Հինգշաբթի, Դեկտեմբեր 12, 2024

Շաբաթաթերթ

Արկածային Երկու Պատմութիւն

Ա. Ես Մահուդի Գործարանի Բանուոր

Բ. Ինստիտուտ Ընդունուելու Փորձ

ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ

Ա… Մինչ այս, մինչ այն, ես որոշեցի այդ տարի Համալսարան ընդունուելու դիմում չներկայացնել: Մինչեւ բանակ գնալու տարիքիս հասնելը դեռ երկու տարի կար: Ոչ մի արտառոց բան չէր պատահի, եթէ ես մի տարի ուշ ընդունուէի  համալսարան, կամ որեւէ այլ բարձրագոյն ուսումնական հաստատութիւն: Ինձ անհրաժեշտ էր կտրուել իրականութիւնից, ու մի տեղ աշխատանքի անցնել` փորձելով մոռա­նալ երաժիշտ դառնալու երազանքը:

   Մեր բարեկամի միջնորդութեան շնորհիւ աշխատանքի անցայ Երեւանի Մահուդի գործարանում: Այն գտնւում էր երեւանցիներին ծանօթ Կաուչուկի Առաջին մասում, Հոկտեմբեր կինոթատրոնից ներքեւ, հին օդակայան գնալու ճանապարհին, Ծխախոտի գործարանի հարեւանութեամբ:

   Որպէս նոր աշխատողի, ես դատապարտուած էի աշխատել միայն գիշերային հերթափոխին: Իմ բարեկամն էլ չկարողացաւ ինձ տեղափոխել տալ առաջին կամ երկրորդ հերթափոխ:

   Հսկայական ճանապարհ էի կտրում աշխատանքիս վայրը հասնելու համար, եւ այն էլ` դանդաղաշարժ տրամվայով: Տնից դուրս էի գալիս երեկոյեան ժամը վեցին` ժամը ութին շարունակելու համար ինձ սպասող նախորդ աշխատողի կիսատ թողած գործը:

   Եղաւ այնպէս, որ ձմեռուայ ցուրտ օրերից մէկի ժամանակ, սառած մարմինս քիչ-միչ տաքացնելու միտումով, նստել էի պատի տակ` յատակի տակով անցնող ջեռուցման խողովակի միջոցով ջերմութիւն ստանալու համար: Ես նոյնիսկ մէկ վայրկեան իսկ իրաւունք չունէի հեռանալ ահռելի մեքենայից, որի գլանների վրայով երեք մետր լայնութեամբ բարձրարժէք դրապ տեսակի հաստ կերպասը գլանների վրայ պտտուելու շնորհիւ մազակալուում էր: Ուշա­դիր չլինելու դէպքում, կերպասը կարող էր թեքուել աջ կամ ձախ, որի պատճառով կերպասը կը պատռուէր:

   Յատակի տակի  ջերմութեան ազդեցութեան տակ, գիշերուայ ժամը երկուսի-երե­քի արանքում, չգիտեմ քանի րոպէ ննջել էի: Զարթնեցի մեքենայի աշխարհ խլացնող վթարային ազդանշանից, որի ձայնը տարածւում էր ամբողջ գործարանով մէկ: Մի քանի վայրկեանում, աչքից հեռու, «աշխարհից կտրուած» մի անկիւնում տեղադրուած իմ մեքենայի շուրջը բոլորուեցին ինձ ծանօթ-անծանօթ աշխատողներ:

   Պարզուեց որ մի քանի տասնեակ մետր թանկարժէք կերպաս փչացել էր ու գործածութեան համար դարձել ոչ պիտանի: Ես ամօթից չգիտէի ինչ անել, մանաւանդ որ, մեր բարեկամի միջնորդութեամբ էի աշխատանքի ընդունուել: Խեղճ մարդը գլուխը կախ, առանց ինձ մի բառ ասելու,  գնաց իր արտադրամասը:

     Ինձ մնում  էր անձայն, առանց  խօսքի թողնել  ու հեռանալ  գործարանից` բախտի

քմա­հաճոյքին թողնելով իմ յետագայ ճակատագիրը:

   Բայց ո՞ւր գնալ այդ ուշ ժամին, այդ սառնամանիքին, երբ ոչ մի փոխադրամիջոց չկար: :Առաւօտեան ժամը չորսի մօտերքն էր, երբ դուրս եկայ գործարանից: Ինձ անհրա­ժեշտ էր մի տաքուկ տեղ գտնել մինչեւ քաղաքային տրամվայի աշխատանքային օրն սկսելը: Ահաւոր սառնամանիքը ոսկորներիս էր հասել, ոտքերս փայ­տա­ցել էին: Հագիս վերարկուն էլ հնամաշ, գնել էինք հենց մեր բարեկամից, որն ինձ աշխատանքի էր տեղաւորել:

   Ահաւոր ցրտից սրթսրթալով, քայլերս ուղղեցի Մահուդի գործարանի հարեւանութեամբ գտնուող ծխախոտի գործարան: Երկաթեայ ցանկապատին մի քանի հարուած  տալով` գրաւեցի պահակի ուշադրութիւնը, որը մի քանի «քաղցր» խօսք ասելով մօտեցաւ դարպասին:

   – Տղայ ջա~ն, էս ինչ ես շուխուր (անտեղի աղմուկ) անում, ի՞նչ ես ուզում, էս ժամին ի՞նչ ես անում էստեղ:

   – Հայրիկ ջան,- ասացի,- ես Մահուդի ֆաբրիկայից եմ: Դուրս եմ եկել աշխատանքից, տուն եմ գնալու, բայց էս ժամին տրանսպորտ չկայ, թոյլ կը տա՞ս մի քիչ տաքանամ քո պահակակէտում:

   – Էդ ինչի՞ ես դուրս եկել, էն էլ էս ժամին, էս սառնամանիքին:

   – Երկար պատմութիւն է հայրիկ ջան, թող ներս գամ, կը պատմեմ:

   Երանոս էր այդ բարի մարդու անունը: Նա իսկական հօր նման ինձ պատսպարեց իր տաք օճախում, ու դեռ տաք թէյով էլ հիւրասիրեց: Երկու ժամը լիուլի բաւարարեց ինձ վերագտնելու համար: Զրուցեցինք դէսից-դէնից: Աշխարհ տեսած մարդ էր: Որպէս խոստովանահօրի` նրա առջեւ բացեցի իմ դառն մանկութեան, երազների, նպատակների մասին: Իմ ողջ պատմութեան ընթացքում բնաւ չ՚ ընդհատեց ինձ, միայն հրաժեշտ տալիս ասաց.

     – Ինչպէս տեսնում եմ բալես, դու յուսահատուողներից չես, դու կը հասնես քո նպատակին, միայն թէ ինձ չմոռանաս հրաւիրել քո առաջին համերգին:

Բ. ԻՆՍՏԻՏՈՒՏ ԸՆԴՈՒՆՈՒԵԼՈՒ ՓՈՐՁ

   …Մօտենում էր  1955-ի գարունը: Հիանալի տեսարան էր բացուել Պուշկինի այգում: Աջ ու ձախ աշխատում էին բանուորները, կտրարում, ձեւի էին բերում ծառերը Առաջուայ նման, արդէն ոչ շատ յաճախ, ընկերներով հաւաքուում էինք մեր այգում: Մեր խմբի Զաւէնն արդէն համալսարանի երկրորդ կուրսում էր սովորում: Լիլիթը իններորդ դասարանն էր աւարտելու: Ժիրիկը դիմելու էր Համալսարան: Իմ վիճակն էր անորոշ: Ինքնակամ հեռացել էի գործարանից: Լաւ էր, որ գործ «չսարքեցին» ինձ վրայ: Հաւանաբար բաւարարուեցին այդ ամսուայ աշխատավարձը չվճարելով:

   Իմ վիճակն էր անորոշ: Ահրաժեշտ էր պարապել գէթ Համալսարան ընդունուելու համար, որպէսզի բանակ չգնամ: Սարսափելի էր մտածել բանակ գնալու մասին: Երեք տարի` վասն ոչինչի կորցնելն ինձ համար չէր: Ես պարտաւոր էի որոշում կայացնել:

   Այսպէս կամ այնպէս, սրտիս ամէնամօտ մասնագիտութիւնը ժուռնալիստ, լրագրող

դառնալն էր  Հայրիկս, թէեւ շատ մտերիմ բարեկամներ ունէր ինձ օգնելու համար, սա

կայն նա այն մարդը չէր, որպէսզի ինչ որ մէկին խնդրէր ինձ օգնել ընդունելութեան քննութիւնների ժամանակ: Մայրս խառնուեց գործին ու մի օր դիմեց հայրիկիս:

   – Յակոբ, ինչո՞ւ չես զբաղւում Հենրիկի հարցով, այդքան ընկերներ ունես Համալսարանում, վստահ եմ, քննական յանձնաժողովի մէջ էլ ընկերներ կան:

   – Ունեմ, այո, ունեմ  Վէրժին, սակայն անիմաստ է Հենրիկին օգնելը, նա համալսարամ էլ ընդունուի, միեւնոյնն է` չի սովորելու: Նրա ուղեղը միայն երաժշտութեամբ է լցուած, ճիշդ չե՞մ ասում տղաս,- շրջուելով իմ կողմը աւելացրեց իմ աննման հայրիկը:

   –  Ի՞նչ ասեմ հայրիկ, ինչպէս միշտ` դուք էք ճիշդ,- կատակի տալով փորձեցի կասեցնել երկխօսութիւնը:

   – Անշո՞ւշտ ճիշդ եմ:

   –  Հայրիկ, այո, սիրում եմ գրականութիւնը, գիտես, յօդուածներ էլ եմ գրում, տպագրւում, հոնորար ստանում, բայց, ինչպէս քիչ առաջ ասացիր` ուղեղս երաժշտութեամբ է լցուած: իսկապէս  ես պէտք է մի տեղ սովորեմ, որպէսզի բանակ չտա­նեն:

   – Լսիր Յակոբ,- ասաց մայրս,- դու Արսէնի համար ամէն ինչ արեցիր: Ընդունել տուիր Մանկավարժական ինստիտուտ, իսկ հիմա էլ` ամէն ինչ անում ես, որպէսզի աշխատանքի տեղաւորես Մատենադարանում: Ինչո՞ւ չես օգնում Հենրիկին:

   – Այլեւս չեմ ուզում խօսել այդ նիւթի շուրջ ՎԷրժին: Հենրիկն ու Արսէնը տարբեր են: Հեն­րիկը գիտի ինչպէս իր գործերը կարգաւորել: Ես վստահ եմ, նա սխալ բան չի անի:

    Հազիւ մէկ-երկու շաբաթ անց, մեր տուն եկաւ մի անծանօթ տղամարդ, որը շատ պատահականօրէն ծանօթացել էր մայրիկիս հետ` մեր հարեւան Վահրամենց տանը:

  – Համեցէք, համեցէք ընկեր Սուքիսսեան,- դրան զանգը լսելուց ու դուռը բացելուց յետոյ մայրս ներս հրաւիրեց անծանօթ տղամարդուն:

   – Խնդրեմ, նստեցէք,- Հենրիկ գնայ պապային կանչիր,- ասաց մայրս:

   Հայրիկս նկատելի դժկամութեամբ մտաւ սենեակ: Հաւանաբար մայրս նախապէս ասել էր այս անծանօթ այցելուի մասին:

   – Լսում ենք ձեզ ընկեր Սուքիասեան, Հենրիկը տեղեակ չէ թէ դուք ով էք եւ թէ ինչու էք այստեղ, խնդրեմ ասացէք թէ ինչումն է հարցը,- ասաց հայրիկս:

   – Ի՞նչ ասեմ, դուք, ինչ է, տեղեակ չէ՞ք պահել ձեր որդուն թէ ինչի համար եմ եկել:

   – Ո՜չ, չենք ասել, որովհետեւ իմ սկզբունքներին դէմ է այն ամէնը, ինչ որ դուք կնոջս հետ պատրաստւում էք իրականացնել:,- կծու, խայթող երանգ դնելով ասածի մէջ` ասաց հայրս:

   – Դէ լա~ւ, ստիպուած եմ կրկնել այն ամէնը,  ինչ որ ասել եմ ձեր տիկնոջը: Հենրիկ, ես աշխա­տում եմ Գիւղատնտեսական ինստիտուտում եւ հնարաւորութիւն ունեմ օգնել քեզ, որպէսզի դու ինստիտուտ ընդունուես. Ի՞նչ ես ասում:

   – Բայց ես…, ես ի՞նչ պիտի անեմ ձեր ինստիտուտում, ես չեմ սիրում ձեր ինստիտուտը: Եւ յետոյ, ես չափազանց հեռու եմ գիւղատնտեսութիւնից:

   – Ինչ անել չ՚ անելու մասին չէ խօսքը, դու պիտի բարձրագոյն կրթութիւն ստանաս տղաս, բացի դրանից դու կ՚ ազատուես բանակից,- միջամտեց մայրս:

   – Բայց ես չեմ կարող քննութիւնները յանձնել, որքան որ գիտեմ քննութիւն եմ տալու քիմիայից եւ ֆիզիկայից: Ես այդ առարկաներից ոչինչ չգիտեմ:

   – Դու մի անհանգստանայ,- ասում է Սուքիասեանը,- ես ամէն ինչ կը կարգադրեմ, քննող դասախօսին քո անունը կը տաս` եւ վերջ: Նա անհրաժեշտ նիշը կը դնի գրքոյկիդ մէջ, դու միայն հանգիստ կը պահես քեզ,- բաւականին համոզիչ տոնով ասաց նա:

   Դեռ  ընդհանուր յայտարարի չ՚ եկած, հայրիկս  թողեց  մեզ ու գնաց իր  աշխատասենեակը:

Նման կարգի խօսակցութիւններն ու գործարքները խորթ էին նրա բնաւորութեանն ու խառնուածքին:

   Սուքիասեանն ու մայրս  ընդհանուր յայտարարի եկան: Մինչեւ իմ ինստիտուտ ընդունուելը մեզ որեւէ պարտաւորութեան տակ չէր դնում պարոնը:

   – Հենրիկի ինստիտուտ ընդունուելուց յետոյ, ես կը գամ եւ կը վերցնեմ ինձ հասանելիք գումարը,- ասաց Սուքիասեանը եւ անմիջապէս հեռացաւ մեր տնից:

   Առաջին քննութիւնը քիմիա առարկայից էր:

   – Գրքոյքդ դիր սեղանին եւ վերցրու հարցաթերթիկդ,- ասաց քննող դասախօսը:

    Զարմանքից անակնկալի եկայ ու անմիջապէս հասկացայ որ, ինչ որ մի բան  իր տեղում չէ: Ես չգիտէի ինչ անել: Մէկ վայրկեանում հաւաքեցի ինձ ու կամացուկ, որպէսզի շուրջինները չլսեն, ասացի.

   – Ես Հենրիկն եմ, Հենրիկ Անասեանը, ձեզ…ձեզ…

   – Տղայ ջան, բնաւ կարեւոր չէ թէ դու  ով ես, հարցաթերթիկդ վերցրու եւ նստիր: Պատրաստուիր պատասխանելու,- խորհրդաւոր, երկիմաստ ժպիտը դէմքին` ասաց դասախօսը:

   Ես ողորմելի վիճակում էի, ակամայ, ոտքի վրայ բացեցի քննաթերթիկը, որի մէջ եղած երեք հարցերից եւ ոչ մէկը ինձ ծանօթ չէր: Ի՞նչ անել, յստակ էր, որ ես անբաւարար էի  ստանալու: Մէկ վայրկեանում որոշեցի անելիքս: Սեղանի վրայից վերցրի գրքոյկս ու արագօրէն , գրեթէ վազելով  դուրս թռայ քննասենեակից: Հանգիստս գտայ ինստիտուտին յարակից փոքր այգում, Յունան Աւետիսեանի արձանի մօտ տեղադրուած նստարանին:

   Ընդունելութեան առաջին իսկ քննութիւնից պարզ դարձաւ, որ մենք գործ ունենք խաբեբայ, պատահականութեան վրայ յոյս դնելով միամիտ մարդկանցից դրամ կորզելու փաստի հետ:

   Սուքիասեանը երեւաց  յաջորդ օրը` իմանալու համար թէ ինչպէս եմ «յանձնել» քննութիւնը: Երբ իմացաւ եղելութիւնը` առանց բացատրութիւն տալու, բացայայտ կերպով փախաւ մեր տանից: Յստակ էր, որ նա յոյսը դրել էր բախտի վրայ: Եթէ ինձ յաջողուէր ինստիտուտ ընդունուել` նա իրեն էր վերագրելու իմ յաջողութիւնը եւ պիտի կարողանար կորզել մայրիկիս հետ  նախապէս պայմանաւորուած գումարը:

    Յետագայում ճշդուեց, որ նա շատ սովորական խաբեբայ էր եւ բնաւ կապ չ՚ ունէր որեւէ ուսումնական հաստատութեան հետ: Նա նման արկածախնդրութեան էր ենթարկել  այլ բազմաթիւ ընտանիքների եւս:

   Ընթերցողի մօտ կարող է հարց առաջանալ, թէ ինչո՞ւ էր այդ ստահակ Սուքիասեանը իր զոհերին գայթակղելու համար յատկապէս ընտրել Երեւանի Գիւղատնտեսական ինստիտուտը: Որովհետեւ այդ ուսումնական հաստատութիւնում դիմորդների մրցակցութիւն չկայ եւ միջակ գնահատականներով  անգամ կարելի է  ընդունուել այդ ինստիտուտը: Եթէ նրա տասը զոհե­րից երկուսն էլ ընդունուէին,  մեր հերոսը իրեն վերագրելով նրանց յաղթանակը, բաւական դրամ կը շորթի նրանցից:

   Այս տհաճ պատմութեան մէջ ամէնացաւալին այն էր, որ ես որեւէ այլ ուսումնական հաստատութիւն չէի կարող դիմում ներկայացնել: Բոլոր ուսումնական հաստատութիւններում ընդունելութեան քննութիւնները սկսւում եւ աւարտւում էին միաժամանակ:

   Նշանակում է, ես դարձեալ պարտաւորուած էի մէկ տարի եւս սպասել ինստիտուտ ընդուն­ուելու համար: Եթէ յաջորդ տարի էլ ինստիտուտ չ՚ ընդունուէի` սովետական բանակ էի զօրակոչուելու:

ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ