Հինգշաբթի, Մարտ 28, 2024

Շաբաթաթերթ

Ծիծեռնակն ու Օձը (Ժամանակակից Հեքիաթ)

…«Լինում է, չի լինում»,- սովորաբար այսպէս են սկսւում հեքիաթները, բայց մեր հեքիաթի սկիզբը ամ­­բողջովին տարբերւում է ընդունուած ձեւից ու սկսւում է հետե­ւեալ կերպ.

   – Լինում է, էն էլ ո՜նց է լինում…

   … Կողք-կողքի, հարեւանութեամբ, մի հիւղակում ապրում են բազմատեսակ թռչուն­ներ, որոնց մէջ առանձնանում են սոխակներն ու մշտատեւ գեղ­գե­ղանքով շրջա­պատը հրապուրող Ծիծեռնակը: Հա­րեւան հիւղակում ապրում են օձերը, մողէսներն ու բոլոր սողունները: Դրանց մէջ աչքի է ընկնում Սար­քօ անունով յայտնի օձը եւ իր խորհըր­դատու-օգնա­կան Փիքօ օձը: Այս երկուսը իրենց նախանձութեամբ ու գերերեւակա­յական ժխտական յատկութիւններով մշտապէս խանգարում են ոչ միայն իրենց հիւ­ղակի ազգակիցների անդորրը, այլեւ հարեւանների` թըռ­չուն­­ների հանգիս­տըն ու առօր­եան:

   Ամէնքին յայտնի Ծիծեռնակն իր բնում, եւ դրանից դուրս, անոյշ գեղգեղանքով հրապուրում էր բոլորին:

   Դուռ-դրկից, այլ թռչուններ, օրնիբուն զուարճա­նում են Ծիծեռնակի հիանալի երգեցողութեան տակ, պարում, թռչկոտում` իրենց ախորժալուր ձայնով բեր­կ­րանք ու հրճուանք սփռելով ողջ անտառում:

   Այս ամէնի մէջ, միակ դժգոհողները թռչունների հարեւանութեամբ ապրող օձերն ու կարիճներն են: Ծիծեռնակի դայլայլը կրծոտում է իրենց հոգին` ինչո՞ւ իրենք չեն կարողանում երգել: Եւ նրանցից ամենայանդուգն օձը` Սարքոն, քաջալերուած իր ըն­կեր Փիքոյի ոգեւորիչ խօսքերից, որոշում է գնալ հարեւան հիւղակը եւ տեսնել, թէ ինչպէս է երգում Ծիծեռնակը:

   Թռչունների հիւղակի շեմին, Սարքօ օձին է կանգ­նեցնում պահակը`Շէկօ անունով շունը.

   – Ինչո՞ւ ես եկել Սարքօ, այստեղ քո տեղը չի…

   – Լսիր, բարեկամ Շէկօ, թոյլ տուր ինձ մտնել ներս ու տեսնել թէ ինչպէս են այդպէս գեղեցիկ դայլայլում ծիծեռնակն ու սոխակը:

   – Դու ինձ ի՞նչ բարեկամ, Սարքօ, օձը ե՞րբ է բարե­կամ եղել, նոյնիսկ` օձը օձին բարեկամ չէ, էլ ո՞ւր մնաց ինձ կամ թռչուններին բարեկամ լինի: Եւ յե­տոյ, ի՞նչ պիտի տեսնես, տեսնես Ծիծեռնակի երգե՞լը:

   – Այո՜, Շէկօ ջան, այո, ես էլ եմ ուզում երգել…

   – Ախր երգելը քո բանը չի, դու միայն կարող ես սուլել, իսկ երգել` ոչ: Երգել, կանչել, աղաղակել, հաչել, ոռնալ, եւ այլն,- դրանք յատուկ են միայն քայլող կենդանիներին:

   – Բայց ես էլ եմ քայլում…

   – Դու չես քայլում Սարքօ, դու սողում ես, քո ամ­բողջ մարմինը հորիզոնական դիրքի վրայ է, եւ դու, հազիւ ես երբեմն-երբեմն գլուխդ բարձրացնում եւ արտաբերածդ ձայնն էլ` ֆշշոց կամ սուլոց է, դու ի՞նչպէս կարող ես երգել:

   – Գիտեմ, որ ես չեմ քայլում, բայց ուզում եմ երգել, ի՞նչ կը լինի, թող նայեմ թէ ինչպէս

է եր­գում Ծիծեռնակը: Այստեղ, դարպասի մօտից կը հետե­­ւեմ իրեն, գուցէ թէ կարենամ փոքր ինչ կապկել նրան:

   – Դէ լա~ւ, որ այդքան խնդրում ես, միեւնոյնն է, բան չի ստացուի, դու ո~ւր, Ծիծեռնակը ո~ւր…, ներս արի:

   Եւ այսպէս. Սարքոն դարպասի պռնկից, օրնիբուն, հմայուած նայում էր Ծիծեեռ­նակի թռիչքը, գեղեցիկ շարժումներին, լսում նրա` մէկը միւսից աւելի թո­վիչ, գեղ­գեղուն մեղեդիները: Ինքն էլ էր փորձում թռչել, սուրալ, գեղեցիկ ձայներ արտաբերել, բայց եղածը`  մի քանի պտոյտ էր ինքն իր շուրջը, իսկ եր­գե՞լ` բնաւ չէր ստացւում, բեր­նից դուրս սահած եր­կա­­րաւուն ու ոլորուն լեզուից հազի~ւ լսելի սուլոց էր լսւում:

   – Չէ~, ոչինչ չի ստացւում, ի՞նչ անեմ,- գանգատւում էր Սարքոն ընկերոջը` Փիքոյին, զայրոյթից էլ աւելի չռած աչքերը տարուբերելով աջ ու ձախ:

   – Ի՞նչ պիտի անես, եթէ չես կարողանում նմանուել Ծիծեռնակին, ուրեմն պիտի խայթես նրան, չէ՞ որ դա է մեր յատկութիւնը, մեր բնազդը, մեր պապերից մնացած, ժառանգած սովորութիւնը:

   – Այո՜, սիրելիդ իմ Փիքօ, դու ճիշդ ես, բայց ո՞նց մօտենամ Ծիծեռնակին: Նա անընդհատ օդում է, ոչ յաճախ է մտնում բոյնը` ձագուկներին կերակրելու, ի՞նչպէս մօտենամ նրան, այն էլ` սողալով…

   – Մի՜ մտածիր, եղբայր իմ, դու Շէկոյի հետ լեզու գտել ես, նա քեզ դարպասից ներս թողնում է, հո մշտապէս չի հսկելու վրադ: Կէսօրուայ էն տաք ժամերին ինքը հանգիստ մրափում է շուքի տակ: Դու առիթը կը գտնես Ծիծեռնակին խայթելու, սողալով կը հասնես նրա բնին` եւ…եւ` սիրտդ կը հովացնես:

     Սեփական անկարողութեան գիտակցութիւնից է՜լ աւելի թունոտ, նախանձոտ Սարքոն բազմաթիւ որո­գայթներ լարեց արգելք դառնալու համար Ծիծեռ­նա­կի թռիչքին ու քնքուշ երգեցողութեանը, մէկ`փակեց նրա բոյնի անցքը, մէկ` իր թոյնը թափեց անցք-դռան պռնկին, մէկ էլ` կոտրեց բոյնի ապակին: Այս ամէնը տեսնում էր անշուշտ Ծիծեռնակը ու խղճում ողոր­մելի Սարքոյին, որին կուրացրել էր նախանձը, նա ամէն ինչ անում էր խանգարելու համար իր` բնու­թիւ­նից տրուած թռչելու եւ երգելու կարողութիւնը:

   Պատահեց այնպէս, որ օրերից մի օր, բոյնը մտնե­լուց յետոյ, Ծիծեռնակը մոռացաւ փակել դուռ-անցքը: Ծիծեռնակին մշտապէս հսկողութեան տակ պահող Սարքոն նկատեց իր համար երանելի պահը: Շէկոն էլ հանգիստ քնած էր: Եւ այն է, Սարքոն պատրաստ­ւում էր մտնել Ծիծեռնակի բոյնը, վրայ հասաւ Շէկոն ու ծանր թաթը դրեց նրա գլխին:

   – Հը~…, դու կարծում էիր ես քնած եմ հա՞, ես մշտապէս հետեւել եմ քո արածներին, ու սպասում էի այս վայրկեանին, որպէսզի հա­մոզուեմ, որ դու չես կարող քո էութիւնից դուրս հանել Աստծոյ կողմից տրուած բնազդը: Դու բնու­թիւ­նից դատապարտուած ես սողալու եւ թոյնդ թա­փելու:

   Այս ասելով, Շէկոն բռնեց Սարքոյի վզից ու թափով նետեց դարպասից դուրս:

   -Այնտեղ` դրսում է քո տեղը, ուր կարող ես քեզ հա­մար սուլել, ֆշշացնել, թոյնդ

թափել, իսկ երգելը` քո բանը չի: Աստուած է ընտրում նրանց` երգիչներին,- ասաց Շէկոն ու ամուր փակեց դարպասը:

   … Այստեղ վերջանում է մեր հեքիաթը, եւ, ինչպէս բոլոր հեքիաթներում, երեք խնձոր է ընկնում երկնքից: Առաջինը հեքիաթի հեղինակի համար է, որը դեռ միամտօրէն հաւատում է, թէ ինչ որ մի օր, ինչ որ մի ժամանակ, ամէն մարդ իր տեղը կը գտնի կեանքում` իր կարողութեան սահմաններում:

   Քչերն են համոզուած ասում, որ մարդկային հա­սա­րա­կութիւնը հաւասար չէ եւ չի՜ կարող լինել: Ես այդ քչերի մէջ եմ` երկա~ր տարիների փորձառու­թեան վրայ հիմնուելով: Ամէն մարդ պէտք է հասկանայ, որ մեզանից ամէն մէկը տարբեր ձիրք ունի, տարբեր շնորհ եւ պիտի հասկանայ նաեւ թէ ինքը ինչ կարող է անել եւ ինչ` ոչ: Թէ չէ ինչի նման է, երբ հայերէն հազիւ խօսող մէկը դառնում է հաղոր­դա­վար: Երաժշտական ձայնանիշ ու միքրոֆոն չտե­սած մէկ ուրիշը` համբաւաւոր երգիչ: Երաժշտանո­ցը մի կերպ աւարտած մէկն էլ` երգչախմբի ղեկա­վար: Մէկ կամ մի քանի յօդուած մրոտողն էլ` գրող:

   Երկրորդ խնձորն էլ Ծիծեռնակի համար է, որ­պէսզի նա մշտապէս թեւածի երկնակամարում եւ իր հրաշալի ձայնով ու երգեցողութեամբ ջերմացնի մարդ­կանց հոգիները:

   Երրորդ խնձորը, որը փտած է, մեր խեղճուկրակ Սարքօ օձի համար է: Բնական է, նա չի ուտելու այն, եւ, թերեւս կարողանայ հասկանալ, որ բնութիւնը ինչ որ տուել է իրեն` դրանով պիտի գոհանայ, բաւա­րարուի:

   Կեանքի օրէնքն է. եթէ Աստուած քեզ տուել է սո­ղալու յատկութիւն, ուրեմն` սողա՜, թռչել, երգել կա­րո­ղացողն էլ` պիտի թռչի ու երգի:

 

 ՀԵՆՐՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

 

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ