Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Գայլն Ու Ոչխարները (Ժամանակակից Հեքիաթ)

 

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

ՄԻ ԱՄԼԻԿ ԳԱՌ, ԻՐԵՆ ՀԱՄԱՐ

ՋՈՒՐ ԷՐ ԽՄՈՒՄ ԱՌՈՒԱԿԻՑ

 

   …Երկա~ր, շատ երկար մտածեց Գայլը. Իր բնակած անտառում գնալով պակասում էր ոչխարների թիւը: Դժուարացել էր ապրուստ հայթայթելը:

   Դէ~, ինքն ի՞նչ աշխատող, նա վարժուած չէր ազնիւ աշխատանքով ապրուստ հայթայթել: Այն ոչխարնե­րը, որոնց վրայ աչք էր տնկել` լափելու, կամաց-կա­մաց հեռանում էին անտառից: Մի անգամ լսեց, որ հեռաւոր, անյայտ երկիր են ուղեւորւում ոչխարները, ուր, ինչպէս ասում էին` աւելի հեշտ էր ապրուստ հայ­թայթելը: Եւ, իսկապէս, այդ նոր երկրում մեծա­թիւ ոչխարներ, տարբեր հնարքներով կարողացել էին քիչ թէ շատ ընդունելի պայմաններ ստեղծել իրենց ընտանիքների համար:

   Այս ամէնը ճշդելուց յետոյ, մտածեց, մտածեց գայլը, ու մի օր էլ որոշեց իր ընկերների, բազմաթիւ այլ գայլերի հետ ճանապարհ ընկնել դէպի այդ նոր եր­կի­րը` դիւրին ապրուստի հեռանկարով ոգեւորուած:

   Շուտով գայլը զգաց, որ այդ նոր երկրում բաւական դժուար է լինելու իր գործը: Ինչպէս միշտ, այս ան­գամ էլ օգնութեան եկաւ Աղուէսը, որն իր խորաման­կութեամբ բարձր դիրքի էր հասել ու իր համար «խակ խաղող» չկար այլեւս, ու դունչն ամէն տեղ հասնում էր:

   – Լսիր, Գայլ եղբայր,- դիմեց Աղուէսը իր մօտ խորհր­դի  եկած  Գայլին,- ճի՜շդ է,  որ դու ինձնից աւելի ուժեղ ես եւ գիշատիչ, բայց  գիտես նաեւ, որ  ես քեզ­նից աւելի խելացի եմ, եւ միշտ, իմ խորամանկու­թեամբ յաղթել եմ քեզ: Հիմա դու եկել ես այն երկիրը, ուր մենք պէտք է բարեկամներ լինենք, որպէսզի մի­ացեալ ուժերով կարողա­նանք ոչխարների այս հս­կայ բանակի հախից գալ` ոչ թէ նրանց ուտելով, այլ` աշխատեցնելով: Թող մեզ համար ձրիաբար աշխա­տեն, մի կտոր հաց է` կը տանք էլի: Որպէսզի կարո­ղա­նանք մեր նպատակին հասնել, անհրաժեշտ է, որ երկուսս էլ ոչխա­րի մորթի հագնենք եւ, որպէս տե­ղա­ցի ոչխարներ, իբր գործից-բանից հասկացող­ներ, նրանց գցենք մեր ճանկը:

   – Իսկ նրանք չե՞ն հասկանայ, որ մենք ոչխարներ չենք:

   – Ի՞նչ պիտի հասկանան…, ոչ բերան ունեն, ոչ էլ բերաններում խոտ կայ, արօտա­վայրի տեղին էլ ծա­նօթ չեն, չգիտեն թէ ինչ գազաններով են շրջապատ­ուած: Մեր քաղցր լեզուից արբեցած, ուզե~ն, չ՚ուզե~ն մեր ճանկը կ՚ընկնեն:

   – Հա~, լաւ ես ասում Աղուէս եղբայր, դու ինձ­նից աւելի խելացի ես ու խորամանկ,- ասաց Գայ­լը,- աւե­լի լաւ է դրանց աշխատեցնել` քան թէ խժռել, թէ չէ ո՞ւր կը հասնի` կե՜ր, հա կե՜ր…, վերջում ոչինչ չի մնայ ուտելու: Այսպիսով գոնէ կիմանանք, որ յաւի­տեանս ոչխարներ ունենք, որոնք մեզ կը կերա­կրեն:

                                                                             * * *

   … Եւ այսպէս, ոչխարների մորթի հագած Գայլն ու Աղուէսը թեւները քշտած գործի անցան: Գործարար ոչխարների տեսք առած, մի քանի օր յետոյ, շքեղ ընդունարան­նե­րում, բազմոցներին  թիկնած, գրաւիչ ու բարեհամբոյր ժպիտներները դէմքերին,  հագը­-կապը­ տեղին, սկսեցին յաճախորդներ ընդունել: Իսկ ոչխարները գալի~ս էին ու գալիս: Գալիս էին ու ընկնում Գայլի ու Աղուէսի սուր ճանկերի մէջ:

   – Հա~, լաւ ես արել, որ եկել ես մեր երկիրը,- ասաց Գայլ-Ոչխարը` աշխատանք գտնելու յոյսով իր մօտ եկած Մայր ոչխարին:

   – Լաւը` լաւ, բայց դժուար է խոտի բանը, եղբայր հարազատ, եւ յետոյ, նախապէս եկած ոչխարներն էլ իրենց համար տարածութիւններ են առանձնացրել, ցանկապա­տել, ու չեն թողնում մեզ` իրենց ազգա­կից­­նե­րին արածել: Նոյնիսկ` տարիներ առաջ, միեւ­նոյն արօտավայրից օգտուած ազգա­կիցներն անգամ երես են թեքում մեզնից: Ես իմացայ, որ դուք լաւ արօտավայր ունէք, եւ աշխատանքի դիմաց թողնում էք, որ աշխատաւորները արածեն:

   – Ճի՜շդ ես իմացել,- ասաց ծպտուած Գայլը` աւելի հաստատուն տեղաւորուելով բազկաթոռի մէջ,- պայ­մա­նը այսպիսին է, քոյր ոչխար, նախ` մի քանի ամիս պիտի ձրիաբար աշխատես, համոզես մեզ, որ դու կա­րող ես քեզ վստահուած գործը առաջ տանել:

   – Ինչպէ~ս թէ ձրի,- յուսահատ բացականչեց Մայր ոչխարը, հապա ո՞նց եմ կերա­կրե­լու գառնուկներիս:

   – Այո՜, այո~ ձրի…, իսկ գառնուկներիդ համար` մի անհանգստանայ, էստեղ, էս հսկայ տարածութիւնը տէրեր ունի, գիտես էլի` առիւծները, վագրերը ու միւս կենդանիները: Նրանք յատուկ արօտավայրեր են առանձնացրել մեզ նմանների համար: Մինչեւ չ՚ապացուցէք, որ էս երկրի հալալ-զուլալ, հարազատ բնակիչներն էք`ստիպուած էք օգտուել կառավարա­կան արօտավայրերից:

 –  Որ այդպէս է` կարելի  է  փորձել,-  կմկմալով պատաս­խանեց մայր-ոչխարը, եւ յաջորդ օրն իսկ անցաւ աշխատանքի` հենց Գայլ-ոչխարի ընդունարանում:

 

* * *

   … Գիշեր-ցերեկն իրար խառնած, աշխատում էր Մայր ոչխարը: Նուիրումը սահման չ՚ունէր: Տէրը նայում էր, ժպտում, քաջալերում: Այսպէս անցաւ մի քանի ամիս: Մայր ոչխարը յոգնած, հազիւ իրեն գցում էր գոմը եւ ախորժակ էլ չէր ունենում իր նման­ների համար առանձնացուած խղճուկ արօտավայ­րից օգտուելու:

   Տեսնելով, որ տէրը չի մտածում իրեն վար­ձատրե­լու մասին, մի օր, համբերութիւնից դուրս ելած դիմեց նրան.

   – Տէր իմ, ժամանակը չէ՞ արդեօք ինձ վճարելու:

   – Օհօ~, շատ ես շտապում բարեկամ, շա~տ…, հա­զիւ չորս ամիս եղաւ աշխատելդ, համբերիր…, դու դեռ քեզ չես դրսեւորել ինչպէս որ պէտք է, երկու ամիս եւս` ես քեզ կը վճարեմ…

   Անցաւ եւս երկու ամիս:

   – Այսօր վեց ամիսը լրացաւ, յարգելի տէրս,- դիմեց մայր ոչխարը` իր նմանների

քրտին­քով ուռճացած տիրոջը, որն արդէն գիրութիւնից հազիւ էր տեղա­ւորւում բազկաթոռի մէջ:

   – Ճիշդ է, բարեկամս, լրացաւ…, ես քեզ վճարելու եմ, բայց քանի որ նոր արօտա­վայրեր ստեղծելու համար զգալի դժուարութիւնների առջեւ ենք կանգ­նած, ստիպուած եմ քեզ եւ քո ընտանիքին խոստա­ցածս տարածութիւնից շատ աւելի փոքր տարածու­թիւն  յատկացնել: Ստիպուած  ես եւս  մէկ տարի դիմանալ: 

– Ի~…ի~…ի՞նչ,- ապշած ու զարմանքից քարացած Մայր ոչխարը ուրիշ ոչինչ չգտաւ ասելու, եւ միայն իր անզօր, թուլացած թաթերը առաջ պարզած` փորձեց յարձակուել տիրոջ վրայ:

   Բայց ի՞նչ իմանար խեղճ Մայր ոչխարը, որ դիմա­ցինը` այդքան բարեհամբոյր ժպիտով տէրը ոչ թէ ոչ­խար էր, այլ` գայլ, ոչխարի մորթի հագած գայլ:

   – Դո՜ւ, ապերախտ անասուն,- բղաւում էր տէրը,- ես քեզ վեց ամիս աշխատանք եմ տուել, պայմաններ ստեղծել քեզ համար, խորհուրդներ տուել, բացա­տրել թէ ինչպէս օգտուել «կառավարական արօտա­վայ­րից», իսկ դո՜ւ, որպէս մի ապերախտ անասուն, դեռ դժգոհո՞ւմ ես…

   Գայլը չէր նկատել, որ բազկաթոռից վեր ցատկելիս ու անզգոյշ շարժումներ անելիս, բացուել էին ոչխա­րի մորթու ծպտուած կոճակները:

   – Լա~ւ…, լա~ւ…, տէր իմ,- փորձում էր արդարա­նալ Մայր ոչխարը` աչքը չկտրելով տիրոջից,- ես…, ես էլի կը սպասեմ, բայց…, բայց չեմ հասկանում տէր իմ, իմ օրինա­կան խնդրանքը այդքան ազդե՞ց ձեր վրայ, որ…, որ…, ներեցէք, սկսում եմ ձեզ չճանա­չել…: Ներեցէք, տէր իմ, բայց քիչ է մնում, որ ձեզ մեր դարաւոր թշնամուն` գայլին նմանեցնեմ…

   – Այո՜, այո՜…, ես կարող եմ գայլի նմանուել, երբ իմ ստորադասը փորձում է բան խնդրել ինձնից: Իսկ քեզ` ներում չկայ…, դո՜ւրս այստեղից, դո՜ւրս, մէկ էլ չ՚երեւաս…

   Շուարած Մայր ոչխարը գլխիկոր դուրս եկաւ տիրոջ առանձնասենեակից` այդպէս էլ չհասկանա­լով,  թէ իր օրինական  խնդրանքը  ինչո՞ւ պիտի այդպէս ազդէր տիրոջ վրայ, որ նա զայրոյթից պայթած` գայլի նմանուէր:

   Այդպէս չհասկացան նաեւ իրենից յետոյ եկող բա­ւա­կան թուով միամիտ ոչխարներ եւս: Եւ նրանք, ինչպէս եւ ինքը, դառը փորձութիւնիղ յետոյ եկաւ այն համոզման, որ հարկաւոր է յոյսը դնել միայն ու միայն սեփական ուժի վրայ:

   Եւ այսպէս, յուսախաբ ոչխարները ժամանակի ըն­թացքում իրենց ուժերով, իրենց գառների օգնու­թեամբ սկսեցին մացառուտներից մաքրել չոր ու անապատ վայրերը, ջուր հասցնել հեռաւոր վայրե­րից, խոտ ու բոյս աճեցնել: Որոշ ժամանակ անց բարիքը հոսեց նրանց «բնակարաններից» ներս եւ նրանց կեանքը մտաւ բնական հունի մէջ:

 

* * *

   …Ասում են, որ մինչեւ օրս էլ, ոչխարի մորթի հա­գած Գայլն ու Աղուէսը շարունակում են իրենց ճան­կը գցել միամիտ ոչխարների, ու առանց վար­ձա­տրու­թեան, եւ կամ էլ չնչին գումարով աշխա­տեց­նում են իրենց օգտին:

  Սակայն, գազանների եւ ընտանի կենդանիների մէջ արդէն սկսել են պտտուել շշուկներ` մորթափոխ եղած գայլերի ու աղուէսների մասին:

   Ասում են, որ պատահում է նաեւ հակառակը, մէկ-մէկ էլ իրական ոչխարներն են գայլի մորթի հագնում:

   …Իսկ ոչխարները գալի~ս են ու գալիս: Եթէ պա­տա­հեց, որ իրենց բախտից բարի մի ազգակից հան­դի­պեց` ուրեմն չեն ընկնի գայլերի ու աղուէսների գիր­կը, ու, որոշ նե­ղու­թիւններից յետոյ, կը կարողա­նան իրենց համար  արօտավայրեր  ունենալ: Իսկ թէ

ընկան ծպտուած գայլերի գրասենեակները, նրանց քաղցր-մեղցր լեզուից արբե­ցած`կ՚ընկնեն նրանց ճան­­կը ու ապագայի վառ յոյսերով տարուած, երկա~ր-եր­կա~ր ժամանակ ձրիաբար կ՚աշխատեն նրանց հա­մար:

   Այստեղ վերջանում է մեր հեքիաթը: Երկնքից ընկ­նում է երեք խնձոր. Մէկը, որ որդնած է` Գայլերի համար է, միւսը` միամիտ ու ազնիւ ոչխարների, իսկ երրորդը` հեքիաթի հեղինակի, որ հաւատում է նման հեքիաթների, որոնք, դժբախտաբար իրակա­նու­թիւն են:

   Հեքիաթի հեղինակը համոզուած է, որ օտար ուժե­րն ու ազգակիցները պէտք չէ, որ խանգարեն «առուակից իրեն համար ջուր խմող ամլիկ գառին»,- թող խմի, թող խմի` իրեն համար, թէ պէտք է` թող արածի նաեւ…:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ