Համավարակի հետեւանքների յաղթահարմանն ուղղուած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական աջակցութեան ծրագրերի խթանման նպատակով Մայր Աթոռում շարունակւում են նուիրատուութիւններ ստացուել աշխարհասփիւռ թեմերից, անհատներից, տարբեր ազգային հաստատութիւններից ու հիմնադրամներից։
Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմը նուիրաբերել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։
Ուկրանիայի հայոց թեմը կարիքաւոր ընտանիքներին բաշխման նպատակով Մայր Աթոռին փոխանցել է 5․000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումարին համարժէք պարէնային մթերք։
Քըրք Քըրքորեանի «Լինսի» հիմնադրամի կողմից Մայր Աթոռին յատկացուել է 25․000 (քսանհինգ հազար) ԱՄՆ դոլար գումար։
«Ճինիշեան» յիշատակի հիմնադրամը փոխանցել է 20․000 (քսան հազար) ԱՄՆ տոլար գումար՝ ի զօրակցութիւն Սիրիայի հայ համայնքի։
Գանատայի հայոց թեմի հոգեւոր սպասաւոր Արժանապատիւ Տ․ Զարեհ աւագ քահանայ Զարգարեանի կողմից Սուրբ Էջմիածնին է նուիրաբերուել հաւաքագրուած 5000 (հինգ հազար) Գանատական տոլար գումար։
****
Յունիսի 14-ին Կը Վերատեղադրուի Մայր Տաճարի Գմբէթի Խաչը
Աւարտին է մօտեցել Միածնաէջ Մայր տաճարի ամրակայման աշխատանքների հերթական փուլը․ ամբողջութեամբ հիմնանորոգուել է տաճարի գմբէթը։
Յունիսի 14-ին՝ Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնին, Մայր Աթոռում տեղի կ’ունենայ երկար սպասուած իրադարձութիւն։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծուի եւ կը վերատեղադրուի Միածնաէջ Մայր տաճարի գմբէթի նորակերտ խաչը։
Խաչի օծման եւ տեղադրման արարողութիւնը կարելի է դիտել ժամը 19:00-ին՝
– Մայր Աթոռի Տեղեկատուական համակարգի՝ https://www.facebook.com/infoservicesofmothersee/, https://www.facebook.com/holyetchmiadzin/ էջերում,
– «Շողակաթ» հեռուստաընկերութեան եթերով, նաեւ https://www.youtube.com/user/ShoghakatTVcompany, https://www.facebook.com/ShoghakatTv/ էջերում: