Ուրբաթ, Ապրիլ 26, 2024

Շաբաթաթերթ

Խոնարհում Ի Յիշատակ Զոհուածներին

 Հայրենիքում տեղի ունեցած ցաւալի իրադարձութիւնները, բազմաթիւ զոհերը եւ պատերազմի պարտութիւնը մտահոգ հոգեվիճակ են առաջացրել մեր իւրաքանչիւրիս հոգում ներկայի եւ ապագայի նկատմամբ: Այս պայմաններում սիրտ չենք առնում մօտալուտ տօների խրախճանք կատարել, երբ նկատում ենք մեծ թուով զոհերի ընտանիքներ եւ ծնողներ սուգի են մատնուել իրենց սիրասուն զաւակների, ամուսինների եւ եղբայրների համար: Մեր խոնարհումն ենք բերում նրանց յաւերժական յիշատակի համար խունգ ու աղօթքով եւ փառք մեր ապրող հերոսներին: Նրանք գիտակցաբար պատերազմի ճակատ էին մեկնել հայրենիքը եւ ազգը պաշտպանելու համար: Հայրենիքի համար ամէն մի զոհ անմահ կեանքի է արժանանում եւ դառնում է սերունդների ներշնչման աղբիւր ի սէր հայրենեաց: Փոթորկայոյզ դարերից մինչ մեր օրերին հասած հայրենիքն ու հայութիւնը իրենց գոյութիւնը պարտական են այն բոլոր նահատակների սխրագործութիւններին , որոնք իրենց սրբազան արիւնն են հեղել հայրենեաց ամէն մի թիզ հողի վրայ, այդու ճշմարիտ մեկնաբանումը մեր  բանաստեղծների, որ հայրենիքի հողի վրայ քայլելիս զգոյշ պիտի քայլել, որովհետեւ այն սրբագործուած է մեր հերոսների արեամբ, իսկ դատապարտելի, դաւաճանութիւն է հայրենի որեւէ մի հատուած առանց պաշտպանութեան թողնել օտարին:

Ընթացիկ տարուայ սեպտեմբերի 27-ից մինչեւ Նոյեմբերի 9-ը շարունակուող պատերազմը վառ յոյսեր էր ներշնչել մեր սրտերում իշխանութեան ամէն մի րոպէ հնչեցրած՝ «յաղթելու ենք» եւ «յաղթում ենք», շարունակ կրկնուող ասոյթները, սակայն հաղորդումները լսողաց բարձր հոգեվիճակը յեղակարծ անկում ունեցաւ, ուրախութեան սիրտ ու հոգին թախիծով համակեց, երբ տեղեկացաւ թաքուն պայմանագրի եռեակ ստորագրութիւնը Արցախի տարածքների յանձնման հաղորդագրութիւնը:

Արդարեւ յոյսերի անկում ապաշնորհ իշխանութեան անհեռատես մութ, կասկածելի եւ ծածուկ ծրագրերով աններելի, խայտառակ խարան փակցրեց հայ ժողովրդի ճակատին յանձնած լինելով մեր հողերը թշնամուն եւ հազարաւոր խոստումնալից երիտասարդների զոհաբերութեան պատճառ դառնալով:

Հայրենի գրող՝ Անդրանիկ Կարապետեանը առաւել տեղեկացուած գրում է՝ «Միթէ՞ առաջին օրերից չէր  երեւում մեր փլուզուած այսօրուայ ուրուագիծը… Միթէ՞ չգիտէինք, որ ով ինչ չունի՝ դրանով է պարծենում. ողորմելին իր  հպարտութեամբ, վախկոտն իր «դուխով», պարտուելու եկածն իր յաղթելու դիֆերամբներով (չափազանցուած սուտերով, գովեստներով…)… Մենք խաբեցինք ինքներս մեզ, մենք խաբուեցինք մեր ձեռքով մեզ պարտադրած հրէշին…»:

 Սակայն այսպէս ընկճուած հոգեբանութեամբ չի կարելի շարունակել, պէտք չէ այդ ֆոնի ներքոյ անգործութեան ու մոլորուածութեան մատնուել, ուշքի գալ եւ սթափ մտածել հայրենիքի պաշտպանութեան համար, որը ենթակայ է ամէն մի անփոխարինելի կորստի: Ուժերը միատեղել եւ հայրենասիրութեամբ եւ ազգային ոգով  հայրենիքը ճգնաժամից դէպի խաղաղութիւն եւ տիրապետում գործընթացներին առաջնորդել:

Սանլանտ, Լոս Անճելըս

 Ռ. ԿՈՐԻՒՆ

 

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ