան մէջ թարգմանական շեշտը գնացել է ժամանակի վրայ՝ «հարիւր տարի» բառերի վրայ։ Մինչդեռ «Մենութեան հարիւր տարիներ»ում թարգմանչական շեշտը աւելի գնում է «մենութիւն» բառի վրայ, թէեւ կարելի է հակառակն էլ պնդել։

 

Երկու կարեւոր եզրակացութիւն․

            ա- Գաբրիէլ Գարսիա Մարկեսի “One hundred years of solitude” գրքի անունը հայերէն սխալ է թարգմանուել․ «Հարիւր տարուայ մենութիւն» / «Հարյուր տարվա մենություն» թարգմանութիւնը սխալ է, եւ պիտի ուղղում մտցնել։

            բ- Մարկեսի գրքի հայերէն անուան համար, գուցէ կան մէկից աւելի ճիշտ տարբերակներ, բայց ո՛չ Ռուբէն Յովսէփեանի թարգմանածը։

 

            Իսկ թէ ո՞րն է հայերէն ամենաճիշտ թարգմանութիւնը, ես հաւասարապէս կողմ եմ վերը նշուած երեք տարբերակների հետ, թէեւ նախապատւութիւնը տալիս եմ «Հարիւր տարի մենութիւն» թարգմանութեանը։ Գուցէ այս հարցում դերակատար է իմ պարսկերէն ուսումս ու իմացութիւնը/ պարսկերէն background-ը։ Հասկանում եմ, որ այդ թարգմանութիւնը գուցէ գեղեցիկ չի հնչում հայերէնում, կամ՝ դա խորթ է շատերին, բայց ես հակուած եմ դա համարել ամենաճիշտը, բայց չեմ վիճում։

 

Ուրիշ կարեւոր մատնանշում, որ վերաբերում է թարգմանչական ԱՐՈՒԵՍՏԻՆ։

Պէտք է ընդունենք, որ կայ բառացի-տառացի թարգմանութիւն (translation), եւ «ազատ» մեկնաբանութիւն (interpretation)․ Գրական-գեղարուեստական գործերի պարագային, գուցէ նախընտրութիւնը պիտի գնայ ՄԻՏՔ ԲԱՆԻՆ մեկնաբանութեանը, չսահմանափակուելով բառացի-տառացի թարգմանութեամբ։ Ու նկատի ունենալով, որ հեղինակի նպատակը ընթերցողի ուշադրութիւնը ՄԵՆՈՒԹԵԱՆ վրայ կենտրո-նացնելն է, բնաբանին հարազատ մնալով հանդերձ, ազատ թարգմանութեամբ պիտի գրուի․-

–           «Մենութեան մէջ՝ հարիւր տարի»։

 

Մի ուրիշ կարեւոր հարց

            Մարկեսի այս գրքի անունն ու ամբողջը հայերէն ճիշտ թարգմանելու համար, պէտք է տեսնել բնագիրը՝ իսպաներէն բնագիրը, եւ համեմատութիւններ անցկացնել հենց բնագրի հետ։

 

            Վերում նշուածների կապակցութեամբ, եւ հարցումների ճիշտ պատասխան-ները գտնելու համար, հայ գրական միտքը/ մտաւորականները, կարեւոր աշխատանք ունեն տանելու։ Սա այն ամենն էր, որ ես շարադրեցի համառօտ, շատ սեղմ, իմանալով որ ամեն մի մտքի կապակցութեամբ կարելի է ծաւալուել, երկար անդրադառնալ, որպէսզի միասին կարողանանք յանգել թարգմանչական արուեստի բիւրեղացմանը եւ գրական աշխոյժ միջավայրի ձեւաւորմանը։

            Ահա՛ այս կարեւոր հարցն ու վէճը, որ բացեցի ես՝ երկար տարիներ փակ պահելուց յետոյ, եւ առաջարկում եմ այս խնդրի կապակցութեամբ քննարկում տեղի ունենայ ընդհանրապէս, յատկապէս՝ հայրենի եւ Սփիւռքի գրական- մտաւորական շրջանակներում։ Վստահ եմ, սա կօգնի գրական աշխոյժ եւ բեղուն կեանքին։

 

ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ