Շաբաթ, Դեկտեմբեր 28, 2024

Շաբաթաթերթ

Մեր վարսավիր Վրէժը

Երբ հայեացք ես նետում քո շրջապատին կամ հանդիպում եւ շփում ես ունենում գործով եւ այլ առիթներով՝ տեսնում ես որքան խոնարհ եւ համեստ հայ արհեստաւորներ կան, որոնք օրն ի բուն տքնում են գոյութիւն եւ ընտանիք պահելու, ազգային ոգով երեխայ դաստիարակելու եւ հայրենիքի ուրախութիւններով եւ հոգսերով մտածում օգտակար լինել թէ նիւթականով կամ ծառայութեամբ, այս հոգեվիճակը զգալով նրանց մօտ գոհունակ սրտով ցանկանում ես գրիչ վերցնել եւ մէկիկ-մէկիկ նրանց մասին գրել եւ մեծարել: Այս գրութեամբ նկատի ունեմ իսկապէս մեր արժանաւոր արհեստաւորներին, որոնք մեր սփիւռքեան կեանքում իրենց արարքով, վերաբերմունքով, վստահելիութեամբ, ճշտապահութեամբ եւ ճշմարտախօսութեամբ հայի պատիւը բարձր են պահում իրենց ապրած երկրներում,  յարգանք եւ պատիւ իրենց:

Ահաւասիկ մէկն այն հազարաւորներից, որ այստեղ Գլենդէլում է հաստատուել 2007 թ. Թեհրանից, ոչ թէ որպէս սկսնակ, այլ որպէս վարսավիր կայացել է Թեհրանում, դպրոցական շրջանում ամառուայ արձակուրդներին սովորել եւ աշխատել է մեծ եղբօր Էդիկի մօտ եւ նրա քաջալերանքով ու օգնութեամբ դարձել է վարպետ վարսավիր, երիտասարդական վաղ տարիքում հիմնել է իր սեփական վարսավիրանոցը Թեհրանում: Նա այստեղ պաշտօնապէս վարսավիրի արտօնագիր է ստացել եւ կեանքի է կոչել նոր սափրիչանոցը: Նուաստս երկար տարիներ է Թեհրանից սկսեալ եւ այստեղ Գլենդէլում նրա մօտ եմ սափրւում:

Վարպետ Վրէժը ազգանունով՝ Մովսիսեան, տարիքով վաթսունը թեւակոխած թիկնեղ կազմուածքով  եւ միջակից բարձր հասակով որ վերից լաւապէս տիրապետում է սափրուող յաճախորդին: Նա  ծնողների հինգ որդի եւ մի դուստր զաւակների միջնեկն է, ծնողները եւ եղբայրներից երեքը իրենց քրոջ հետ ապրում են Թեհրանում, իսկ Վրէժն ու Սուրիկը՝ վարսավիր, ապրում են Գլենդէլում,   Հետաքրքիրն այն է, որ ընտանիքի  չորս հոգին՝ Էդիկ, Սուրիկ, Վրէժ եւ Նորիկ սափրիչ են  ունենալով իրենց սեփական գործատեղին:

Վարպետ Վրէժը միջնակարգ ուսման շրջանաւարտ ընդունակ աշակերտ է եղել, նա յաջողում է Թեհրանի  պետական համալսարանի մուտքի քննութիւններում, սակայն զուգադիպելով Իրանի իսլամական յեղափոխութեան համալսարանները մի քանի տարի փակուած են մնում, ստիպուած աշխատանքի է անցնում եւ դառնում է վարսավիր: 

 Արհեստին տիրապետող-մասնագէտ արհեստաւորը առաւել գնահատանքի եւ գովասանքի է արժանանում, երբ օժտուած է լինում առաքինի յատկանիշներով, Իրանից եւ այլ գաղթօջախներից այստեղ Լոս ԱնՃելըսում հաստատուած մեր հայ արհեստաւորները՝ մեքենայագործ տեխնիկ, շինարարներ, էլեկտրագործ, երկաթագործ, փականագործ, ոսկերիչ, ժամագործ, դարբին, ջրամուղագործ, հիւսն, ատաղցագործ, վարսավիր եւ այլն ստեղծելով իրենց սեփական գործատեղիները գնահատելի ծառայութիւններ են մատուցում տարբեր ազգի քաղաքացիներին:

Վարպետ Վրէժը ճամբորդութեան ընթացքում դէպի Հայաստան սիրահարւում եւ ամուսնանում է Հայաստանցի աղջկայ հետ, ամուսնութեան հարսանեաց հանդէսը կատարւում է Թեհրանում, կազմում են հայկական ընտանիք բախտաւորուելով երկու զաւակներով: Նա իր պատանեկան եւ երիտասարդական տարիներում «Չարմահալի հայ ուսումնասիրաց» միութեան աշխատանքներին է մասնակցում՝ թատերական եւ մշակութային ծառայութիւններին նուիրուած: Նրա վարպետութեան երկար տարիների յաճախորդները Թեհրանից հաստատուած են Լոս Անճելըսում,   կայուն յաճախում են իր մօտ, վարպետ Վրէժը բացի այն որ տիրապետում է իր արհեստին նաեւ բնաւորութեամբ եւ վերաբերմունքով համեստ, ազնիւ եւ մարդկային նկարագրով արժանի ուսեալ մի անձնաւորութիւն է, այնպէս որ գրաւում է յաճախորդներին մշտական իր մօտ յաճախելով նոյնիսկ հեռաւոր վայրում ապրելով:

 Լոս Անճելըսում համաճարակի պատճառով վարսավիրանոցներն եւս փակ էին, ճգնաւորի բռչոտ տեսք էի ստացել: Որոշ արտօնութիւնների լոյսի ներքոյ վարպետ Վրէժը ինձ ազատեց այդ բրչոտ մազերից: Սափրելիս նա իր հետաքրքիր զրոյցներով զբաղեցնում է յաճախորդին, այնպէս որ անիմանալի ժամանակը անցնում է գոհ եւ ուրախ թողնելով վարսավիրանոցը: Այս քովիդ-19 պսակաժահրի կապակցութեամբ ինք եւս յաճախորդների ուշադրութեան է յանձնում լրջութեամբ ընդունել պետական պատասխանատուների եւ բժիշկների պատուէրներն ու խորհուրդները, որպէսզի անփորձանք ազատուենք այս վտանգաւոր համաճարակից:

Նկատելով արուեստի եւ այլ բնագաւառների երախտաւոր անձիք գնահատւում եւ պարգեւատրւում են, ցանկալի է որ արժանաւոր արհեստաւորներն եւս պաշտօնապէս ազգային մարմինների կողմից գնահատուեն: Ես կարծում եմ, որ արհեստաւորները իրենք պիտի մտածեն եւ միութիւն կեանքի կոչեն, ինչպիսին տարիներ է Թեհրանում գոյութիւն ունի հաւաքագրելով արհեստաւորներին մի տանիքի ներքոյ: Կը յուսանք այս գրութիւնը խթան կը հանդիսանայ այդ միութիւնը կազմելու եւ սկսելու համար:

Բոլոր արժանաւոր արհեստաւորներին ասում եմ վարձքներդ ի կատար յարգանքի անկեղծ հաւաստիքներով:

Ռ. ԿՈՐԻՒՆ

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ