Ուրբաթ, Ապրիլ 19, 2024

Շաբաթաթերթ

Գարեգին Բ. «Տարեմուտը հրաւէր է նորոգութեան, վերափոխուելու, հրաժարուելու անցեալի սխալներից ու բացթողումներից»

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ. ՆԵՐՍԻՍԵԱՆ

«Տարեմուտը հրաւէր է նորոգութեան, վերափոխուելու, հրաժարուելու անցեալի սխալներից ու բացթողումներից: Մեր յորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնէական սիրով, հայրենաշէն ջանքերով, մեր երկրում կայունութեան պահպանման և օրինականութեան ամրապնդման նախանձախնդրութեամբ մասնակցութիւն բերենք մեր պետական ու հասարակական կեանքի զօրացմանը և ի սփիւռս աշխարհի մեր ազգային և եկեղեցական անդաստանի շէնացմանը: Ծառայենք միմիանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնեալ կեանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում յոյսեր ունի իրագործելու: Օգնական լինենք նեղեալներին և կարօտեալներին: Միմիանց հանդէպ սէրը, բարի նպատակն ու գործը Աստուած անտես չի անում: Յանձնառութեան այս ոգով դիմաւորենք 2017 թուականը»:

«Համայն հայոց հոգևոր նուիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից Մեր աղօթքն ենք բարձրացնում, որ Աստուած օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կեանքը ի սփիւռս աշխարհի, անվտանգ ու անյաղթ պահպանի մեր բանակի զինուորներին ու սպաներին, օրհնի յիշատակը հայրենիքի համար զոհուած Մեր քաջարի զաւակների և ամուր ու անխաթար պահի խաղաղութիւնը մեր երկրի սահմաններին: Խաղաղութիւն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղութիւն՝ Մերձաւոր Արևելքին, Սիրիային, Իրաքին: …Պահպանէք ձեր հաւատքը, պահպանէք ձեր հայրենասէր, ազգանուէր ոգին, հոգ տարէք միմիանց, հոգացէք յաւիտենական կեանքի համար, որ ունենք Յիսուս Քրիստոսով: Մաղթում ենք բարի, օրհնեալ տարի բոլորիդ»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ

«Թո՛ղ մեր յիշողութեան մէջ 2016 թուականը մնայ որպէս ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ և ողջ աշխարհին ևս մէկ անգամ ապացուցեցինք, թէ ինչ ասել է ազգային ոգի, ազատութեան և հայրենիքի համար պայքարելու կամք»:
«Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի՝ աւելի ուժեղ և աւելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան»:
«Նոր տարի ենք մտնում լուրջ և իրատեսական ծրագրերով: Հետևողական և լայնածաւալ փոփոխութիւնների դրական արդիւնքները թէ՛ տնտեսութեան, թէ՛ այլ ոլորտներում մօտ ապագայում զգալու ենք բոլորս: Հաւատում եմ, որ նոր կառավարութեանը դա յաջողուելու է, և դա լինելու է բոլորիս յաջողութիւնը»:
«Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թուականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրութիւնները»:
«Ամանորի տօնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղութիւնը: Նաև ոգեկոչում ենք 2016 թուականին ու դրանից առաջ և յետոյ անմահացած զինուորների և սպաների յիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին»:
«Նաև առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախության սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները»:

ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՕ ՍԱՀԱԿԵԱՆ

«Հայրենիքը պաշտպանելիս ծնուեցին նոր հերոսներ, ում անունները ոսկէ տառերով փորագրուեցին մեր ժողովրդի պատմութեան մէջ: Նրանց անձնուիրութիւնն ու հայրենասիրութիւնը միշտ ընդօրինակման ու ոգեշնչման աղբիւր կը լինեն ներկայ և ապագայ սերունդների համար: Յաւե՜րժ փառք ու պատիւ մեր բոլոր նահատակներին: Թող նրանց ընտանիքներում այսույետ միշտ տիրի միայն ուրախութիւն ու բարօրութիւն, թող նրանց երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ և իրենց հայրերի երազած ազատ, անկախ ու զարգացած հայրենիքում»:

«2017 թուականը մեր ժողովրդի և պետութեան համար յագեցած է լինելու կարևոր իրադարձութիւններով: Ազգովի տօնելու ենք մեր բանակի կազմաւորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը՝ յաղթանակներ, որոնք շրջադարձային եղան Արցախի կեանքում և մեծ խորհուրդ են պարունակում իրենց մէջ»:

«Սիրելի՛ արցախցիներ,

Այս ջերմ ու տօնական օրը նախևառաջ ուզում եմ ի սրտէ շնորհաւորել պաշտպանութեան բանակի ողջ անձնակազմին, այն քաջ տղաներին, ովքեր խրամատներում կը դիմաւորեն Ամանորը` աչալուրջ հսկելով մեր ժողովրդի անդորրը: Թող մեր զինուորները պատուով իրականացնեն իրենց ծառայութիւնը և ողջ ու առողջ վերադառնան տուն:

Շնորհաւորում եմ մեր բոլոր հայրենակիցներին, ողջ հայ ժողովրդին և մաղթում խաղաղութիւն, քաջառողջութիւն ու բարեկեցութիւն: Թող 2017 թուականը լինի նուիրական իղձերի և նպատակների իրականացման տարի Արցախի իւրաքանչիւր ընտանիքի համար»:

 

ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԷՆ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ
«Խոստանում եմ ձեզ, որ կառավարութիւնը, իմ թիմակիցները օր ու գիշեր անմնացորդ աշխատելու են, որպէսզի մաքսիմալ իրագործուեն բոլոր այն նախաձեռնութիւններն ու ծրագրերը, որոնք անհրաժեշտ են մեր ժողովրդին: 
Մի բան յստակ գիտեմ, որ այդ ամէնը մե՛նք անելու ենք, և դրա համար անհրաժեշտ է իւրաքանչիւրիս ցանկութիւնը, կամքը և լաւատեսութիւնը»:

Առջևում մեզ ծանր աշխատանք է սպասւում: Խնդրում եմ ձեզ չկասկածե՛լ, որ մեր ձգտումների մէջ մենք անկեղծ ենք, և գնալու ենք մինչև վերջ: Մեր ժողովուրդը միշտ արդարամիտ է: Մենք էլ մեր հերթին պատրաստ ենք լսել իւրաքանչիւր քննադատութիւն և խորհուրդ: Պատրաստ ենք ձեզ հետ միասին ամէն օր մի քայլ անելով, մի քար դնելով հաստատակամ շարժուենք առաջ: 
Իմ ամենամեծ բարեմաղթանքը և ցանկութիւնն է, որ նոր տարուց սկսած ապագային նայենք աւելի վստահ և համարձակ»։

Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը
ՅԱՐԱԿԻՑ ՅՈԴՈՒԱԾՆԵՐ

ՆՈՐ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ