Ուրբաթ, Մարտ 29, 2024

Շաբաթաթերթ

Դեսպան Բայբուրդեանը Հանդիպեց Սան Դիեգոյի Նոր Քաղաքապետի Հետ

Մայիսի 5ին Լոս Անջելեսում Հայաստանի գլխաւոր հիւպատոս, արտակարգ եւ լիազօր դեսպան Արմէն Բայբուրդեանը հանդիպեց Սան Դիեգոյի նոր քաղաքապետ Թոդ Գլորիայի հետ: Հեռավար հանդիպմանը մասնակցում էր նաեւ քաղաքի միջազգային յարաբերութիւնների հարցերով տնօրէն Ռիտա Ֆերնանդեսը:

Դեսպան Բայբուրդեանը սկսեց զրոյցը շնորհաւորելով Գլորիային Սան Դիեգոյի քաղաքապետի պատասխանատու պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին համագործակցութեան հեռանկարներն ու փոխադարձ հետաքրքրութեան ոլորտները: Հնարաւոր համագործակցութեան մի քանի ծրագրեր ուրուագծուեցին որպէս առաջնահերթութիւն:

Բայբուրդեանը նշեց, որ Սան Դիեգոյում է բնակւում մօտաւորապէս եօթ հազար հայ: Ընդ որում, այդ թիւն աստիճանաբար մեծանում է` կապուած ազգութեամբ հայերի ` դէպի Սան Դիեգօ նկատուող տեղաշարժի հետ: Հիւպատոսը գոհունակութեամբ յայտնեց նաեւ, որ Հոկտեմբերի 15ին նախատեսուած է հայկական եկեղեցու` Ս․ Յովհաննէս Կարապետի բացումը եւ կարեւորեց քաղաքապետ Գլորիայի բացմանը ներկայ լինելու հանգամանքը: Սիրով հաստատելով իր մասնակցութիւնը նորակառոյց հայկական եկեղեցու բացմանը, քաղաքապետ Գլորիան իր հերթին հիւպատոս Բայբուրդեանին հրաւիրեց Սան Դիեգօ` տեղում հետամուտ լինելու քննարկուած հարցերին եւ պայմանաւորուածութիւններին:

Սան Դիեգոն Միացեալ Նահանգների՝ մեծութեամբ ութերորդ քաղաքն է` 1 միլիոն եւ 450 հազար բնակչութեամբ: Քաղաքը դաշնային կառավարութեան կողմից ճանաչուած է օտարերկրեայ առեւտրի գօտի: Սան Դիեգոյում է գտնւում աշխարհի ամենաաշխոյժ միջազգային սահմանային անցումը` Մեքսիկայի Թիխուանա քաղաքի հետ:

Քաղաքապետ Գլորիան պաշտօնը ստանձնել է 2020ի Դեկտեմբերին: 2016 թուականից եղել է Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ: Դեմոկրատական կուսակցութեան անդամ է:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ