Շաբաթ, Յուլիս 27, 2024

Շաբաթաթերթ

Բացառիկ Հարցազրոյց Ռուսաստանաբնակ Յայտնի Բժիշկ Ասպրամ Աղբալեանի Հետ, Որը Յաղթահարել Է Կորոնավիրուսը եւ Այսօր Պայքարում Է՝ Օգտագործելով Նաեւ Սեփական Փո

 

Բժշկուհի՛, «Նոր Օր» շաբաթաթերթի անունից ողջունում ենք Ձեզ եւ խնդրում մեր ընթերցողներին համառօտ ներկայացնել Ձեր կենսագրական գծերը։

Ծնուել եմ Հայաստանում: Փոքր տարիքից ընտանիքով հիմնական բնակութեան ենք տեղափոխուել Ռուսաստանի Դաշնութիւն, որտեղ եւ «Արծաթէ Մեդալ»-ով աւարտել եմ միջնակարգ դպրոցը։

2000 – 2006 թթ․-ին սովորել եւ աւարտել եմ Կուրիկս պետական ​​բժշկական համալսարանը: Աշխատանքային գործունէութեան շրջանում ղեկավարել եմ տարբեր առողջապահական կենտրոններ ու բաժանմունքներ։ Այժմ որպէս ընդհանուր բժիշկ ու սրտաբան աշխատում եմ Մոսկուայում եւ հարակից շրջանում: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխայ:

Ի՞նչ է բժշկութիւնը Ձեզ համար։

Բժիշկ լինելը կոչում է, առաքելութիւն։ Դեռ փոքրուց, հայելու առջեւ ես ինձ միշտ պատկերացնում էի հիւանդին հետազօտելիս  եւ մարդկանց բուժելիս։ Շա՜տ եմ սիրում մասնագիտութիւնս։ Այստեղ ինձ համար չափօրինակը մեր Բժշկապետն է՝ Յիսուս Քրիստոսը, որին մշտապէս ապաւինելով՝ կարողանում եմ մարդկանց բուժել եւ հաւատարիմ մնալ Հիփոկրատի երդումին։

Ինչպէ՞ս էր Ձեր նախնական վերաբերմունքը, երբ լսեցիք Կորոնավիրուսի մասին։  

  Համավարակի (COVID-19)- ի լուրն անհանգստացնող էր, յատկապէս, որ այն անծանօթ հիւանդութիւն էր։ Բնաւ չէի կարող հաւատալ, որ նման չափերի կարող է հասնել՝ վտանգելով աշխարհի մարդկութեանը։ Կարեւոր է, որ հիւանդութեան տարածման հետ, ինչպէս Ռուսաստանում, այնպէս էլ աշխարհի  գրեթէ բոլոր երկրների բոյժհաստատութիւններում սկսեցին վերակազմակերպուել աշխատանքներն ամենաբարձր մակարդակով։

Ինչպէ՞ս համավարակը յայտնաբերուեց Ձեզ մօտ, որոնք էին հիմնական ախտանշանները եւ ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին։ 

Ես որքան էլ, որ զգոյշ էի աշխատավայրում, այնուամենայնիւ ինձ մօտ եւս ախտորոշուեց հիւանդութիւնը, քանի որ առաջին իսկ օրուանից զբաղուել եմ մարդկանց բուժմամբ՝  փաստացի լինելով շփման մէջ: Ինձ մօտ ամեն ինչ սկսուեց ընդհանուր թուլութիւնից, մրսածութեան զգացումից, ախորժակի եւ հոտի կորստից: Աշխատանքային օրուայ աւարտին, տանն զգացի, որ ջերմութիւն  ունեմ։ Կանխազգում էի, որ վարակուել եմ: Այս ախտանշաններին միացան չոր հազը, մէջքի եւ կրծքավանդակի անսովոր ցաւերը:

Անմիջապէս յանձնեցի քսուկ եւ սկսեցի հակապաքթերիալ եւ ախտանշանային բուժում: Հիւանդութեան հինգերորդ օրը համակարգչային դոմոկրաֆիայի քննութիւնը յայտնաբերեց միջին ծանրութեան երկկողմանի թոքաբորբ: Բուժումը շարունակեցի տանը` հակաէքուլանտային բուժման ընթացքի յաւելումով, որից յետոյ անմիջապէս սկսուեց դրական առաջընթաց նկատուել:

Իմ ախտորոշման առաջին իսկ օրուանից, ձեռնարկեցի նաեւ ընտանիքիս անդամների, զաւակներիս հակավիրուսային բուժումը, որովհետեւ նրանք էլ փաստացի շփուել էին ինձ հետ։ Ուզում եմ ընդգծել, որ ժամանակին, առանց յապաղելու բուժման արդիւնքում նրանց մօտ հոտի կորստից ու մի օր աննշան թուլութիւնից բացի, այլ նշաններ, բարեբախտաբար, երեւան չեկան: Այս պահին մենք յաղթահարել ենք հիւանդութիւնը եւ ես շարունակում եմ իմ ծառայութիւնը։ Աշխատանքիս մէջ օգտագործում եմ սեփական փորձառութիւնս, որը փա՜ռք Աստծու, տալիս է հրաշալի արդիւնքներ։ Բոլորին խորհուրդ եմ տալիս պահպանել վարակի կանխարգելման միջոցառումները եւ հնարաւոր ախտանշանների դէպքում անմիջապէս դիմել բժշկի։

Ի՞նչ ծրագրեր ունէք ապագայում։

Անկեղծ ասած, ես սիրում եմ անվերջ սովորել։ Մասնագիտական շատ ծրագրեր ունեմ, որոնց թուին է նաեւ իմ սեփական բուժական հաստատութեան հիմնադրումը։

Ի՞նչ կը մաղթէք մեր ընթերցողներին։

Օգտուելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալութիւն յայտնել «Նոր Օր» շաբաթաթերթին իր շուրջ հարիւրամեայ գործունէութեան, ԱՄՆ-ում հայապահպանութեանը ծառայելու համար։ Բոլորին մաղթում եմ  քաջառողջութիւն, հարկ եղած պարագայում, ուզում եմ ասել, որ մենք՝ բժիշկներս, միշտ պատրաստ ենք օգնելու, սատար կանգնելու բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

 

Հարցազրոյցը վարեց`

 ՅՈՎՀԱՆՆԷՍ ՍԱՐԿԱՒԱԳ ԳՈՒՄՐՈՒՅԵԱՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ