Մայիսի 7-ին տեղի ունեցաւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան թեմի 94-րդ Պատգամաւորական ընդհանուր ժողովը, նախագահութեամբ թեմի Բարեխնամ Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի։ Առաջին անգամը լինելով՝ այն անցաւ առցանց դրոյթով։ Մասնակիցները նախ յարգեցին 44-օրեայ պատերազմի զոհերի, նաեւ նախորդ տարի վախճանուած Արմէն Համբարի ու Չարլզ Թադէոսեանի յիշատակը։
Տիար Վարուժան Ալթըպարմաքեանի ատենապետութեամբ եւ Տիար Վահրամ Բիրիջիքի փոխատենապետութեամբ ու Տէր Սարգիս Քհնյ. Պետոյեանի քարտուղարութեամբ ժողովի սկզբում նախ Առաջնորդ Սրբազանը ներկայացրեց օրուայ խորհուրդը՝ Աստծոյ հոգեւոր հացը բաշխելու մասին, եւ մաղթեց, որ, չնայած համավարակի ու Արցախեան պատերազմի բերած բարդութիւններին, Պատգամաւորական ժողովը հոգեւոր վերածնունդի առիթ դառնայ։
Իր տարեկան զեկոյցը ներկայացնելիս Առաջնորդ Սրբազանը խօսեց ի մասնաւորի համավարակից տուժածների համար մարդասիրական օգնութիւն կազմակերպելու, Արցախում տեղահանուածների սոցիալական օժանդակութեան եւ այլ բարենպաստ ծրագրերի մասին, որոք, ըստ Յովնան Սրբազանի, շարունակական են լինելու։ «Մենք պարտաւոր ենք կեանքը լեցնել աստուածային սիրով ու մեր Տիրոջ խաղաղութեան պատգամով։ Այդ պարագայում կարող կը լինենք ստեղծել ու զարգացնել կենդանի, ծաղկող եկեղեցի», ասաց Առաջնորդ Սրբազանը։ Նա շնորհակալութիւն յայտնեց Տ. Վազգէն Քհնյ. Մովսիսեանին, որ արժանացել է «Արեւմտեան թեմի տարուայ հոգեւորական» կոչումին։
Յովնան Արքեպիսկոպոսը ժողովի մասնակիցներին տեղեկացրեց Սան Տիեկոյի եւ Սաքրամենթոյի նոր եկեղեցիների կառուցման ընթացքի մասին, ինչպէս նաեւ մի շարք համայնքներում, ինչպէս օրինակ՝ Գոսթա Մեսայի Ս. Մարիամ Աստուածածին, Կրեսցենտա հովտի Ս. Առաքելոց, Արիզոնայի Ս. Աբգար, Փասատենայի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիների նոր կառուցապատումների մասին։ Ու չնայած համավարակի բերած սահմանափակումներին, հաւատաւոր հայորդիները հնարաւորութիւն են ունեցել հոգեւոր արարողութիւններին հետեւելու նաեւ առցանց։
Իր հաշուետուութեան մէջ Առաջնորդ Սրբազանը խօսեց նաեւ քահանայական թեկնածուներ պատրաստելու, խնամակալութեան ծրագրի, Ս. Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգութեան նուիրահաւաքի ընթացքի մասին։ Վերջինիս յանձնաժողովի ատենապետն է Յովնան Սրբազանը, եւ այդ առաքելութեան համար անցնող երկու տարիներին բազմաթիւ ուղեւորութիւններ է կատարել տարբեր թեմեր աշխարհով մէկ։ Բարձր գնահատուեց նաեւ թեմական մարմինների անդամների աշխատանքն ու նուիրուածութիւնը՝ չնայած առկայ տարատեսակ դժուարութիւններին։
Իր զեկոյցի եզրափակիչ մասում Առաջնորդ Սրբազանը շնորհակալութիւն յայտնեց նախ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին իր հայրական խնամքի համար, թեմի հոգեւորականաց դասին՝ անձնուիրաբար Տիրոջ հոտին ծառայելու համար, Թեմական խորհրդի ատենապետ դատաւոր Ադրիեն Գրիգորեանին եւ Պատգամաւորական ժողովի ատենապետ Տոքթ. Վարուժան Ալթըպարմաքեանին, որ երկար տարիներ Արեւմտեան թեմի հենասիւներից են եղել։ Շնորհակալութեան խօսքեր ասուեցին Առաջնորդարանի տնօրէն Յարութ Սրկ. Մարգարեանին նուիրեալ եւ վստահելի աշխատանքի համար ու ողջ անձնակազմին, Ս. Ղեւոնդեանց Մայր Տաճարի հոգեւոր հովիւ Տ. Խաժակ Քհնյ. Շահբազեանին, թեմի բարերարներին ու նուիրատուներին։ «Իմ յոյսը քեզ վրայ դրեցի, Տէր, եւ երբեք պիտի չամաչեմ», Սաղմոսի այս խօսքով իր զեկոյցն աւարտեց Յովնան Արքեպիսկոպոսը։
Այնուհետեւ կայացան Թեմական խորհուրդի ընտրութիւններ եւ Թեմական խորհրդի նոր կազմը ներկայանում է հետեւեալ անձերով.
- Դերիկ Ղուկասեան (նախագահ)
- Վահէ Սքենդերեան (փոխնախագահ)
- Արա Տէր Սարգսեան (գանձապահ)
- Սիլվա Խաչիկեան
- Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտեան
- Տ. Սերովբէ Քհնյ. Ալանճեան
- Տ. Մեսրոպ Քհնյ. Աշ
- Տ. Վազգէն Քհնյ. Բոյաջեան
- Տ. Կոմիտաս Քհնյ. Զոհրաբեան
- Ալեքսեյ Սրկ. Եսիպով
- Մայքլ Միսակեան
- Վարդան Նազիրեան
- Մարթա Դաքէսեան
- Պամելա Աբաջի
- Րաֆֆի Յակոբեան։